ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

"ՀԱՅԱՑՔ"-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է. Կդառնա՞ արդյոք Թուրքիան միջուկային տերություն

 
Նարեկ Մինասյան
"Հայացք" կիրառական քաղաքականության
և հետազոտությունների վերլուծական
կենտրոնի փորձագետ


      Վերջերս գերմանական հայտնի Die Welt պարբերականը հրապարակել էր հոդված, համաձայն որի՝ Գերմանիայի հետախուզական ծառայությունը` Bundesnachrichtendienst-ը (BND), ունի անուղղակի ապացույցներ, որ Թուրքիայի իշխանությունները ցանկանում են զինել սեփական բանակը միջուկային զենքով: Հոդվածում բերվում են մի շարք հիմնավորումներ, մասնավորապես Թուրքիայի վերջին տարիներին ձեռնարկած խոշոր քայլերը ատոմային էներգետիկայի ոլորտում: Ներկայումս Թուրքիայում ընթացքի մեջ է միջուկային երկու ծրագիր. առաջինը 15 մլրդ դոլար արժողությամբ "Աքքույու" ատոմակայանի նախագիծն է, որը կառուցելու է ռուսական "Ռոսատում" ընկերությունը, երկրորդը՝ 17 մլրդ արժողությամբ "Սինոպ" ատոմակայանը, որի կառուցման համար պայմանագիր է կնքվել ֆրանս-ճապոնական կոնսորցիումի հետ: Բավական հետաքրքրական է պայմանագրի բովանդակությունը, մասնավորապես դրանցում` օգտագործված միջուկային վառելիքը վերադարձնելու վերաբերյալ կետի բացակայությունը, ինչը սովորաբար ևս ներառվում է պայմանագրում և իրականացվում է պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպության կողմից: Ե՛վ ռուսական "Ռոսատում"-ը, և՛ ֆրանս-ճապոնական կոնսորցիումը հանդես են եկել նման առաջարկով, սակայն թուրքական կողմը երկու դեպքում էլ հրաժարվել է պայմանագրում ամրագրել միջուկային վառելիքի մատակարարումից և կիրառումից հետո դրա դուրսբերման պայմանները՝ պնդելով, որ կողմերն այդ հարցը առանձին կկարգավորեն ավելի ուշ: Անգամ քննարկման չդնելով այդ կետը՝ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, չի ցանկանում հրաժարվել վառելիքային սռնիներից, որոնց պարունակությունը (ռադիոակտիվ թափոններ՝ 90%, աղտոտված ուրան՝ 9%, և աղտոտված պլուտոնիում՝ 1%) հնարավորություն կտան պլուտոնիումի և ուրանի հիմքով միջուկային զենք ստեղծել:      

 Որպես մեկ այլ ապացույց բերվում է BND-ի ձեռք բերած այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Էրդողանն ուրանի հարստացման սարքավորումներ ստեղծելու հրաման է տվել դեռևս 2010-ին: Բացի այդ՝ նշվում է, որ Թուրքիան արդեն իսկ տիրապետում է բավարար քանակությամբ նման ցենտրիֆուգների, որոնք նա, 

ամենայն հավանականությամբ, ստացել է Պակիստանից (Պակիստանը աշխարհում միջուկային զենք ունեցող այն երկրներից է, որը չի ստորագրել միջուկային զենքի չտարածման պայմանագիրը):
      Որպես Թուրքիայի միջուկային ձգտումներն ապացուցող փաստ՝ բերվում է նաև Թուրքիայի հրթիռային ծրագիրը, որը, ինչպես այլ դեպքերում, հանդիսանում է միջուկային ծրագրի պարտադիր մաս: Դեռ 2010թ.-ին վարչապետ Էրդողանը թուրքական ռազմարդյունաբերական համալիրի մասնագետներին հանձնարարեց ստեղծել առավել մեծ հեռահարությամբ հրթիռներ, քան այժմ ունի Թուրքիան, որի արդյունքը եղավ 2012թ.-ին 1500 կմ խոցման շառավիղ ունեցող հրթիռների փորձարկումը: 2015-ին նախատեսվում է ավարտին հասցնել արդեն 2500 կմ հեռահարություն ունեցող հրթիռների մշակումը:
      Չնայած գերմանական պարբերականի բերած փաստերին՝ միանշանակ պնդել, որ Թուրքիան կարճաժամկետ կտրվածքում կարող է ստեղծել միջուկային զենք, խիստ վիճելի է, սակայն այն, որ նման զենքի առկայությունը համապատասխանում է Թուրքիայի ռազմաքաղաքական նպատակներին, փաստ է: Ամեն դեպքում ցանկությունը և հնարավորությունը ոչ միշտ են համընկնում:
      Նախ Թուրքիան այսօր չունի իր անվտանգությունը միջուկային զենքով երաշխավորելու խնդիր: Որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիան այսօր գտնվում է հյուսիսատլանտյան դաշինքի "միջուկային հովանոցի" պաշտպանության տակ և հանդիսանում է այն 5 երկրներից մեկը, որի տարածքում գտնվող ամերիկյան բազայում (Ինջիլիկ) պահպանվում է ԱՄՆ-ի միջուկային արսենալը: Չնայած այս հանգամանքը որոշակի ճնշող լծակ է արևմուտքի ձեռքում, այնուամենայնիվ Թուրքիայի համար այդ երաշխիքները դեռևս բավարար են: Սակայն իրավիճակը կարող է փոխվել Իրանի միջուկային ծրագրի հաջողության դեպքում: Շուրջ կեսհազարամյա տարածաշրջանային մրցակիցներից յուրաքանչյուրի համար անթույլատրելի է մյուսի առավելությունը որևէ ոլորտում, ինչի մասին է վկայում Թուրքիայի կոշտ դիրքորոշումը՝ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված: Այսպես, 2011թ.-ի օգոստոսին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանը հայտարարեց, որ "Թուրքիան չի կարող թույլ տալ, որ Իրանը ունենա միջուկային զենք": Երկու տարի անց Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը այս արտահայտությունն առավել հստակեցրեց: Foreign Affairs ամսագրին տված իր հարցազրույցում նա մասնավորապես նշեց. "Թուրքիան թույլ չի տա, որ հարևան երկրում լինի զենք, որը Թուրքիան չունի": Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման դեպքում լիովին տրամաբանական է, որ նման զենք ունենալու ուղղությամբ քայլեր պետք է ձեռնարկեր նաև Թուրքիան՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերականգնման, ինչպես նաև մահմեդական և թյուրքական աշխարհում իր ուրույն դիրքը զբաղեցնելու համար: Վերջին ամիսներին Իրանի և վեցնյակի միջև ընթացող բանակցություններում արձանագրված հաջողությունները, ինչպես նաև Իրանի նկատմամբ կիրառվող որոշ սանկցիաների թեթևացումը, տնտեսական բնույթի բանակցությունների մեկնարկը վկայում են, որ կողմերը մոտ են Իրանի կողմից խաղաղ ատոմի զարգացման հարցում համաձայնության գալուն՝ սահմանափակումներ մտցնելով միջուկային ծրագրում: Այսպիսի պայմաններում Թուրքիայի կողմից նման ծրագրին ընթացք տալը իրական արկածախնդրություն կլիներ: Նման ծրագիրն առաջին հերթին բավական կոշտ արձագանք կստանար Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս անդամների կողմից, քանի որ տարածաշրջանում ամենամեծ, իսկ աշխարհում իր մեծությամբ 10-րդ բանակն ունեցող Թուրքիայի` միջուկային տերություն դառնալը նրան կդարձներ առավել անկանխատեսելի և անվերահսկելի: Միջուկային զենքի առկայության դեպքում Թուրքիայից բխող սպառնալիքներն առավել ակնհայտ են դառնում, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան մի կողմից այսօր հստակ իրականացնում է էքսպանսիոնիստական-ինտեգրացիոն քաղաքականություն, որի համար որպես գործիք օգտագործում է ինչպես կրոնական, էթնիկ գործոնները, այնպես էլ տնտեսական էքսպանսիան, մյուս կողմից՝ Թուրքիայում մինչ օրս կենսունակ են "պան-" ծրագրերը, որոնք իրական սպառնալիք են հարևան երկրների գոյությանը:     

 Պետք է նշել, որ միջուկային զենքի ստեղծման գործընթացը՝ որպես այդպիսին, բավական բարդ և աշխատատար է: Հաշվի առնելով գործընթացի բարդությունը կարող ենք ենթադրել, որ թուրքական կառավարությունն անգամ իր մեծ 

ցանկության դեպքում, չի կարող նման զենք ստեղծել առանց արտասահմանյան գիտնականների մասնակցության: Մյուս կողմից՝ միջուկային զենքի ստեղծումը միայն մեկ ռումբի ստեղծում չէ, այլ մի ամբողջ զինանոցի, որի համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ ռադիոակտիվ ռեսուրսներ, հատուկ սարքավորումներ և տևական աշխատանք, որը հնարավոր չէ ամբողջովին թաքցնել պարբերաբար կրկնվող միջազգային մոնիթորինգներից:
      Այսպիսով՝ կարող ենք նշել, որ եթե անգամ Թուրքիան ունի միջուկային զենք ստեղծելու ցանկություն, և անգամ որոշ քայլեր է արել այդ ուղղությամբ, այնուամենայնիվ կարճաժամկետ կտրվածքում այդ հնարավորությունը պայմանավորված վերոնշյալ հանգամանքներով, բավական փոքր է, միևնույն ժամանակ չենք կարող բացառել, որ երկարաժամկետ կտրվածքում միջուկային տերություն դառնալու համար ստեղծվեն անհրաժեշտ հնարավորություններ և պայմաններ: Միջուկային Թուրքիայի տեսլականը որքան ոգևորիչ է թուրքական կառավարության համար, նույնքան ռիսկային է տարածաշրջանային երկրների, ինչպես նաև ուժային կենտրոնների համար: Ուստի ակնկալել, որ Թուրքիան, գիտակցելով միջազգային հնարավոր հուժկու ճնշումը, պատրաստ է գնալ նման քայլի՝ մեկուսանալով և մոռանալով տնտեսական զարգացման մասին հանուն միջուկային զենքի ստեղծման, այս պահին թերևս անիրատեսական է:
02.10.2014


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: