ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցեղասպանությունը վերապրածի պատմություն. Մայրս մինչև կյանքի վերջ անիծում էր թուրքերին

 

 

«Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է Ցեղասպանությունը վերապրածի ժառանգ, Հայաստանի թատերական գործիչների միության գլխավոր խմբագիր Յաշա Չախոյանի ընտանիքի պատմությունը:

 

 

Ծնողներս ապրել են Արևմտյան Հայաստանում: Մայրս ծնվել է Սարիղամիշում, հայրս՝ Կարսում: Սկսենք հորիցս, քանի որ մորս պատմությունն ավելի տխուր և ավելի ողբերգական է:

Հայրս՝ Բարսեղ Մարտիրոսի Չախոյանը, ծնվել է 1908 թվականին Կարս քաղաքում: Պապս՝ Մարտիրոսը, աշխատել է Կարս-Գյումրի երկաթգծում՝ որպես ավագ մասնագետ: 1918 թվականին, Ցեղասպանությունից մազապուրծ, հասել են Գյումրի: Ճանապարհին մահացել է տատս: Տունն ու տեղը թողած՝ պապս երկու տղաների՝ հորս ու փոքր հորեղբորս՝ Արարատի հետ, ապաստան է գտել Գյումրիում: Պապս հիվանդանում է, երկու որբերը հայտնվում են Գյումրիում տեղակայված ամերիկյան որբանոցում: Հայրս եղել է 11 տարեկան, հորեղբայրս՝ 8: Արարատը հորս ծոցի մեջ մահանում է: Հայրս պատմում է. «Երբ լուսացավ, եղբայրս արդեն սառած էր: Նրան տարան… Օրեր անց արդեն պատրաստվում էին որբերին տանել Ամերիկա, սակայն հայրս, որը երկար ժամանակ հիվանդ էր, լսելով այս մասին, գտավ և մեծ դժվարությամբ վերցրեց ինձ: Տեղափոխվեցինք «Բայանդուր» կայարան, որտեղ և անցան իմ դժբախտ մանկությունը և ամուսնությանս դժվարին տարիները»:

Պապս նոր ընտանիքի հետ տեղափոխվում է Երևան, ունենում է երկու տղա, երկու աղջիկ: Նա աշխատում էր երկաթգծում:

Մայրս՝ Եղիսաբեթ Նիկոլի Պետրոսյանը, ծնվել է Սարիղամիշում 1910 թվականին՝ հարուստ և կրթված ընտանիքում: Մայրս եղել է չորս եղբոր միակ քույրը: Պապս նույնպես աշխատել է երկաթգծում: 1918 թվականին` «փախեփախի» ժամանակ (մայրս հաճախ էր «փախեփախ» բառն օգտագործում) եկել են Գյումրի, որոշ ժամանակ անց կրկին վերադարձել են իրենց հայրենի օջախը՝ կարծելով, թե ամեն ինչ վերջացավ, խաղաղվեց: 1919 թվականին պապս, տատս՝ Մագդան, և հինգ երեխաները նորից սայլով փախել են դեպի Գյումրի: Ճանապարհին երեք թուրք զինված ձիավոր բռնում են նրանց, իջեցնում սայլից, անկանոն կրակում նրանց վրա և սայլն իրենց հետ տանում են Արևմտյան Հայաստան: Նրանց հեռանալուց հետո պապս՝ Նիկոլը, բարձրացնում է գլուխը և ասում.«Ո՞վ է կենդանի, վե՛ր կացեք»: Մայրս գլուխը բարձրացնում և ձայն է տալիս: Տատս և մորս չորս եղբայրները մահացած են լինում: Պապս հազիվ կարողանում է նրանց մարմինները ճանապարհից դուրս հանել: Այնուհետև, մորս ձեռքից բռնած, վերջին անգամ նայում են հարազատներին և լացակումած հեռանում: Իրոք, մազապուրծ… Ճանապարհին հարյուրավոր անթաղ մեռելներ, կոտորած, կոտորած, կոտորած... Մի՞թե սա ցեղասպանություն չէ… Դե ե՛կ վարդապետ ու մի՛ խելագարվի… Այստեղ կարելի է հիշել Սիամանթոյին. «Կոտորած, կոտորած, կոտորած, քաղաքներին մեջ և քաղաքներեն դուրս»: Մայրս մինչև իր կյանքի վերջն (1992 թ.) անիծում էր թուրքերին: Եվ միշտ հիշելիս թախիծ ու տխրություն կար աչքերում: Չէր սիրում պատմել, ես չէի ստիպում, որ մանրամասներ. նրա համար ծանր էր հիշել արնաշաղախ, մահացած, անթաղ հարազատներին:

Երկու որբերն իրար հանդիպեցին Գյումրիում և կազմեցին ընտանիք, ապրեցին ծանր ու դժվարին օրեր: Մայրս պատմում է, որ «Բայանդուր» կայարանում (հայրս նույնպես երկաթգծում էր աշխատում), ուր ապրել են սկզբնական շրջանում, հայրս կառուցում է փոքր կացարան (չասենք՝ տուն) և հաճախ վառարանը ցախ էր լցնում, միայն ջրով լի կաթսան դնում վառարանին, որ իմանան՝ Բարսեղի օջախից էլ է ծուխ բարձրանում… Անցան երկար ու ձիգ տարիներ: Տեղափոխվեցինք «Անի» կայարան, որտեղ ապրեցինք փառք ու պատվով, օրեցօր շենանում էր մեր ընտանիքը: Ապրում էինք բարեկեցիկ կյանքով: Այնուհետև տեղափոխվեցինք Երևան և կառուցեցինք հարմարավետ սեփական տուն:

Ծնողներս ապրեցին 82 տարի, վայելեցին իրենց ծերությունը՝ շրջապատված զավակներով ու թոռներով: Այստեղ ուզում եմ հիշել Շիրազի տողերը. «Հին աշխարհը չեմ տեսել ու ոչ մի բան չեմ հիշում, բայց թողել է նա մի թել մորս աչքի մշուշում»: Մայրս հումորով կին էր, բայց նրա աչքերում միշտ թախիծ կար, և մինչև վերջ այդ թախիծը չվերացավ:

Պապս՝ Նիկոլը, ամուսնացավ և նոր ընտանիք կազմեց, բայց մորս նկատմամբ այլ զգացմունք ուներ. չէ՞ որ նրա առաջին ընտանիքի միակ ժառանգն էր. չորս որդիների և կնոջ կարոտը մորիցս էր առնում: Պապս ապրում էր քեռուս մոտ: Մորս հետ հաճախ էինք այցելում նրան: Մի օր էլ հերթական այցի ժամանակ քեռիս ասաց. «Արի՛,արի՛ պապդ գժվել է, ասում է ինձ տարե՛ք Սարիղամիշ, տեսնեմ իմ տունը, մեր բակը, անտառները, մանկությանս վայրերը, հետո մեռնեմ»: Խե՜ղճ պապ, քո ցանկությունը խելագարի խոսք չէր, քո ասածը կարոտած ու մահացող մարդու իղձն էր, վերջին փափագը...

Շատ կարճ ներկայացրի ծնողներիս ապրած կյանքի պատմությունը: Հիմա ծնողների՞ս հավատամ, թե՞ Էրդողանի պատմաբաններին…  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: