ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օբաման չօգտագործեց «Ցեղասպանություն» բառը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա ապրիլ 24-յան ուղերձում չօգտագործեց «Ցեղասպանություն» բառը՝ 1915 թվականի դեպքերը նկարագրելով որպես Մեծ եղեռն: 

Օբաման իր ելույթում, մասնավորապես, ասել է․

«Այս տարի մենք հիշատակում ենք Մեծ եղեռնի` 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագությունների հարյուրամյակը: 1915 թվականից սկսած Օսմանյան կայսրությունում ապրող հայերը տեղահանվեցին, կոտորվեցին և իրենց մահը գտան գաղթի ճանապարհին: Ոչնչացվեց նրանց մշակույթը և ժառանգությունը իրենց հինավուրց հայրենիքում: Սարսափելի բռնությունների հետևանքով, որոնք տառապանք բերեցին բոլոր կողմերին, մեկուկես միլիոն հայեր կործանվեցին: 

Երբ 1915-ի սոսկալի իրադարձությունները բացահայտվեցին, ԱՄՆ դեսպան սըր Հենրի Մորգենթաուն տագնապի ազդանշան հղեց ԱՄՆ իշխանություններին և հակամարտության մեջ մտավ օսմանյան ղեկավարության հետ: Նրա և այսօրինակ այլ ջանքերի շնորհիվ երևան եկավ ճշմարտությունը Մեծ եղեռնի մասին և ավելի ուշ իր ազդեցությունը թողեց այնպիսի իրավապաշտպանների աշխատանքի վրա, ինչպիսին էր Ռաֆայել Լեմկինը, ով իր ներդրումն ունեցավ Միացյալ ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հռչակագրի ընդունման գործում:

Այս դաժան կոտորածների ֆոնին ամերիկացի և հայ ժողովուրդները կապվեցին համայն մարդկության կապերով: Հասարակ ամերիկացիները միլիոնավոր դոլարներ հանգանակեցին` տուժած հայ երեխաներին օժանդակություն ցուցաբերելու համար: ԱՄՆ կոնգրեսը հիմնեց Մերձավոր Արևելքի Օգնություն կազմակերպությունը, որը միջազգային մարդասիրական օգնության ոլորտում առաջամարտիկ կազմակերպություն է: Հազարավոր հայ փախստականներ նոր կյանք սկսեցին ԱՄՆ-ում, որտեղ նրանք ուժեղ և ակտիվ համայնք ձևավորեցին` դառնալով ամերիկյան հասարակության հիմնասյուններից մեկը: Հասնելով հասարակության մեջ բարձր դիրքի` գործարարներ, բժիշկներ, դերասաններ և մարմնամարզիկներ` նրանք իրենց անգնահատելի ներդրումն ունեցան իրենց նոր օջախում: 

Այս հարյուրամյակը հանդիսավոր պահ է: Այն մեզ կոչ է անում անդրադառնալ պատմական հիշողության կարևորությանը, ինչպես նաև պատմության հետ հաշվի նստելու դժվարին գործին: Ես հետևողականորեն հայտարարել եմ 1915-ին կատարվածի վերաբերյալ իմ սեփական տեսակետը, և իմ տեսակետը չի փոխվել: Փաստերի լիակատար, շիտակ և արդարացի ճանաչումը մեր շահերից է բխում: Ազգերն ավելի հզոր են, երբ զարգանում են՝ ճանաչելով սեփական անցյալի վտանգավոր դրվագները, և հենց դրա ճանաչման մեջ է նոր, ավելի հանդուրժող ապագա կառուցելու ճանապարհը: 

Մենք ողջունում ենք Ֆրանցիսկոս պապի, թուրք և հայ պատմաբանների տեսակետները, ինչպես նաև բոլոր նրանց կարծիքները, ովքեր ջանքեր են գործադրել պատմության այս մութ էջերին լույս սփռելու ուղղությամբ: Այս հանդիսավոր պահին մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին` հիշելու այն, ինչն արդեն կորսված է: Խոստանում ենք` ով տառապել է, չի մոռացվելու: Եվ մենք պարտավորեցնում ենք ինքներս մեզ դասեր քաղել այդ ցավալի ժառանգությունից, որպեսզի ապագա սերունդները չկրկնեն այն»:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: