ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեր ազգի հիշողության մեջ 1915-ի վերքերը չեն կարող սպիանալ․ Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր ողջ հայ ժողովուրդը, բոլոր հայերն աշխարհի տարբեր ծայրերում ոգեկոչում են Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Այսօր աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում հնչող զանգերն ազդարարում են Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը, և ամեն մի ղողանջի հետ նորոգվում են մեր 100-ամյա ցավն ու մորմոքը:

Մեր ազգի հիշողության մեջ 1915-ի վերքերը չեն սպիացել և չեն էլ կարող սպիանալ, քանի դեռ 20-րդ դարասկզբին աշխարհի աչքի առջև Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված այդ հրեշավոր ոճրագործությունը չի ստացել արժանի գնահատական, քանի դեռ այդ հանցավոր քաղաքականությունը շարունակվում է նաև մեր օրերում` ամեն անգամ ստանալով նոր կերպարանք ու նոր անուն:

Մենք խորապես շնորհակալ ենք ու երախտապարտ բոլոր այն ժողովուրդներին ու պետություններին, ովքեր օգնության ձեռք մեկնեցին թուրքական յաթաղանից հրաշքով փրկված մեր հայրենակիցներին՝ ապաստան և ապրելու հնարավորություն տալով տասնյակ հազարավոր հայ ընտանիքների ու որբերի: Նրանք հետագայում դարձան այդ երկրների արժանի քաղաքացիներ` նշանակալի ներդրում ունենալով իրենց երկրորդ հայրենիքի զարգացման գործում: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց ձայնը բարձրացրին բարբարոսների դեմ` մարդասիրական, բարոյական ու քաղաքական զորակցություն հայտնելով մեր ժողովրդին, ճանաչեցին ու դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը:

Հայ ժողովուրդը, որ աշխարհի ամենահին քաղաքակրթության կրողներից է, իր բազմադարյա պատմության ընթացքում տեսել է շատ արհավիրքներ, տարել անասելի զրկանքներ ու դիմակայել անհամար փորձությունների, սակայն երբեք չի կորցրել իր հույսն ու հավատը և ամեն անգամ դարձել է ավելի ամուր, ուժեղ ու իմաստուն: Ցեղասպանության ենթարկվելով և կորցնելով գրեթե ամեն ինչ` հայն աչքի լույսի պես պահել ու փայփայել է իր հավատքն ու լեզուն, մշակույթն ու ազգային ինքնությունը: Եվ դա օգնել է մեզ տարիներ հետո կերտել փառավոր հաղթանակներ և վերականգնել հայոց անկախ պետականությունը:

Այսօր Մայր Հայաստանը, ազատ ու անսասան Արցախը և հայրենանվեր Սփյուռքը միասին ու ձեռք ձեռքի կառուցում են իրենց կյանքի ճանապարհը. դա հայ ժողովրդի հավերժության ճանապարհն է, արդարության ու լույսի հաղթանակի ճանապարհը»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: