ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճանաչելով Ցեղասպանությունը՝ Գերմանիան կօգնի Թուրքիային

Կճանաչի արդյո՞ք Գերմանիան Հայոց ցեղասպանությունը։ Այս հարցն առավել քննարկվողներից  մեկը դարձավ այն բանից հետո, երբ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը՝ ապրիլի 24-ի նախօրեին իր ելույթում Ցեղասպանություն անվանեց 1915թ. տեղի ունեցածը։

Ապրիլի 24-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից քննարկումներ են անցկացվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որոնք ընթացքում բազմիցս օգտագործվել է Ցեղասպանություն եզրույթը։ Շրջանառության մեջ են գտնվում երեք բանաձևեր՝ պարունակող Ցեղասպանություն ձևակերպումը։ Բացի այդ, երկրի կանցլեր Անգելա Մերկելի մամլո խոսնակի հայտարարությունն ու Բուդեսթագում տեղի ունեցած քննարկումները հուշում են, որ Ցեղասպանության ճանաչումը Գերմանիայի կողմից այսօր առավել հավանական է դարձել, քան առաջ էր:

Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը մեծ կարևորություն ունի: Եվ հարցը նրանում չէ, որ Գերմանիան այսօր ԵՄ խոշորագույն տնտեսությունն ու, ընդհանրապես, աշխարհի խոշոր խաղացողներից է։ Խնդիրը վերջինիս աշխարհաքաղաքական դերակատարման, ինչպես նաև պատմական անցյալի մեջ է։

Գերմանիան մշտապես եղել է Թուրքիայի հիմնական գործընկերն ու դաշնակիցը։ Եվ այսօր էլ, հաշվի առնելով երկու երկրների տնտեսական հարաբերություններն ու Գերմանիայում թուրքական համայնքի մեծաքանակ լինելը՝ ԵՄ- Թուրքիա հարաբերությունները աշխարհաքաղաքական մեծ դեր ունեն:  

Այս տեսակետից, Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, կամ թեկուզ այդ հարցի նման բարձր մակարդակով քննարկումը լուրջ ազդակ է Թուրքիայի համար, որ համաշխարհային միտումներն ու տրամադրությունները լուրջ փոփոխությունների են ենթարկվում։

Գերմանիան, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, ուղղակի կամ անուղղակի աջակցություն է ցուցաբերել Թուրքիային Հայոց ցեղասպանության իրականացման հարցում։ Գերմանիայի կամ գերմանացի առանձին պաշտոնյաների ներգրավվածությունը դեռևս վիճարկվում է, սակայն գերմանական կողմի տեղեկացված լինելն ու առնվազն կանխելու քայլեր չձեռնարկելն արդեն իսկ վեջինիս հանցակից են դարձնում եղեռնագործ թուրք իշխանություններին։ Այդ հարցն այսօր սկսել է քննարկվել նաև գերմանական հասարակության շրջանում, կատարվում են հետազոտություններ, հրապարկվում են գրքեր։ Հայոց ցեղասպանությունն ու դրանում գերմանական հետքը դիսկուրսի առարկա են ժամանակակից Գերմանիայում:

Հետևաբար, Գերմանիան, որպես որոշ չափով հանցակից երկիր, պետք է առաջիններց մեկը ճանաչեր Հայոց ցեղասպանությունն ու կոչ աներ Թուրքիային ևս գնալ այդ քայլին։ Գերմանիան պատմական անցյալի հետ առերեսման, դրանից դասեր քաղելու և անցյալն ընդունելու միջոցով դիվիդենտներ քաղելով առաջ  ընթանալու հարուստ փորձ ունի, որն ուսանելի պետք է լինի նաև Թուրքիայի համար։

Գերմանիան՝ թե՛ իշխանությունները, թե՛ հասարակությունն այսօր հատուկ վերաբերմունք են մշակել Հոլոքոստի, դրա հիշողության, հետևանքների նկատմամբ: Բեռլինում կառուցված մեծ և ազդեցիկ հուշահամալիրը, թանգարանը, յուրաքանչյուր սպանված հրեայի տան դիմաց փակցված փոքրիկ ցուցանակը հարգանքի յուրահատուկ տուրք են սպանված հրեաների հիշատակին: Բացի այդ, այս ամենը յուրահատուկ ուղերձ է երիտասարդ սերնդին՝ անցյալի սխալները չկրկնելու նպատակով:

Իշխանությունների կողմից այսօր բազմաթիվ քայլեր են ձեռնարկվում հասարակության շրջանում նացիզմի, ֆաշիզմի, անտիսեմիտիզմի ցանկացած դրսևորում արմատախիլ անելու, կանխելու համար։ Եվ դա արվում է ոչ թե անցյալը մոռացության մատնելու, ժխտելու կամ հասարակության միֆերով դաստիարակելու, այլ անցյալին գնահատկան տալու և այն ընդունելու միջոցով։ Միջազգային հարթակում իր դերն ու կշիռը Գերմանիան կարողացել է վաստակել այս քաղաքականության շնորհիվ՝ դուրս գալով համաշխարհային մեկուսացումից:

Պատմական անցյալի նկատմամբ վերաբերմունքը Գերմանիայում երբեմն նույնիսկ զարմացնում է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կապիտուլյացիայի ստորագրման թանգարանի առկայությունը, խորհրդային տանկերի ու Բուդեսթագի պատերին խորհրդային զինվորների կատարած գրառումների պահպանումը գերմանական հասարակության մոտ դժվար թե պատմական հիշողության դրական էջերն են հիշեցնում: Սակայն, դրանց առկայությունը ցույց է տալիս, որ թեկուզ բավական բարդ որոշման գնով ընտրվել է անցյալից չհրաժարվելու միջոցով պարտվածի հոգեբանության հաղթահարման ուղին։

Գերմանական հասարակությունն այսօր եվրոպական ամենազարգացած և առաջադեմ հասարակություններից  է մի շարք չափանիշներով։ Օրինակը ցույց է տալիս, որ պատմությանն ու դրա սխալներին, պարտություններին առերեսումը խթան է հանդիսանում արագ զարգացման համար։

Թուրք հասարակությունն այսօր շատ հարցերում պետք է օրինակ վերցնի Գերմանիայից և հատկանշական է, որ այդ գիտակցումը կա նաև թուրք հանրության թեկուզ սակավաթիվ, բայց առավել առաջադեմ խավի մոտ։ Նրանք գիտակցում են, որ Ցեղասպանության ճանաչումը, անցյալի իրադարձություններին անկեղծ գնահատական տալը կօգնի հաղթահարել դրա հետ կապված մի շարք ֆոբիաները, չընդունված մեղքի գիտակցումը, անցյալ սերունդների համար պատասխան տալու անհրաժեշտության բեռը և այլն։

Որպես ժողովրդավար երկիր՝ Գերմանիան պետք է ոչ թե տեղի տա թուրքական շանտաժին և ենթարկվի մանիպուլյացիաներին, այլ ճանաչի Հայոց ցեղասպանությունը և իր օրինակով խթանի Թուրքիայի կողմից ճանաչումը։ Ցեղասպանության ճանաչումը կօգնի Թուրքիային հաղթահարել մի շարք մտավախություններ և էական նպաստ կբերի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև միջազգային հարթակներում Թուրքիայի դիրքերի ամրապնդմանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: