ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Նորմանդական քառյակի» բանակցությունների արդյունքներն ու դասերը

Մի գիշեր տևած բանակցությունների արդյունքում համաձայնեցված 2 փաստաթղթերն այսօրվա դրությամբ պետք է ծառայեն մեկ կարևոր նպատակի, այն է՝ թուլացնել լարվածությունը և հանգեցնել հրադադարի հաստատման:

Լարվածության հնարավոր թուլացումը լավատեսության որոշակի հիմքեր է տալիս: Մասնավորապես լավատեսության համար կարելի է առանձնացնել երկու կարևոր հանգամանք: Առաջին՝ թե՛ ՌԴ-ն, թե՛ ԵՄ-ն ՀՀ կարևոր գործընկերներ են և նրանց միջև կառուցողական համագործակցությունն ու սերտ հարաբերությունները բխում են ՀՀ շահերից: Երկրորդ՝ ուժային կենտրոնները ներգրավված են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որպես միջնորդներ, և նրանց միջև լարվածության թուլացումը կնվազեցնի նաև Ղարաբաղյան հիմնախնդիրը միմյանց դեմ որպես լծակ օգտագործելու հավանականությունն ու նկրտումները:

Դրա հետ մեկտեղ, բազմիցս, այդ թվում նաև Ղարաբաղյան կարգավորման գործընթացի օրինակով ականատես ենք եղել, որ ոչ միշտ է, որ պայմանավորվածությունները կյանքի են կոչվում: Այժմ նույնպես պահպանվում է մտավախությունը, որ այս համաձայնությունները ևս կարող են մնալ թղթի վրա և չլուծել իրենց առջև դրված խնդիրները:

Ինչ վերաբերում է Մինսկում ընդունված երկու փաստաթղթերին՝ Մինսկի պայմանավորվածությունների կատարմանն ուղղված միջոցառումների կոմպլեքսին (Կոնտակտային խմբի ստորագրությամբ) և այդ միջոցառումների աջակցության հռչակագրին՝ հաստատված Ուկրաինայի, ՌԴ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների կողմից, առանձնացնենք մեզ համար առավել նշանավոր մի քանի դրույթներ:

Ուշագրավ է Կոմպլեքսի 11-րդ կետը, որտեղ նշվում է, որ «Ուկրաինայում պետք է անցկացնել սահմանադրական բարեփոխումներ, որոնք ուժի մեջ կմտնեն 2015 ավարտին նոր սահմանադրության ուժի մեջ մտնելով, որը կենթադրի որպես կարևոր կետ ապակենտրոնացում (հաշվի առնող Դոնեցկի և Լուգանսկի շրջանների առանձին տարածքների յուրահատկությունները՝ համաձայնեցված այս շրջանների ներկայացուցիչների հետ), ինչպես նաև մինչև 2015թ. ավարտը մշտական օրենսդրության ընդունում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների առանձին տարածքների հատուկ կարգավիճակի վերաբերյալ՝ համապատասխան հավելվածում նշված միջոցների»: Սա փաստացի վկայում է, որ որոշ դեպքերում անգամ Սահմանադրությունը դոգմատիկ չէ հակամարտության քաղաքական կարգավորման առաջ: Երբեմն հակամարտության կարգավորումն ու քաղաքական լուծումները կարող են պահանջել սահմանադրության փոփոխություն: Նաև սա օրինակ է նրա, որ առանձին միավորների վերաբերող օրենսդրական փոփոխությունները պետք է համաձայնեցվեն դրանց ներկայացուցիչների հետ համագործակցությամբ:

Միաժամանակ, պետք է նշել, որ այս համաձայնությունը հնարավոր չէր լինի, եթե ուղիղ բանակցություններ չվարեին ԼԺՀ և ԴԺՀ ներկայացուցիչների հետ, եթե վերջիններս ներգրավված չլինեին ճգնաժամի կարգավորման Կոնտակտային խմբի հետ, որը ստորագրեց միջոցառումների կոմպլեքսը: Ի վերջո, և՛ ԵԱՀԿ-ն, և՛ ՌԴ-ն (որոնք ղարաբաղյան կարգավորման միջնորդներն են) ցույց տվեցին, որ հնարավոր չէ կարգավորման գործընթացում շրջանցել հակամարտության կողմերից մեկին և չներգրավել վերջինիս բանակցություններում:

Այս գործընթացում բովանդակությունը, կարգավորման կամքը բարձր դրվեց ֆորմալիզմից, գտնվեցին ճկուն ձևակերպումներ՝ ապահովող այն կարևոր հանգամանքը, որ կարգավորման բովանդակությունը չտուժի կողմերից որևէ մեկի ֆորմալ պահանջներից: ԼԺՀ ու ԴԺՀ հետ ուղիղ բանակցությունների մեջ չներգրավվելու Ուկրաինայի նկրտումները բավարարվեցին Կոնտակտային խումբը հինգակողմի փոխարեն եռակողմ անվանելով (խմբում ներգրավված են Ուկրաինայի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչման, Ուկրաինայում ՌԴ դեսպան Միխայիլ Զուրաբովը, ԵԱՀԿ ներկայացուցիչ Հայդի Տալյավինին, ԴԺՀ և ԼԺՀ ներկայացուցիչները):

Բանակցային գործընթացն այսօրվա դրությամբ չենք կարող ասել, որ պսակվել է հաջողությամբ և տվել է ցանկալի արդյունքները: Դա պարզ կլինի միայն այն ժամանակ, երբ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն և հանգեցնեն հակամարտության կարգավորման, հակասությունների հաղթահարման: Սակայն այս գործընթացը, բանակցություններն ու կիրառված ձևաչափերը կարող են «ուսուցողական» լինել նաև այլ հակամարտությունների կարգավորման պարագայում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: