ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տարածաշրջանային էներգետիկ աշխարհաքաղաքականության նոր միտումները. Վերլուծություն

Այլևս անվիճելի է, որ Ուկրաինական հակամարտությամբ և Արևմուտք-Ռուսաստան հակադրությամբ աշխարհը թևակոխում է մի նոր փուլ՝ վերափոխվող անվտանգային համակարգով, ինչպես նաև աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական վերադասավորումներով: Տրամաբանական է, որ այն չէր կարող շրջանցել նաև էներգետիկ ոլորտը: Վերջին ամիսներին նավթի գների կտրուկ անկումը միակ հետևանքը չէր այս ոլորտում: Աստիճանաբար ուրվագծվում են էներգետիկ աշխարհաքաղաքականության փոփոխման որոշակի միտումներ` պայմանավորված հետևյալ հանգամանքներով.

- Եվրոպան ԱՄՆ աջակցությամբ հստակ իրականացնում է քայլեր ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ,

-Տնտեսական սանկցիաների տակ գտնվող Ռուսաստանը փորձում է գտնել այլընտրանքային շուկաներ՝ միաժամանակ նվազեցնելով աշխաջրածնային ռեսուրսների գնումները հարևաններից,

- Մերձկասպյան երկրներն իրենց առջև խնդիր են դրել անցնել արդյունահանման նոր հզորությունների և մուտք գործել նոր շուկաներ:

Էներգետիկ աշխարհաքաղաքականության տեսանկյունից տարածաշրջանի` իր նշանակությամբ ամենակարևոր և ամենաքննարկվող նախագիծը, թերևս, «Հարավային էներգետիկ միջանցքն»  (South Energy Corridor) է: Այն Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնություններից է (2009թ), որը նախատեսում է Կասպյան շրջանից և միջին Արևելքից ածխաջրածնային ռեսուրսների արտահանում Եվրոպա: Այս նախաձեռնությունն իրականացնելու գործում ԵՄ-ն որպես գործընկերներ է դիտարկում Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Իրաքը, Եգիպտոսը և Մաղրիբի երկրները (Իրանը և Ուզբեկստանը հնարավորություն կունենան մասնակցել նախագծին քաղաքական պայմանների փոփոխման դեպքում): Ըստ Եվրոպական հանձնաժողովի մտահաղացման, միջանցքը հնարավորություն կտա Եվրոպա տեղափոխել 60-120 մլն մ3 գազ: Ինչպես վերջերս հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ Մարոշ Շեֆչովիչը, ով ակտիվ ներգրավված է Ադրբեջանի հետ էներգետիկ նախագծերի մշակման գործում, «Հարավային գազային միջանցքը միակն է, որը Եվրոպային երաշխավորում է խոշոր մատակարարումներ նոր աղբյուրից»:

Որպես «Հարավային էներգետիկ միջանցի» առանցքային մաս դիտարկվում է Անդրանատոլիական գազատարը (Trans-Anatolian Pipeline - TANAP), որի կառուցումը նախատեսվում է սկսել 2015թ-ին և շահագործման հանձնել 2018թ-ին: Այն պետք է սկսվի Վրաստանի սահմանից (ներառելու է Հարավկովկասյան գազատարը) և ձգվի մինչև Թուրքիայի եվրոպական սահման: Նախատեսվում է, որ այն կունենա ճյուղավորում՝ մեկը դեպի Հունաստան, մյուսը՝ Բուլղարիա: Նախնական փուլում (2020թ.) գազատարի թողունակությունը պետք է կազմի տարեկան 16 մլրդ մ3: Նախատեսված է 2023թ-ին նրա թողունակությունը հասցնել տարեկան 23 մլրդ մ3-ի, իսկ վերջնական փուլում (2050թ) այն պետք է կազմի տարեկան 60 մլրդ մ3: Գազատարով նախատեսվում է փոխադրել Շահ-Դենիզ հանքավայրի մշակման երկրորդ փուլի արդյունքում ստացված գազը: Նախնական տվյալներով տարեկան արդյունահանված 16 միլիարդ մ3 ադրբեջանական գազից (նման ծավալներ կապահովվեն միայն 2020թ-ին) 6 միլիարդն օգտագործելու է Թուրքիան, իսկ մյուս 10 մլրդ մ3-ը TAP-ով (Trans-Adriatic Pipeline ) հասնելու է Եվրոպա և բաշխվելու է Իտալիայի, Հունաստանի և Բուլղարիայի միջև՝ համապատասխանաբար 8 և 1-ական մ3 ծավալով:


Ինպես տեսնում ենք, մի կողմից խողովակաշարի կառուցման, մյուս կողմից Շահ Դենիզ հանգավայրի մշակման երկրորդ փուլի տեմպերով պայմանավորված ադրբեջանական գազը լավագույն դեպքում Եվրոպա կարող է հասնել միայն 2020 թվականին: Իսկ միջնաժամկետ կտրվածքով ԵՄ համար էներգետիկ այլընտրանք դառնալու հավակնություններ ունեցող Ադրբեջանի ռեսուրսները կարող են բավարարել TANAP-ի զարգացող նախագծի առավելագույնը  55-60%-ով ապահովելու համար, ինչը լուրջ հարվածի տակ կարող է դնել տվյալ նախագծի արդյունավետությունը: Այս խնդիրը հստակ գիտակցում են ինչպես Բաքվում, այնպես էլ Եվրոպայում և խնդրի լուծման համար բոլորի ուշադրությունն ուղղված է դեպի Թուրքմենստան: Թուրքմենստանի՝ այս ծրագրում մասնակցելու ուղղությամբ ակտիվորեն աշխատանքներ են իրականացնում Թուրքիան և Ադրբեջանը: Հունվարի 29-ին Աշխաբադում կայացած երեք երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիան և Ադրբեջանը Թուրքմենստանին կոչ են անում միանալ TANAP-ի կյանքի կոչմանը: Թուրքմենստանը, որն ածխաջրածնային ռեսուրսներ է արտահանում միայն Իրան, Չինաստան և Ռուսաստան, բավական հետաքրքրված է սեփական շուկաների դիվերսիֆիկացմամբ (հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Թուրքմենստանի նախագահի կողմից կա հրաման մեծացնել գազի արդյունահանման և արտահանման ծավալները և 2015թ-ին հասցնել համապատասխանաբար 83,8  և 48 մլրդ մ3 ): Բացի այդ, թուրքմենական կողմին՝ նման քայլի դրդող մեկ այլ գործոն է Ռուսաստանի կողմից թուրքմենական գազի գնման ծավալների աստիճանական նվազումը: Գազպրոմն արդեն ունի համապատասխան որոշում 2015թ-ին գազի գնումը 10 մլրդ մ3-ից 4 մլրդ մ3 իջեցնելու վերաբերյալ, ինչը որոշակի մտահոգություն է առաջացրել նաև թուրքմենական կողմի մոտ:

Չնայած այս հանգամանքներին թուրքմենական կողմը դեռևս իր համաձայնությունը չի տվել նախագծին միանալու հետ կապված, ինչը պայմանավորված է հիմնականում Թուրքմենստանից Ադրբեջան գազը հասցնելու խնդրով: Անդրկասպյան խողովակաշարի կառուցումը եթե ոչ անիրատեսական, ապա առնվազն խնդրահարույց է՝ հաշվի առնելով կասյպյան հնգյակի ներսում առկա հակասությունները: Եթե Ադրբեջանը, Ղազախստանը և Թուրքմենստանը խողովակաշարի կառուցման խնդիրը դիտարկում են որպես երկկողմ պայմանավորվածությունների առարկա, ապա Իրանը և Ռուսաստանը պնդում են, որ Կասպից ծովի հատակով խողովակաշարը կառուցելիս պետք է հաշվի առնել բոլոր առափնյա երկրների շահերը: Խողովակաշարի կառուցմանը խոչընդոտում է նաև Կասպից ծովի վրա դրա հնարավոր բացասական ազդեցության գործոնը:

Ինչ վերաբերում է թուրքմենական գազը հեղուկ վիճակում Ադրբեջան հասցնելու հնարավորությանը, ապա նշենք, որ չնայած այն իրատեսական է և  ներկայումս այդ տարբերակը կիրառվում է փոքր ծավալի մատակարարումների համար, սակայն իրավիճակը կարող է լիովին այլ լինել խոշոր մատակարարումների դեպքում: Հաշվի առնելով, որ հեղուկ գազի տեղափոխումը հանդիսանում է բավական բարդ և ծախսատար գործընթաց, ապա առաջանում են հիմնավոր կասկածներ, թե արդյոք մեծ ծավալների դեպքում գազի սպառողներին կբավարարի այն գինը, որը Թուրքմենստանը կսահմանի իր ծախսերը ծածկելու համար:


Չնայած գազի տեղափոխման հետ կապված բարդություններին, այնումանեայնիվ, մեկ բան ակնհայտ է՝ Թուրքմենստանը ցանկանում է դիվերսիֆիկացնել իր շուկաները: Հաշվի առնելով, որ  ասիական նոր շուկաներ դուրս գալը ներկայիս պայմաններում փոքր-ինչ խնդրահարույց է (խոսքը վերաբերվում է TAPI (Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան) նախագծի իրականացման խոչընդոտներին, իսկ երեք ներկրողները կա՛մ չեն ցանկանում մեծացնել ներկրումների ծավալները, կա՛մ օգտվելով իրավիճակից ցանկանում են իջեցնել գները՝ Թուրքմենստանին մնում է ոչ այլ ինչ, քան դիտարկել եվրոպական շուկա դուրս գալու հնարավոր տարբերակները, առավել ևս, որ ԵՄ-ի համար դա ևս ունի գերակա նշանակություն:

Բավական հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ վերջերս սկսվել է քննարկվել նաև TANAP-ին Իրանի միանալու հնարավորությունը: Իրանական և միջազգային մամուլի ուշադրությունից չվրիպեց այն, որ Օմանում կայացած խորհրդակցությունների ժամանակ ամերկյան կողմը Իրանին առաջարկել է հանել սանկցիաները՝ Ադրբեջանի հետ դեպի Եվրոպա ընդհանուր «էներգետիկ միջանցք» ձևավորելու պայմանով: Այս առաջարկը բավական մեծ մտահոգություն էր առաջացրել հենց Ռուսաստանում, քանի որ Իրանի՝ TANAP-ին միանալու դեպքում Ռուսաստանն ավելի արագ կարող էր զիջել իր դիրքերը եվրոպական գազային շուկայում, քան դա  հնարավոր էր պատկերացնել: Այնուամենայնիվ, Իրանի կողմից առաջարկը մերժվեց, ինչն էլ իր հերթին հանգեցրեց Իրանի հետ բանակցություններում ամերիկյան կողմից դիրքորոշման կոշտացման:

Իրանի կողմից նման մերժումը պայմանավորել ռուս-իրանական գործընկերային հարաբերություններով կլինի ոչ ռացիոնալ: Նման որոշման համար իրենց ազդեցությունն են ունեցել Իրան-Արևմուտք վստահության բացակայությունը, Ադրբեջանից կախվածության մեջ չընկնելու ցանկությունը, ինչպես նաև Թուրքիայի տարածաշրջանի էներգետիկ կենտրոն դառնալու հանգամանքը: Գաղտնիք չէ, որ Թուրքիան և Իրանը տարածաշրջանում առաջնության համար պայքարում են արդեն մի քանի դար: Այսօր ևս այդ մրցակցությունը շարունակվում է՝ ընդգրկելով նորանոր հարթություններ: Այս համատեքստում հստակ է, որ TANAP-ի կառուցումը բավական կմեծացնի Թուրքիայի աշխարհաքաղաքական դերակատարումը, ինչպես նաև կդառնա ԵՄ վրա ազդելու հերթական գործիք: Անշուշտ, Իրանը ձեռքերը ծալած չի կարող հետևել այս ամենին: Թերևս հենց այս տրամաբանությամբ առաջնորդվելով՝ Իրանի ազգային գազային ընկերության (NIGC) ղեկավար Ազիզոլլահ Ռամազանին վերջերս հայտարարեց, որ Իրանը պատրաստ է տեղափոխել Ադրբեջանի և Թուրքմենստանի գազը Եվրոպա: «Մենք առաջարկում ենք ստանալ թուրքմենական և ադրբեջանական գազը, այնուհետև Թուրքիայի տարածքով արտահանել Եվոպա, ինչը հանդիսանում է Եվրոպա գազ մատակարարելու ամենաշահավետ երթուղին»: Հատկանշական է, որ Իրանն ունի արդեն իսկ գործող խողովակաշարեր Թուրքմենստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Թեև նախագծի` տեխնիկապես իրատեսական լինելու հանգամանքին՝ այն քիչ հավանական է, քանի որ, Արևմուտքը չի գնա այնպիսի քայլի, որը նրան կախվածության մեջ կգցի Իրանից, առավել ևս երբ տվյալ նախագծի կյանքի կոչման համար իրանական կողմի պահանջը քաղաքական խոչընդոտմերի վերացումն է:

Իրանի նման նախաձեռնողականությունը որոշակիորեն պայմանավորված է նաև ռուս-թուրքական էներգետիկ մերձեցմամբ պայմանավորված դժգոհությամբ: Դեռ 2014թ-ի վերջին Հարավային հոսքի կասեցումը և նոր թուրք-ռուսական գազատարի նախագծի մասին պայմանավորվածությունը ոչ այլ ինչ էր, քան ռուսական կարճաժամկետ պրագմատիզմի դրսևորում՝ առանց տարածաշրջանային հավասարակշռության վրա տվյալ քայլերի ունեցած հնարավոր ազդեցության հաշվարկի: Սանկցիաների պատճառով տնտեսական խնդիրների և եվրոպական էներգետիկ շուկայում սեփական դիրքերը կորցներլու ռիսկի առջև կանգնած Ռուսաստանը միանշանակ երկրորդ պլան է մղել այն հանգամանքը, որ Թուրքական հոսքը (ռուս-թուրքական նոր գազատարի նման անվանում է առաջրկել Թուրքիայի նախագահ Էրդողանը) խախտում է Իրան-Թուրքիա հավասարակշռությունը տարածաշրջանում: Թուրքական հոսք նախագծի նախապատրաստական աշխատանքները ռուսական կողմն իրականացնում է բավական արագ տեմպերով, պատճառն ակնհայտ է՝ ռուսական գազը հնարավորինս շուտ հասցնել եվրոպական սահման, ինչպես նաև ամրապնդել սեփական դիրքերը հարավ-արևելյան Եվրոպայի շուկաներում:

Այն բանից հետո, երբ հայտրարվեց Թուրքական հոսքի մասին, ադրբեջանական ղեկավարությունը հայտնվեց որոշակի ցայնոտի մեջ՝ փորձելով հնարավոր բոլոր մեխանիզմներով տարածել այն թեզը, թե Թուրքական հոսքը TAP-ին կամ TANAP-ին ընդհանրապես չի խանգարում: Սակայն ինչպես ժամանակային առումով (Թուրքական հոսքի ավարտը նախատեսված է 2017թ-ին, իսկ TAP-ինը՝ 2020-ին), այնպես էլ ծավալային առումով  (Թուրքական հոսքը թուրք-հունական սահմանին գտնվող գազային հանգույց /gas hub/ է հասցնելու 47 մլրդ մ3, մինչդեռ TAP-ը նախնական փուլում մատակարարելու է ընդամենը 10 մլրդ մ3) Թուրքական հոսքի պոտենցիալ առավելություններն ակնհայտ են:  Բացի այս ցուցանիշներից, արդեն իսկ նկատվում են որոշ պրակտիկ տեղաշարժեր հենց ապագա ներկրող երկրներում, որոնք ցանկանում են օգտվել երկու նախագծերի մրցակցությունից և ստանալ որոշակի զիջումներ, օրինակ՝ Հունաստանն արդեն իսկ Ադրբեջանից պահանջել է նվազեցնել մատակարարվելիք գազի գինը, Հունգարիան իր հերթին հետաքրքրված է  թուրքական հոսքը մինչև իր տարածք հասնելու հնարավորությամբ և այլն: Այսպիսով, չնայած ադրբեջանական քարոզչական թեզերին, ակնհայտ է, որ Թուրքական հոսքի իրականացումը զգալիորեն կնվազեցի TANAP-TAP խողովակաշարի արդյունավետությունը:

Չնայած երկու նախագծերի ներքին մրցակցությանը՝ դրանց կյանքի կոչումը այսբերգի նման ունի ստորջրյա կողմ, այն է՝ Թուրքիան էներգետիկ տեսանկյունից ստանում է ոչ թե տարածաշրջանային, այլ արդեն գլոբալ կարևորություն, ումից կախման մեջ կլինեն ինչպես Ռուսաստանը (որը 2019-ը թ-ից դադարեցնում է գազի տրանզիտը Եվրոպա՝ Ուկրաինայի տարածքով), այնպես էլ Եվրոպան: Դա թուրքական էսթաբլիշմենթի համար կդառնա նոր գործիք բոլոր ուղղություններով բանակցային շրջանակներում իրենց դիրքերի ամրապնդման և ցանկալի զիջումներ կորզելու համար:

Ինչ վերաբերում է Հայաստանի վրա տարածաշրջանային էներգետիկ նախագծերի հնարավոր ազդեցությունը, ապա միարժեք կարող ենք նշել, որ դրանք պարունակում են ինչպես բացահայտ ռիսկեր, այնպես էլ թաքնված սպառնալիքներ: Նախ հատկանշական է, այն հանգամանքը, որ Ադրբեջանը ջանք չի խնայում, որպեսզի բոլոր նախագծերը գծագրվեն՝ շրջանցելով Հայաստանը, ինչը լիովին տեղավորվում է Հայաստանի շրջափակման ադրբեջանական քաղաքականության շրջանակներում: Բացի այդ, հատկանշական է, որ TANAP-ին Թուրքմենստանի և/կամ Իրանի միանալու դեքում տվյալ նախագծի նշանակությունը և արդյունավետությունը կբարձրանա մի քանի անգամ, ինչը Ռուսաստանի կողմից սեփական գազային ծրագրերի ձախողման պայմաններում, կարող է հանգեցնել տարածաշրջանային նոր լարվածության, որը մեր դեպքում կանդրադառնա Ղարաբաղյան հակամարտությանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: