ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղպտի Եկեղեցու հովվապետը ժամանեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Ապրիլի 20-ին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների առիթով, հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստան ժամանեց Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Նորին Սրբություն Թևադրոս Բ-ը:

Օդանավակայանում Ղպտի Եկեղեցու առաջնորդին դիմավորեցին Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Մայր Աթոռի կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Մայր Տաճարի առջև, Թևադրոս Բ Պատրիարքին դիմավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Եղբայրական ողջագուրումից հետո երկու Եկեղեցիների հովվապետերը զանգերի ղողանջների ներքո թափորով առաջնորդնվեցին Մայր Տաճար, ուր Իջման Ս. Սեղանի առջև կատարվեց գոհաբանական աղոթք:

Աղոթքից հետո Ամենայն Հայոց Հայրապետը բարիգալստյան խոսքով ողջունեց Նորին Սրբություն Թևադրոս Բ-ին:

«Մենք մեծ մխիթարություն ենք ապրում, որ այս օրերին, երբ մեր ժողովրդի զավակները ոգեկոչում են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, մեր Քույր Եկեղեցու հոգևոր պետը Մեզ հետ է և մեր ժողովրդի կողքին»,- ասաց Նորին Սրբությունը: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ առաջիկա օրերին տարբեր Եկեղեցիների հոգևոր պետեր և ներկայացուցիչներ միասնաբար պիտի դատապարտեն աշխարհում մարդկային կյանքի դեմ ուղղված ամեն տեսակի ոճրագործություն, ինչպես նաև աղոթեն աշխարհի խաղաղության և բարօրության համար:  Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց նաև, որ Երկնավոր Տերն արդյունավորի Եկեղեցիների աստվածադիր առաքելությունը` ավելիով նպաստելու ժողովուրդների միջև փոխհասկացողության և հանդուրժողականության ոգու զորացմանը: Վերջում Նորին Սրբությունը Թևադրոս Բ Պատրիարքին ցանկացավ Տիրոջ զորակցությունն իր դժվարին առաքելության մեջ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքից հետո ողջույնի ու երախտիքի խոսքով հանդես եկավ Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Թևադրոս Բ-ը: Նշելով, որ մշտապես հետաքրքրված է եղել Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի բազմադարյա պատմությամբ` Ղպտի Եկեղեցու առաջնորդն անդրադարձավ նաև երկու Եկեղեցիների միջև առկա բարեկամական սերտ գործակցությանը: Խոսքի ավարտին Թևադրոս Բ-ը վստահություն հայտնեց, որ այս այցելությունը Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատքի վերանորոգման առիթ պիտի դառնա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: