ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սեյրան Օհանյան. Մենք կարող ենք խաղաղություն պարտադրել

Սեյրան Օհանյան, ՀՀ Պաշտպանության նախարար

 

 

Ներկայացնում ենք ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի բացառիկ հարցազրույցը «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալությանը:

 

 

 

- Պարո՛ն Նախարար, հաշվի առնելով ՀՀ-Ադրբեջան սահմանների լարվածությունն ու առկա վիճակը, դիտարկո՞ւմ եք որպես տարբերակ ՀՀ սահմանների երկայնքով, ՀՀ տարածքից դուրս անվտանգության գոտու «ստեղծման» հնարավորությունը:

- Մեկ անգամ արդեն ԼՂՀ-ում ստեղծվել է բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման բուֆերային գոտի, և այժմ պետք չէ հայկական կողմին որպես ագրեսոր ներկայացնելու ևս մեկ պատրվակ: Սա, իհարկե, կատակով: Իրականում հաճախակիացել են ադրբեջանական կողմից դիվերսիոն հարձակումներ գործելու, մեր բնակավայրերը գնդակոծելու, նույնիսկ մարդկանց տները դիպուկահար կրակով թիրախավորելու դեպքերը: Նման գործելաոճը հակասում է միջազգային մարդասիրական և զինված հակամարտության իրավունքների բոլոր կանոններին և պետք է արժանանա միջազգային հանրության հասցեագրված դատապարտմանը: Հակամարտության երկու կողմերի զինանոցներում էլ առկա են անպաշտպան բնակավայրերի գնդակոծման հնարավորություններ ունեցող տարատեսակ միջոցներ: Սակայն իրականում միայն հայկական կողմն է, որ ավելի քաղաքակիրթ է դուրս գալիս ոչ միայն հակամարտության խաղաղ կարգավորմանը սատարելու, հռետորաբանության մեջ զսպվածություն ցուցաբերելու, այլև առաջնագծում կիրառվող գործելաոճի տեսանկյուններից:

- ՀՀ նախագահը վերջերս հայտարարեց, որ ՀՀ «սահմաններին և շփման գծի երկայնքով ավելի մեծ և սպառնալից կուտակումների պարագայում» մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը: Արդյո՞ք կա արդեն նման հարվածների անհրաժեշտություն:

- 1994թ.-ին կնքված հրադադարից ի վեր մենք ընտրել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորման տարբերակը: Վերոնշյալ պայմանագրով կողմերը պարտավորվել են հակամարտության վերջնական խաղաղ կարգավորմանը հասնել՝ օգտագործելով բանակցությունների ձևաչափը: Սակայն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը վերջին 20 տարիների ընթացքում հրադադարի խախտման ամենատարբեր միջոցներով փորձում է միջազգային և սեփական հանրության ուշադրությունը շեղել երկրում առկա տարաբնույթ խնդիրներից: Այս առումով պետք է նշեմ, որ ադրբեջանական կողմը աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում հայ-ադրբեջանական զորքերի շփման գոտում 2014թ. հուլիսից, որն էլ ավելի է սաստկացել այս տարվա առաջին ամիսներին: Հայկական կողմի պատասխանը սովորաբար բավականին կոշտ է լինում, և հակառակորդը խստորեն պատժվում է նմանատիպ բոլոր ոտնձգությունների ժամանակ: Հայկական զինված ուժերի համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը ոչ միայն կրում է շոշափելի մարդկային կորուստներ, այլև շարքից հանվում է վերջինիս ռազմական տեխնիկան: Ադրբեջանական կողմը, հավատարիմ իր ավանդույթներին, միանգամից չի տեղեկացնում սեփական հանրությանն իր զինուժի կորուստների մասին, այլ դա անում է ապատեղեկատվությամբ փաստերը խեղաթյուրելու միջոցով` չխորշելով նույնիսկ ամենազազրելի ստերից:

Այսօր բանակի մարտունակության հիմքում կանգնած են շփման գծում փորձառություն ձեռք բերած և արտերկրի տարատեսակ ուսումնակրթական հաստատություններում վերապատրաստված հրամանատարներն ու սպաները: Ուստի մենք կարող ենք խաղաղություն պարտադրել: Իսկ պարտադրելը, ինչպես ինքներդ եք հասկանում, ենթադրում է և՛ պասիվ, և՛ ակտիվ գործողություններ: Վերջիվերջո, խելահեղություն կլինի ձեռքերը ծալած նստել ու սպասել, երբ տեսնում ես, որ առկա է քո վրա հարձակման անմիջական սպառնալիք:

- Հակառակորդը շատ է խոսում իր ռազմական տեխնիկայի գնումների և այդ տեսակետից հայկական կողմերի նկատմամբ ունեցած իր առավելության մասին: Որքանո՞վ են այս պնդումները համապատասխանում իրականությանը:

- Մի բան են գնումները, բոլորովին այլ, թե ինչպես են այդ գնումներն ազդում ուժերի հարաբերակցության վրա: Այն, որ Ադրբեջանը մեր տարածաշրջանի մասշտաբներով ահռելի «նավթագազային դոլարներ» է ծախսում սպառազինություն և ռազմական տեխնիկա գնելու համար, դա չեմ կարող հերքել: Սակայն մեծ հարցական նշան կդնեմ ՀՀ զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի հավաքական ներուժի նկատմամբ առավելություն ունենալու առնչությամբ իրենց պնդումների առջև: Ռազմական հզորությունը գործոնների մի ամբողջություն է, որի մեջ սպառազինությունը լոկ մեկ բաղադրիչ է՝ երբեմն ոչ վճռական նշանակության: Մյուս բաղադրիչներն են անձնակազմի մարտական վարպետությունը, մարտական ոգին և շարժառիթավորումը, օգտագործվող մարտարվեստը, վերջիվերջո, ժողովրդի՝ պատերազմ վարելու և զոհողություններ կրելու կամքը: Հավաստիացնում եմ, որ այս հավաքական սպեկտրում Ադրբեջանը չի կարող պարծենալ մեր նկատմամբ ունեցած առավելությամբ, և այս պնդման ճշմարտացիությունն ապացուցվում է շփման գծում հակառակորդի նախահարձակ գործողությունները զսպելու, խաթարելու և չեզոքացնելու մեր ունակությամբ:

 

- ՀՀ-ում ՌԴ ռազմական բազայի տեղակայման մասին պայմանագիրը հնարավորություն է տալիս 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներին ներգրավվել ՀՀ արտաքին սահմանների պաշտպանությանը: Արդյոք առաջիկայում հնարավոր համարո՞ւմ եք ռուսական զինված ուժերի ներգրավում հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող գործողություններին:

- Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, ունի մեր երկրի ռազմական անվտանգությանը սատարելու որոշակի հանձնառություններ, որի բաղադրիչ է կազմում, իհարկե, նաև ՀՀ տարածքում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանը: Ավելին՝ երկու երկրները միևնույն կազմակերպության` ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամներ են, հետևապես փոխադարձ հանձնառություններ ունեն նաև բազմակողմ հարաբերությունների ձևաչափում: Չեմ կարող ասել՝ արդյո՞ք պատերազմը չվերսկսելու հարցում 102-րդ ռազմակայանը Ադրբեջանի համար զսպող գործոն ծառայում է, թե՞ ոչ, սակայն կարող եմ հավաստիացնել, որ Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբներն արդեն վաղուց են իրականացնում Հայաստանի դեմ հավանական ռազմական գործողություններին դիմագրավելու համատեղ օպերատիվ պլանավորում, որի շրջանակներում կարևոր տեղ է հատկացվում նաև 102-րդ ռազմաբազայի ներգրավմանը:

Միաժամանակ, հարկ եմ համարում նշել, որ մեկ բան է ռազմական պլանավորումը, մեկ այլ բան` քաղաքական որոշումը: Այնպես որ, Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի դեպքում ռուսական կողմի ռազմական միջամտությունը կախված կլինի Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարության որոշումից:

- Պարո՛ն Նախարար, օրերս Դուք հանդիպել եք ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժային, ինչպես հայտնի է, հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման հարցերը: Ի՞նչ քայլեր կարելի է առաջիկայում ակնկալել այս համատեսքտում:

- Վերջին տարիների ընթացքում ՀԱՊԿ համատեքստում մեր «դաշնակցային ուշադրությունը» հիմնականում սևեռված է հավաքական անվտանգության մեխանիզմների կատարելագործման վրա, թե՛ օպերատիվ և մարտական պատրաստության, թե՛ իրավապայմանագրային հենքի կատարելագործման տեսանկյունից: Այս ամենում, իհարկե, իրենց ծանրակշիռ դերն ունեն «Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը», որոնց հայկական բաղադրիչի` սպառազինությամբ հագեցումը մեր առաջնահերթություններից մեկն է:

2014թ.-ին հաջողությամբ իրականացվել է ՀԱՊԿ շրջանակներում մարտական և օպերատիվ պատրաստության համատեղ միջոցառումների ամենամյա պլանը: ՀՀ ԶՈւ զորակազմերը և դիտորդները մասնակցել են ՀԱՊԿ «Ռուբեժ», «Փոխգործակցություն» և «Անքակտելի եղբայրություն» զորավարժություններին:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ կազմակերպությունը չի ողջունում տարածաշրջանում ռազմական միջոցներով խնդիրների կարգավորումը: ՀԱՊԿ-ի հիմնական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդիրը բացառապես խաղաղ միջոցներով լուծելն է՝ հիմնվելով առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վրա:

ՀԱՊԿ-ի հետ ակտիվ համագործակցության շրջանակներում 2015 թվականին Հայաստանում անցկացվելու է ՀԱՊԿ-ի անդամ երկրների խաղաղապահ ուժերի զորավարժություն: Այս զորավարժության ընթացքում կփոձենք մասնակից երկրների ստորաբաժանումների միջև փոխգործակցությունը և գործողությունների ներդաշնակեցումը վերածել իսկական «անքակտելի եղբայրության», որպեսզի զինծառայողները միջև ձևավորված ընկերությունը և հաղորդակցությունը շարունակվեն նաև զորավարժությունից հետո:

- ՀՀ զինված ուժերը ներգրավված են միջազգային խաղաղապահ առաքելություններում: Արդյո՞ք այդ ներգրավվածությունը կպահպանվի նաև առաջիկայում:

- Ինչպես իրավացիորեն նշեցիք, խաղաղապահությանը հատկացնում ենք մեծ ուշադրություն և չենք պատրաստվում նվազեցնել այս կարևորագույն գործում մեր մասնակցության ծավալները: Այս պահի դրությամբ 121 զինծառայող ընդհանուր թվակազմով երկու զորակազմ ունենք Աֆղանստանում` Մազարի Շարիֆի «Քեմփ Մարմալ» և Քաբուլի «Քեսաբա» զինավաններում: 35 հայ խաղաղապահ ծառայում են Կոսովոյում` Ուռոժևաց քաղաքի մերձակայքում գտնվող «Բոնդ Սթիլ» զինավանում, իսկ անցյալ տարվա նոյեմբերից 33 զինծառայող ենք գործուղել նաև ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում:

Շնորհակալություն հայտնելով մեր ամերիկացի, գերմանացի և իտալացի գործընկերներին` ռազմավարական տեղակայման և նյութատեխնիկական ապահովման հարցերում մեզ ցուցաբերվող համակողմանի աջակցության համար, ցանկանում եմ նշել, որ հայ խաղաղապահները հասանելի կլինեն տարբեր մայրցամաքներում խաղաղապահ առաքելություններ կատարելու համար, այնքան ժամանակ, քանի դեռ նրանց ներգրավումը կփրկի մարդկային կյանքեր, կփարատի վերքեր և կնպաստի այդ երկրներում տևական կայունության և անվտանգության հաստատմանը:

- Պարո՛ն Նախարար, ըստ Ձեզ, զարգացման ի՞նչ հեռանկար ունի ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունը:

- ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, որն իրականացվում է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱՅՓԱՓ) և Պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) շրջանակներում, միտված է երկու գլխավոր նպատակների՝ միջազգային անվտանգության մեջ ներդրում կատարելու նպատակով օպերատիվ համատեղելիության զարգացմանը և ՀՀ պաշտպանության ու անվտանգության ոլորտների բարեփոխումներին սատարելուն: 2014թ. ապրիլին համաձայնեցվել է ՀՀ-ՆԱՏՕ Պլանավորման և վերանայման գործընթացի 2014թ. գործընկերության նպատակների փաստաթուղթը: Նոր ՊՎԳ-ում ավելացել են այնպիսի գործընկերության նպատակներ, ինչպիսիք են «Գենդերային հեռանկարները» և «Կանխարգելիչ բժշկությունն ու բնապահպանական առողջությունը»: Համաձայնեցվել է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) նոր փաստաթուղթը: Նոր ԱԳԳԾ-ում արժանահիշատակ փոփոխություններից են այնպիսի նպատակների ավելացումը, ինչպիսիք են ՊՌՎ նոր շրջափուլը, շարքից դուրս եկած ՍՌՏ-ի ոչնչացման ՆԱՏՕ-ի վստահության հիմնադրամի հետ համագործակցությունը, Դ.Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի վերափոխումը Ազգային պաշտպանական հետազոտական համալսարանի:

ՆԱՏՕ-ի հետ համագործակցության կարևոր ուղղություն է նաև խաղաղապահության ոլորտը: Ինչպես արդեն նշեցի, մեր խաղաղապահները շարունակում են իրենց ծառայությունը ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելություններում (Աֆղանստան և Կոսովո): 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: