ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հուշեր Ցեղասպանության օրերից…

Ցեղասպանության ժամանակ փրկվածները ողջ կյանքում կրել են այդ օրերի, տարիների ցավն ու վիշտը, այն տառապանքն ու ողբերգությունները, որ իրենք զգացել կամ որոնց ականատես են եղել: Այնուհետև պատմել են դա իրենց երեխաներին, թոռներին, հանձնել օրագրերի էջերին, դարձրել մեր պատմության անբաժան մի մաս: Յուրաքանյուր պատմություն յուրօրինակ է, սակայն բոլորին միավորում է Ցեղասպանության ոճիրն ու դժբախտությունը: 

Այս պատմությունները պատմում են Ցեղասպանությունից փրկվածների ժառանգները: Դեռ այսօր էլ հիշողությունները թարմ են անգամ ժառանգների համար: Ձեզ ենք ներկայացնում հատվածներ վերապարծների, նրանց ժառանգների հուշերից: 

 

«Իմ տատիկը՝ Արշալույս Հովհաննեսի Բերբերյանը (Սառաջյանը) ծնվել է Վան քաղաքում 1898թ.-ին: Իր հուշերն ամփոփել է երկու մեծ տետրերում և անվանել «Կյանքիս եզերքով»:

Մեջբերում եմ հատվածներ նրա տետրից. «Մենք՝ վանեցիներս, 1915թ. հուլիսի 15-ին թողինք մեր ծննդավայր ու մեր հարազատ երկիր, տուն ու տեղ, քաղցր օդն ու ջուր, բախտի ձեռին եղանք մի խաղալիք, գաղթի սև ճամփան բռնեցինք ու թափառականի նման ընկանք աշխարհից աշխարհ, ուժեղ փոթորիկի մատնված նավի նման խփվեցինք էս ժայռին, էն ժայռին ու ջախջախված նավը քշեց մեզ, տարավ-հանեց օտար, անհարազատ ափեր: Հեքիաթներում շատ էինք լսել դժոխքի մասին իր ամբողջ սոսկալի կողմերով, բայց ո՞վ կարող էր երևակայել, թե կարող է օրերից մի օր մենք մեր աչքով տեսնենք և մեր սեփական կաշվի վրա զգանք դժոխքն իր իսկությամբ, անասելի տանջանքներով ու չարչարանքներով: Մտածում էի՝ ասում են` դժոխք միայն վատերին, մեղավորներին է բաժին ընկնում, բա էս խեղճ հայ ժողովուրդ ի՞նչ մեղք ունի, որ հանկարծ մատնվավ էս սև ու դաժան օրերին...»,- պատմում է Անահիտ Բերբերյանը:

«Սրբուհի տատիկս ծնվել է 1906 թվականին Վանի Ալյուր գյուղում, որը գտնվում է Վանա լճի արևելյան ափին: Ալյուր գյուղում սկսվել են սարսափելի կոտորածներ: ամբողջ գյուղը մինչև լուսաբաց մոխրի է վերածվել: Տղամարդիկ ովքեր հասցրել են փախչել, փրկվել են, մյուսներին կոտորել են, այրել, սպանել… Կանանց ու երեխաներին լցրել են եկեղեցին ու դռներն ամուր փակել: Շուրջ 40 օր անհաց ու անջուր մնացել են եկեղեցում: 41-րդ օրը դռները բացվել են: Բանտարկվածների մեծ մասը սովամահ է եղել: Կենդանի մնացածներին ստիպել են բռնել աքսորի ճամփան: Վանա լճի մոտով անցնելիս երկու կին խաչակնքվել են ու ժայռից նետվել…»,- պատմում է Անահիտ Ղազարյան:

«... Գաղթի դաժան ճանապարհին, զինված ջոկատների կողմից հետապնդվելով, հայ ընտանիքները մասնատվում են, ցրվում, մի մասը մահանում է՝ չդիմանալով ճանապարհի դժվարություններին, քաղցին, ծարավին: Ճանապարհին իր ծնողներին և հարազատներին կորցնում է նաև տատիկս: Ճանապարհի արհավիրքների պատճառով մարդկանց ուղեղում միայն մեկ միտք էր. «Մեր հետևից գալիս են, պետք է փախչել»: Քայլել են օրերով առանց քնի, առանց հանգստի: Տատիկս ասում էր, որ քնելու, պառկելու ցանկությունը շատ մեծ էր, բայց չէին կարող: Նույնիսկ մի անգամ տատիկս ասել է. «Ինձ թողե՛ք այստեղ, դուք գնացե՛ք…»: Սակայն հարազատները նրան չեն թողել: Գաղթի ճանապարհին մեծահասակներից շատերն են մահացել: 12-13 տարեկան տատիկս և մյուսները խնամել են իրենց հետ մնացած փոքրիկներին, գրկած կամ շալակած տարել նրանց: Սակայն ճանապարհի բարդությունների և ֆիզիկական հոգնածության պատճառով նրանք ստիպված են եղել երեխաներին դնել մեծ քարերի մոտ, բլրոտ վայրերում, թփերի ստվերում, նրանց մոտ թողել են շաքարաջրով շաղախած փոխինձ և առանց հետ նայելու, արցունքն աչքերին հեռացել… Տատիկս միշտ ասում էր, որ իր ականջներում դեռ հնչում է իրենց հետևից լացող և գոռացող մանուկների ձայնը, ովքեր կանչում էին. «Մեզ էլ տարե՛ք, մեզ մի՛ թողեք»: Բայց նա ինքը երեխա էր և չէր կարող օգնել...»,- պատմում է Անահիտ Հարությունյանը:     

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: