ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բացառիկ հարցազրույց Genealogy խմբի հետ. Սա անկեղծ լինելու կոչ է

2015թ. մայիսին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույցի ժամանակ Հայաստանը կներկայացնի Genealogy խումբը՝ կազմված Հայաստանից և 5 աշխարհամասերից հրավիրված հայ երգիչներից կազմված խումբը: Նրանք հանդես կգան «Face The Shadow» երգով, որը խորհրդանշում է 1915թ. Հայոց Ցեղասպանության հետևանքով ամբողջ աշխարհով սփռված հայության կոչը յուրաքանչյուրին՝ լինել ազնիվ և առերեսվել ճշմարտությանը:

Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ բացառիկ հարցազրույցը Genealogy խմբի անդամների և Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի հետ: 

«Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն այս տարի որոշում ընդունեց Եվրատեսիլ երգի մրցույթին ներկայացնել նոր ձևաչափ: Կառուցելով կամուրջներ` Genealogy խումբը համախմբեց երկրագնդի հինգ աշխարհամասերում (Եվրոպա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա, Ասիա) և Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին. 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն: Մենք այս տարի իրագործեցինք մեր տարիների վաղեմի երազանքը, որովհետև միշտ ցանկացել ենք համախմբել սփյուռքահայերին, հայ երիտասարդներին, ովքեր ապրում են Հայաստանից դուրս. այս տարին ամենահարմարն էր դրա համար»,- նշել է Գոհար Գասպարյանը: 

Մասնակիցները մեզ պատմել են իրենց զգացողությունների մասին, երբ ստացել են նախագծին մասնակցելու հրավերը:

Ինգա Արշակյան (Հայաստան). «Genealogy խմբի մասնակից լինելը մեծ երջանկություն է ինձ համար և առաջին հերթին Եվրատեսիլյան բեմ նորից բարձրանալու հնարավորություն: Մեծ ոգևորությամբ և իհարկե հուզմունքով ընդունեցի այդ առաջարկը: Նախագծի ձևաչափը նորություն էր և կարծում եմ հաջողություն անպայման կունենա»:  

Ստեֆանի Թոփալյան (Ճապոնիա, Ասիա). «Մտքովս երբևիցե չէր կարող անցնել, որ օրերից մի օր նման առիթով Հայաստանում կլինեմ: Այն ամենն, ինչ տեղի է ունենում ինձ հետ, ուղղակի անհավատալի է: Այնքան շնորհակալ եմ ինձ ընտրելու համար: Սա անհավատալի է»:

Եսայի Ալթունյան (Ֆրանսիա, Եվրոպա). «Genealogy-ն մեր արմատն է. մարդ պետք է իմանա որտեղից է գալիս, որ իմանա ուր է գնում: Երբ ստացա առաջարկը, մեծ սիրով և ոգևորվածությամբ ընդունեցի այն՝ ոչ միայն եվրատեսիլյան հետաքրքիր փորձ ձեռք բերելու, այլև ծագումնաբանական նմանատիպ գաղափար կրող նախագծի մաս դառնալու համար:  Չափազանց մեծ առաքելություն է: Մենք բոլորս բեմում ուղղակի հայ ենք լինելու, ովքեր ներկայացնելու են միլիոնավոր մարդկանց»:

Թամար Կապրելյան (ԱՄՆ, Ամերիկա). «Genealogy-ի հիմքում ընկած գաղափարն ուղղակի փայլուն է: Նախագիծը հնարավորություն է ընձեռում մի հարթակում հավաքել աշխարհի տարբեր ծայրերի հայերին: Շատ ուրախ եմ, որ մասնակից եմ այս ամենին. նման հնարավորություն կյանքում մեկ անգամ է տրվում»:

Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյան (ԱվստրալիաԱվստրալիա). «Մինչ ինձ ուղարկված նամակի բովանդակությանը ծանոթանալը, կարծում էի` որևէ օպերային համերգի մասնակցության հրավեր պետք է լինի: Իսկ այս առաջարկը չափազանց անկանխատեսելի և միևնույն ժամանակ հիասքանչ էր, իսկ հիմա դա արդեն իրականություն է»:

Վահե Թիլբյան (Եթովպիա, Աֆրիկա).  «Երբ Հանրային հեռուստաընկերությունից նամակ ստացա և իմացա, որ խմբի վեց անդամներից մեկն եմ, մի շարք զգացողություններ միախառնվեցին իրար՝ հպարտություն, ուրախություն, հուզմունք: Զգացի, որ կարող եմ Հայաստանի մաս կազմել և մրցույթին ներկայացնել մի ամբողջ ժողովրդի»:

 

 «Արմեդիա» ՏՎԳ-ի խնդրանքով խմբի մասնակիցները նաև պատմել են երգի իրենց ընկալման և դրանում պարունակվող ուղերձի մասին:

Վահե Թիլբյան. «Մեր երգն ինձ համար աննկարագրելիորեն ուժեղ իմաստ ունի, թե ինչպես կառուցել ամեն տեսակի հարաբերություններ՝ լինի դա ընկերական, սիրային, թե՝ ընտանեկան: Երգը կոչ է ազնիվ լինելու, առաջին հերթին, ինքներս մեր և այն բոլոր մարդկանց նկատմամբ, ովքեր շրջապատում են մեզ, չժխտել այն զգացմունքները, որոնք ապրում են, այն հույզերը, որոնք  ցանկանում ենք ի ցույց դնել և իհարկե այն խոսքերը, որոնք  ցանկանում ենք ասել: Միայն այդ դեպքում Դուք Ձեզ ազատ կզգաք և կունենաք ավելի լավ, ավելի իմաստուն կյանք՝  հոգեպես ավելի հանգիստ»:

Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյան.  «Երգը սիրո և ներողամտության շատ ուժեղ կոչ է, որոնք համամարդկային արժեքներ են բոլորի համար: Ինան կարողացել է շատ ներդաշնակորեն միավորել երգի խոսքերը երաժշտության հնչյունների հետ: Արմենն, իր հերթին, փայլուն կերպով ցույց է տվել և ներկայացրել մեզնից  յուրաքանչյուրի  ձայնային կարողություններն ու յուրաքանչյուրիս անհատական ոճը: Մարդիկ կհիշեն «Եվրատեսիլ 2015»-ը, քանի որ հենց այդ տարի առաջին անգամ կհնչի «Առերեսվի՛ր ստվերին» երգը»: 

Թամար Կապրելյան«Երգը սիրո մասին է, որը պատմում է ինչպես նվիրվել հարաբերություններին լիովին՝ թույլ տալով ինքներդ Ձեզ լինել նրանց հետ կապված և մշտապես նրանց կողքին: Խմբի ստեղծման գաղափարը 5 տարբեր աշխարհամասեր ներկայացնելն է: Ես ինքս ներկայացնում եմ Ամերիկան՝ Հյուսիսային Ամերիկան, իսկ բոլորս միասին ներկայացնում ենք Հայկական սփյուռքը: Երգելով միասին՝ մենք երգում ենք սիրո և խաղաղության մասին»:

Եսայի Ալթունյան.  «Երգն իսկապես շատ դրական է, ինչպես նաև ուժեղ:  Այն ներառում է իր մեջ 5 աշխարհամասեր, որի հիմքում ընկած է մեկ գաղափար՝ միավորել դրանք մեկում: Երգը նման է վերելակի, որը ձգվում է դեպի երկինք և հասնելով այնտեղ՝ տպավորություն է ստեղծվում, որ դու կանգնած ես շնչակտուր և սրտի բաբախումով:  Ես սիրում եմ այդ զգացողությունը»:

Ստեֆանի Թոփալյան. «Երգը լսելիս տպավորություն է ստեղծվում, որ այն ոչ թե 3 րոպե է ձգվում, այլ մի ամբողջ հավերժություն. այն նման է մի ամբողջ կյանքի պատմության: Մի քանի րոպեների ընթացքում երգը կարողանում է մեզ փոխանցել շատ կարևոր բաներ: Այն շատ քաղցրահունչ է՝ լի սիրով, տխրությամբ և զայրույթով, խիզախությամբ և հզորությամբ: Այն նման է մեր սրտին, մոտ է մեր հոգուն... »:

 

 

 

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: