ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ռազմական համագործակցությունը՝ որպես նոր մարտահրավեր

Ապրիլի սկզբին Թբիլիսիում կայացավ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը: Մամուլում լայնորեն սկսվեցին շրջանառվել զգացական մոտեցումների վրա հիմնված տարբեր կարծիքներ, սակայն տվյալ առանցքի ամրապնդումը, հաշվի առնելով դրանից բխող մարտահրավերները, կարիք ունի առավել օբյեկտիվ և համակողմանի դիտարկման:

Նախևառաջ նշենք, որ համագործակցության եռակողմ ձևաչափը մեկնարկել է դեռ 2012թ-ին և զարգանում է բավական հաջողությմամբ: Ընդլայնվելով՝ այն հասցրել է ներառել տարբեր ոլորտներ, ինչի մասին են վկայում երեք երկրների էկոնոմկիայի նախարարների, արտգործնախարարների և այլ պաշտոնյաների պարբերական հանդիպումները: Համագործակցության եռակողմ ձևաչափն անցած տարի անգամ հասցվեց բարձրագույն մակարդակի և կազմակերպվեց երեք երկրների առաջնորդների հանդիպում:

Եռակողմ համագործակցության զարգացման պայմաններում պաշտպանության, անվտանգության ոլորտները, բնականաբար, չէին կարող դուրս մնալ, քանի որ մի կողմից անհրաժեշտ է ապահովել համատեղ իրականացվող տարածաշրջանային նախագծերի անվտանգությունը, մյուս կողմից կողմերի միջև ստեղծել հնարավորինս ամուր կապեր, որոնք նաև հանդիսանում են ազդեցության լծակներ: Հենց այս տրամաբանության շրջանակներում էր անցյալ տարի Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների առաջին հանդիպումը Նախիջևանում: Այդ հանդիպման ընթացքում որոշվեց, որ նախարարների եռակողմ հանդիպումները պետք է տեղի ունենան պարբերաբար՝ տարեկան երկու անգամ:

Թբիլիսիում պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումն այս տարվա առաջին հանդիպումն էր: Հատկանշական է, որ եռակողմ ռազմական համագործակցության հիմնական ոլորտներն են ռազմական կրթությունը, համատեղ զորավարժությունները, ինչպես նաև տարբեր լոգիստիկ հարցեր: Բացի այս ամենից, եռակողմ համագործակցության հիմնական առաջնահերթությունն է ապահովել եռակողմ ենթակառուցվածքային ծրագրերի (խողովակաշարեր, երկաթուղի) անվտանգությունը, ինչն ունի տարածաշրջանային կարևորություն: Չենք կարող բացառել նաև, որ համագործակցության ռազմական բաղադրիչի զարգացմամբ Ադրբեջանը և Թուրքիան նպատակ են հետապնդում լարվածություն առաջացնել հայ-վրացական հարաբերություններում: Այս մասին է վկայում այն հանգամանքը, որ Թբիլիսիում  հենց թուրք և ադրբեջանցի նախարարների կողմից կարևորվեց համագործակցության ամրապնդմանն ուղղված ռազմական հուշագրի մշակման և կնքման անհրաժեշտությունը, ինչը հիմք կծառայի այս ոլորտում համագործակցության հետագա խորացման համար:

Հաշվի առնելով տարածարջանում ուժերի բաշխումը, ինչպես նաև առկա իրողությունները՝ տրամաբանական է, որ եռակողմ համագործակցության կոնցեպտը տարբեր բարիքների ապահովումից բացի իրենից ներկայացնում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Վրաստանի վրա ազդելու մեխանիզմների ամբողջություն: Վերջին շրջանում նման ռիսկերի վերաբերյալ սկսել են բարձրաձայնել անգամ որոշ վրացի փորձագետներ՝ ուշադություն հրավիրելով մի կողմից Աջարիայում Թուրքիայի կողմից իրականացվող տնտեսական էքսպանսիային, մյուս կողմից՝ Ադրբեջանի կողմից Վրաստանում ադրբեջանական համայնքի կազմակերպմանն ուղղված քայլերին: Պատահական չենք կարող համարել նաև վերջին շրջանում պարբերաբար դարձած միջադեպերը Վրաստանի ուղղափառ և իսլամադավան քաղաքացիների միջև:

Միամտություն կլինի կարծել, որ վրացական ղեկավարությունը չի գիտակցում հնարավոր
մարտահրավերները, իսկ եռակողմ համագործակցությունը միշտ բխում է Վրաստանի ազգային շահերից: Չնայած այս ամենին, հարևանների քաղաքական և տնտեսական ազդեցությունը վերածվել է այնպիսի կարևորության գործոնի, որի հետ վրացական ղեկավարությունը չի կարող հաշվի չնստել: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա գաղտնիք չէ, որ եռակողմ ձևաչափի ամրապնդումը չի բխում մեր շահերից:  Հնարավոր մարտահրավերների կանխման կամ նվազեցման համար անհրաժեշտ է Վրաստանի ուղղությամբ տարվող քաղաքականությունում լինել առավել նախաձեռնողական և դարավոր բարեկամութան ճառերից անցնել ռեալ փոխշահավետ համագործակցային մոդելների մշակման, որոնց հիմքում կարող են դրվել ինչպես երկու երկրների ինտեգրացիոն գործընթացների արդյունքում ստեղծված հնարավորությունները, այնպես էլ նրանց տրանզիտային պոտենցիալը: Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա առանցքի հակահայկական բնույթը կանխելու միակ տարբերակը հայ-վրացական ռազմավարական գործընկերության շարունակական ամրապնդումն է: Ինչ վերաբերվում է վրացական կողմի քայլերին, այս առումով պետք է ապավինել վրացական ղեկավարության խոհեմությանը և որոշ «կարմիր գծերի» առկայության գիտակցմանը: Դրանց թվում են դարավոր հարևան Հայաստանի շահերը: Վրաստանի կողմից հավասարակշռված և ռացիոնալ դիրքորոշման դրսևորում կարող է դառնալ մի կողմից հայ-վրացական հարաբերություններին զարգացման նոր ազդակների հաղորդումը, մյուս կողմից՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ ձևաչափում հակահայկական բնույթ ունեցող քայլերից խուսափելը, հակառակ դեպքում՝ հայկական կողմին այլ բան չի մնա, քան բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել սեփական շահերը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: