ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինական ճգնաժամի բարդությունները

Մինչ Ուկրաինայում կատաղի մարտեր են ընթանում աշխարհազորայինների և կանոնավոր բանակի միջև, ԵՄ-ում երեկ քննարկվում էր «Ռուսաստանի հետ ինչպես վարվելու» հարցը:

ԵՄ-ն ՌԴ-ին մեղմացումներ է խոստանում Կիևի հետ համաձայնության գալու պարագայում, մինչդեռ Կիևն ու Մոսկվան, ոչ մի կերպ համաձայնության գալ չեն կարողանում:

 ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ի կողմից հաստատված պատժամիջոցներն իրենց սպառում են մարտ ամսին, և Բրյուսելը ստիպված է միասնական որոշման գալ դրանց ապագայի վերաբերյալ:

Նկատի առնելով այն հանգամանքը, որ պատժամիջոցների հասցրած վնասը միակողմանի չէ, և դրանցից տուժում են, ինչպես ՌԴ-ն, այնպես էլ ԵՄ-ն ու հատկապես Ռուսաստանի հետ առավել սերտ տնտեսական հարաբերություններ ունեցող արևելաեվրոպական երկրները՝ բնական է, որ այժմ երկու կողմերն էլ շահագրգռված են մեղմելու վիճակը և կարգավորելու հարաբերությունները:

Պատահական չէ, որ հունվարի 19-ին մամուլում լայնորեն շրջանառվեց տեղեկատվություն, թե ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի ընթացքում քննարկվելու են ՌԴ դեմ պատժամիջոցների թուլացումն ու մի շարք հարցերի շուրջ բանակցությունների վերսկսումը: Ինչպես հաղորդել է The Wall Street Journal-ը, մասնավորապես առաջարկվում էր վերսկսել ՌԴ հետ բանակցություններն անցագրային ռեժիմի վերացման, ԵԱՏՄ-ի հետ տնտեսական համագործակցության, Իրաքի, Սիրիայի հարցերում փոխգործակցության վերաբերյալ: Դրա համար, սակայն, ԵՄ-ին հարկավոր է առաջընթաց Մինսկի համաձայնությունների կատարման գործընթացում և փոփոխություն Ուկրաինական ճգնաժամի հարցում ռուսական մոտեցման մեջ:

Ավելի ուշ, սակայն, ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, որ այդ հարցը չի քննարկվել: Նա նշել է, որ պատժամիջոցների թուլացման հարցը կարող է բարձրացվել միայն այն ժամանակ, երբ «Մոսկվան սկսի կյանքի կոչել Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունները դադարեցնելու պարտավորությունը», և զգալի լինի Դոնբասում իրավիճակի լավացումը:

Չնայած նրան, որ պատժամիջոցները երկարացնելու կամ թուլացնելու վերաբերյալ որոշում հունվարի 19-ին չէր նախատեսվում ընդունել, այս հարցի բարձրաձայնումն իսկ որոշակի ազդակ էր: Սա որոշակի հաղորդագրություն էր՝ ուղղված Ռուսաստանին՝ մինչև մարտ հարաբերությունների կարգավորման հնարավորության և ԵՄ-ի համապատասխան ցանկության վերաբերյալ: Այս համատեքստում է պետք դիտարկել նաև Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցի հայտարարությունն առ այն, որ ԵՄ-ն պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման երկարաժամկետ ռազմավարություն մշակի:

Ակնկալել, որ Ռուսաստանը կգնա զգալի զիջումների, դժվար թե պետք է, սակայն չի բացառվում փոխադարձ համաձայնությունը առաջընթաց խոստացող որոշակի քայլերը (օրինակ՝ Մինսկի համաձայնություններին հաջորդող նոր փաստաթղթի ստորագրումը) որպես պատժամիջոցների թուլացման հիմք ընդունելու շուրջ:

Անկյունաքարայինն այսօր հրադադարի պահպանումն է և Մինսկում սեպտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը: Խնդիրը, սակայն, կողմերի ընկալումների և պահանջների տարբերության հարցում է: Ըստ էության, բոլոր կողմերը պահանջում են Մինսկի հուշագրի կատարում, սակայն իրենց մեկնաբանությունն են տալիս հուշագրի կետերին և շեշտադրում են դրանցից իրենց համար առավել էականները:

Նախորդ շաբաթ՝ հունվարի 15-ին, ՌԴ նախագահ Վ. Պուտինը նամակ էր հղել Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյին՝ կոչ անելով դուրս բերել զորքերը Դոնբասից: «Առաջարկում եմ, որ երկու կողմերն էլ` ինչպես ուկրաինական ուժային կառույցները, այնպես էլ Դոնբասի աշխարհազորայինները (ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն) անհապաղ քայլեր ձեռնարկեն փոխադարձ կրակոցները դադարեցնելու ուղղությամբ, ինչպես նաև դուրս բերեն 100 մմ-ից ավել հեռահարություն ունեցող զինատեսակները,ինչը հաստատված է Մինսկի հուշագրով՝ առաջնորդվելով հատման փաստացի սահմանից` ըստ հարակից քարտեզի»,- ասված է Պուտինի նամակում: Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովի՝ ուկրաինական կողմը մերժել է այս առաջարկը:

Իր հերթին հունվարի 19-ին պաշտոնական Կիևն առաջարկել է Մոսկվային ստորագրել մինսկյան պայմանավորվածությունների կյանքի կոչման գրաֆիկ՝ Ուկրաինայում հրադադար հաստատելու նպատակով: Ըստ ԵԱՀԿ-ի` գրաֆիկը ենթադրում է երեք փուլ՝ հրադադարի հաստատում, ծանր զինատեսակների դուրսբերում և Մինսկի հուշագրի համաձայն հատման գծով զինված ուժերի հետքաշում:

Ըստ էության, բոլոր կողմերը հայտարարում են Մինսկի պայմանավորվածությունները կատարելու, համաձայնություններ ձեռք բերելու և գործընթացն առաջ մղելու անհրաժեշտության մասին, սակայն նրանց փոխադարձ պահանջները չեն բերում համաձայնությունների:

Ռուսաստանը պահանջում է Ուկրաինայում անցկացնել սահմանադրական բարեփոխումներ՝ մասնավորապես դնելով Ուկրաինայի դաշնայնացման հարցը՝ մեծացնելու համար Դոնեցկի և Լուգանսկի ինքնուրույնության մակարդակը: Բացի այդ` Ռուսաստանի պահանջն է դադարեցնել ռազմական գործողությունները և դուրս բերել ուկրաինական զորքերը Դոնբասից: Հակասությունների տեղիք է տալիս նաև սահմանների հարցը, քանի որ ՌԴ-ն պնդում է փաստացի առկա վիճակի ամրագրման հարցում, ինչը նշանակում է ինքնահռչակ ԼԺՀ և ԴԺՀ աշխարհազորայինների ռազմական հաջողությունների լեգիտիմացում: Ռուսաստանը նաև չի ընդունում իր ռազմական ուժերի՝ Ուկրաինայի տարածքում գտնվելու մեղադրանքը և այդ կապակցությամբ իրեն հակամարտության կողմ չի համարում:

Ուկրաինական կողմը Մոսկվայից պահանջում է դուրս բերել ռուսական ստորաբաժանումներն Ուկրաինայի տարածքից, դադարեցել աջակցությունը Դոնեցկին և Լուգանսկին, ապահովել սահմանի վերահսկողությունը և հրադադարի դիտարկումը ԵԱՀԿ-ի կողմից:

Ուկրաինան ձգտում է լիարժեք վերականգնել ազդեցությունը Լուգանսկի և Դոնեցկի նկատմամբ, կտրականապես դեմ է երկրի դաշնայնացմանը՝ համաձայնելով միայն մասամբ ընդլայնել Դոնեցկի և Լուգանսկի ինքնուրույնությունը: Բացի այդ՝ Կիևը ձգտում է վերականգնել Ռուսաստանի հետ սահմանի նկատմամբ վերահսկողությունը՝ չթողնելով այն ռուսամետ դիրքորոշում ունեցող Դոնեցկին և Լուգանսկին:

Ռուսական կողմի՝ տարբեր մակարդակներով բարձրաձայնվող առաջարկը շատերը համարում են խաբկանք Ուկրաինայի համար: Ըստ էության, Մոսկվան պատրաստակամություն է հայտնում ընդունելու Կիևի դե-յուրե վերահսկողությունը Լուգանսկի և Դոնեցկի նկատմամբ՝ դրա փոխարեն ամրագրելով Ղրիմի անվերադարձ միացումը ՌԴ-ին: Բոլորը սակայն հասկանում են, որ Դոնբասում Ռուսաստանն ունի և ունենալու է ազդեցության մեծ լծակներ, և համաձայնելով այս բանաձևին՝ Ուկրաինան այս հարցում կրկնակի տուժած է դուրս գալու խաղից:

Արևմուտքի համար Ղրիմի միանալը ՌԴ-ին կարծես թե արդեն «մարսված« փուլ է, և առաջնային է այսօր Ուկրաինայում կայունացումն ու կողմերի միջև համաձայնության ձեռքբերումը, որը հնարավորություն կտա նաև կարգավորել ԵՄ-ՌԴ հարաբերությունները: Ուկրաինան իր հերթին քայլեր է ձեռնարկում՝ թույլ չտալու ՌԴ-ԵՄ մերձեցում: Օրինակ՝ այսօր Ուկրաինայի ԱԳՆ-ի կողմից նամակ է հղվել ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհուրդ, որտեղ նշվում է, որ Ուկրաինան հնարավոր է համարում ՌԴ-ի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացումը միայն Ուկրաինային Ղրիմում և Դոնբասում հասցված վնասների փոխհատուցումից հետո:

Հաշվի առնելով բանակցային գործընթացը (Կոնտակտային խմբի չկայացած հանդիպում, «նորմանդական քառյակի» ղեկավարների հանդիպման հետաձգում, հրադադարի խախտում և այլն)՝ մոտ ապագայում իրական զիջումներ և առաջընթաց դժվար թե հնարավոր լինի ակնկալել: Սակայն ՌԴ-ի և ԵՄ-ի կողմից կիրառվող փոխադարձ պատժամիջոցներն իրենց բնույթով կարճաժամկետ են և կոչված արագ տալու ցանկալի արդյունքները: Դրանք չեն կարող երկար ձգվել, քանի որ շուտով կսկսեն նկատելի դառնալ նաև եվրոպական տնտեսությանը հասցված վնասները: Հետևաբար, չանդրադառնալով այն հարցին, թե որքանով են սահմանված պատժամիջոցները ծառայում իրենց նպատակին, պետք է արձանագրել, որ երկու կողմերն էլ այժմ շահագրգռված են քայլեր ձեռնարկելու ներկայիս իրավիճակից դուրս գալու: Գուցե չարժե սպասել արագ արդյունքների, սակայն և՛ ԵՄ-ն, և՛ ՌԴ-ն ունեն ծանրակշիռ դրդապատճառներ՝ օգտվելու ցանկացած հնարավորությունից և փոքր զիջումների գնով «կառքը տեղից շարժելու»:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: