ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ-չինական տնտեսական հարաբերությունները. հարցեր, որոնց մասին քիչ է խոսվում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կատարած այցը Չինաստան դարձավ լրատվամիջոցների ամենաքննարկելի թեմաներից մեկը: Այցն ամենայն մանրամասնությամբ լուսաբանվեց, ոգևորության ալիք նկատվեց հասարակական գրեթե բոլոր շերտերի մոտ, առավելապես` գործարար ոլորտի ներկայացուցիչների: Նախագահի այցից սպասելիքները շատ մեծ էին, և արդեն այսօր` այցից ընդամենը օրեր անց, այդ սպասելիքները, կարծես, արդարանում են:

Ապրիլի տասին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդիպեց ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Կողմերը քննարկեցին հայ-չինական տնտեսական հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հետ կապված հարցեր` մասնավորապես առաջ քաշելով Հայաստանի` Չինաստանի համար ներդումային և աշխարհագրական դիրքի գրավչության փաստը:

Ոլորտային զարգացման համատեքստում առանձնացվել են Հայաստանում պղնձաձուլարանի կառուցումը, պողպատի ձուլման, հարթապակու արտադրության կազմակերպումը, ցեմենտի արտադրության մեջ չինական նորարար տեխնոլոգիաների օգտագործումը, գյուղմթերքի վերամշակումը, շինանյութերի արտադրությունը և զբոսաշրջության ոլորտը:

Թերևս այսքանը բավարար է գոնե մոտավորապես պատկերացնելու` ինչ մեծ աշխուժություն կմտնի մեր երկրի տնտեսական կյանքում, եթե վերը նշված համագործակցությունը կյանքի կոչվի: Սրանք այն ռազմավարական ոլորտներն են, որոնք առաջին հայացքից, կարող են դառնալ հայ-չինական հարաբերությունների զարգացման առնացքը: Մինչդեռ մենք ունենք համագործակցության տարատեսակ հնարավոր ածանցյալներ, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ստանալով թեկուզ և փոքր ճյուղավորումներ, կարող է հանդիսանալ մեծ ներդրում հայկական տնտեսության մեջ:

Համագործակցության բավական հաջող նախադեպ է հանդիսանում կրթական համագործակցության փորձը, որը, սակայն, չի դարձել լայն քննարկումների առարկա: Տարիներ առաջ, երբ Բժշկական ինստիտուտի ռեկտոր Վիկտոր Պարույրովիչը, հետագայում նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այց կատարեցին Հնդկաստան, այդ այցերին հաջորդեց ուսանողների մեծ հոսք մեր երկիր: Երևի թե ավելորդ չի լինի նշել, որ ուսանողների այդ հոսքով մեր երկիր եկան հարյուրավոր երիտասարդներ, ովքեր Հնդկաստանից իրենց բերած ու անընդհատ եկող գումարները ծախսում էին մեր երկրում, վարձակալում էին բնակարանները, ինչու չէ, փորձում ներդրումներ անել մեր տնտեսությունում, ինչպես նաև իրականացնում չպլանավորած փորձի փոխանակում:

Չինաստան կատարած այցի ժամանակ նախագահ Սարգսյանը ևս անդրադարձել է կրթական համագործակցությանը, և եթե հնդիկ ուսանողների օրինակը կրկնվի նաև չինացի ուսանողների դեպքում, ապա կարող ենք կանխատեսել օտաերկրյա ուսանողների հոսքի մի քանի անգամ ավելացում (այստեղ հաշվի է առնվում բնակչության քանակի հարաբերակցությունը): Բացի այդ, եթե լինենք մի փոքր առավել օբյեկտիվ, ապա չինացի ուսանողների հոսքը որակապես ավելի շահեկան հետևանքներ է ենթարդում, քան հնդիկներինը: Խոսքն այստեղ չինացիների կենսամակարդակին ու գիտատեխնիկական զարգացվածության աստիճանին է վերաբերում:

Հատկանշական է նաև, որ հայ-չինական գործարար հարաբերությունների զարգացումը կապահովի չինական յուանի ակտիվ շրջանառություն մեր երկրում: Դա պայմանավորված կլինի արդեն ոչ միայն ուսանողների` իրենց հետ բերվող դրամներով, այլև` առևտրային հարաբերությունների զարգացումով: Չինաստանն այսօր հանդիսանում է մի երկիր, որն ունի կոնկրետ նպատակ` դարձնել յուանը միջազգային փոխարկելի արժույթ: Ուստի ցանկացած երկրի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հիմքում այդ երկիրն ընտրում է յուանով աշխատելու սկզբունքը: Մեզ համար` մի երկրի, որն իր արտաքին առևտրաշրջանառությունը սպասարկում է հիմնականում դոլարով, յուանով դիվերսիֆիկացիան կապահովի նաև որոշակի երաշխիք` ֆինանսական շուկան մեծ տատանումներից որոշակիորեն ապահովագրելու համար: Որպես ֆինանսական դաշտի անկայունության վերջին օրինակ՝ մեր քաղաքացիները բավական լավ են հիշում նախորդ տարվա վերջին դոլարի և ռուբլու գրանցած անկումը:

Կարողանալով դիվերսիֆիկացնել հիմնական արտարժույթի շուկան` մենք փաստորեն մեծացնում ենք նաև դրամի պահանջարկը, ուստի հնարավոր է նաև դրամի արժևորում: Չնայած, այստեղ առկա է մեծ ռիսկ, որ մեզ անհրաժեշտ յուանը կարող է ձեռք բերվել դոլարով: Հենց այստեղ է, որ պետք կգա պետական, երկկողմ համաձայնագրի կարգավորում, որը կենթադրի նաև հայկական դրամի շրջանառության ապահովում:

Մեկ այլ դրական ածանցյալ, որը կնպաստի Չինաստանի հետ հարաբերությունների խորացմանը, ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամակցությունն է: Չինաստանը համարվում է ԵԱՏՄ-ին դրական տրամադրված երկիրը, որը պատրաստ է համագործակցության զարգացման այդ միության հետ: Փաստորեն, Չինաստանի օրինակով ևս համոզվում ենք, որ այն մտավախությունները, թե ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը մեր երկիրը գցում է փակուղու մեջ, անհիմն են:

Եվ վերջապես, Չինաստանը համաշխարհային տնտեսությունում մեծ խաղացողի դերակատարում ստանձնելու իր նկրտումներով, կարող է օգտագործել Հայաստանը, որը յուրօրինակ աշխարհագրական, տնտեսական ու քաղաքական խաչմերուկ է Արևումտքի և Արևելքի միջև: Ընդ որում՝ օգտագործել լավ իմաստով, քանի որ սա այն դեպքերից է, երբ օգտագործվելով ավելի շատ օգտագործում ես ինքդ:  

ՀՀ-Չինաստան հարաբերությունները մտնում են որակական ու քանակական նոր փուլ: Սա ակնհայտ ճշմարտություն է, որը դրական է դիտվում բոլոր առումներով: Սակայն այս ամենին զուգահեռ պետք է հաշվի առնել, որ համաշխարհային քաղաքատնտեսական վերջին զարգացումները ստեղծել են մի այնպիսի իրավիճակ, որտեղ Հայաստանի նշանակությունն ու դերակատարությունը կարող է կտրուկ աճել: Հենց միայն Իրանի միջուկային ծրագրի հետ կապված առաջընթացը և Հայաստանի անդամակցությունը 170 միլոիանանոց շուկա ունեցող տնտեսական միությանը ստեղծում են նման հիմքեր: Այս առումով, մենք ոչ միայն կարիք ունենք որոշ նախապայմանների, ճկունության ու երկար մտածված քաղաքականության, այլ նաև նման հնավարավորություններ ունի, և անհրաժեշտ է իրավիճակն օգտագործել ի շահ մեր պետության ու տնտեսության: Տվյալ պարագայում և՛ ավելորդ շտապողականությունը, և՛ հապաղումը միայն կխանգարի: Սա վերաբերում է ինչպես մեր արտաքին տնտեսական հայեցակարգի ձևավորմանը, որն այժմ գտնվում է նոր, զարգացող փուլում, այնպես էլ Չինաստանի հետ նոր համագործակցության կայացմանը:

 

հեղինակ՝ Լիլիա Ամիրխանյան


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: