ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ-ին անդամակցության տնտեսական հետևանքները բավական դրական են

Մայիսի 22-ին Երևանում՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում, տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում «Հայաստան, եվրասիական ինտեգրում և գլոբալ մարտահրավերներ» թեմայով։ Ուսանողները, մագիստրանտներն ու ասպիրանտները ոլորտի մասնագետների և պրոֆեսորների հետ քննարկել են եվրասիական ինտեգրման, գործընթացի տնտեսական յուրահատկությունների, տեղեկատվական պատերազմների հարցերը և 21-րդ դարում դրանց դրսևորումները։

Զեկույցներով հանդես են եկել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը և սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սամվել Մանուկյանը։ Կլոր սեղանը կազմակերպվել է «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական, վերլուծական հասարակական կազմակերպության և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի կողմից։ Քննարկմանը մասնակցել են նաև Հայաստանում Ռուսաստանի և Ղազախստանի դեսպանատների ներկայացուցիչները։

Թաթուլ Մանասերյանն իր զեկույցում անդրադարձել է տնտեսական միջավայրին, որը ձևավորվել է ԵԱՏՄ կազմավորումից հետո, և այն փուլերին, որոնցով պետք է անցնի միությունը։ «ԵԱՏՄ-ին անդամակցելը ժամանակի պահանջ է և ուղի, որը թույլ է տալիս ադեկվատ կերպով արձագանքել համաշխարհային տնտեսության ժամանակակից մարտահրավերներին։ Կառույցի ներսում ճիշտ և արդյունավետ կազմակերպման դեպքում Մաքսային միությունը կարող է դառնալ հետխորհրդային տարածքի ռեգիոնալիզացման գործընթացի կարևոր դրսևորում, որպես հակակշիռ տնտեսական և քաղաքական գլոբալիզացիային»,- ասել է Մանասերյանը։ Նա նշել է, որ ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական համագործակցությունը և մրցակցությունը կարող են բերել տեղական մոնոպոլիաների թուլացմանը և ապրանքների ու ծառայությունների գների անկմանը։ Սակայն, ցանկալի նպատակներին հասնելու համար կարևոր գործոնն ընդունվող քաղաքական որոշումների գիտական հիմնավորվածությունն է։ «Դա տարածաշրջանային ինտեգրացիան արդյունավետ և անդառնալի կդարձնի»,- ասել է Մանասերյանը։

Աշոտ Թավադյանն, իր հերթին, խոսել է տնտեսական անվտանգության և այն չափանիշների մասին, որոնց ապահովումն անհրաժեշտ է ինտեգրացիոն գործընթացների արդյունավետության համար։ «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետևանքները տնտեսական անվտանգության տեսակետից բավական դրական են, քանի որ հնարավորություն են տալիս ստանալ համաշխարհայինից ավելի ցածր գնով էներգետիկ ռեսուրսներ, ընդլայնում են պատրաստի արտադրանքի արտահանման, փոխանցումների ստացման, ներդրումների աճի հնարավորությունները»,- նշել է Թավադյանը։ Նրա խոսքերով, ԵԱՏՄ հիմնական նպատակն անդամ երկրների տնտեսական պոտենցիալի աճի ապահովումն է, ինչի համար անհրաժեշտ է համաձայնեցված տնտեսական քաղաքականություն վարել։ Տնտեսագետի խոսքերով, ԵԱՏՄ ձևավորումը կընթանա լավագույն սցենարով, եթե հաջողվի անցկացնել հարկա-բյուջետային, դրամա-վարկային և արժութային համաձայնեցված քաղաքականություն։

Խոսելով ինտեգրացիոն ժամանակակից գործընթացների մասին՝ Գագիկ Հարությունյանը հատուկ ուշադրություն դարձրեց զարգացող միտումների վրա։ «Բազմակենտրոն աշխարհում այլ ինտեգրացիոն գործընթացներ են ընթանում, որոնք շուտով շատ ակտուալ կդառնան, օրինակ՝ Շանհայյան համագործակցության կազմակերպությունը, ԲՐԻԿՍ-ը։ Հարկավոր է արդեն հիմա մտածել, թե ինչ տեղ Հայաստանը կզբաղեցնի դրանցում»,- նշել է Հարությունյանը։

Կլոր սեղանի մասնակիցները, բացի տնտեսական անվտանգության հարցերից, քննարկել են նաև տեղեկատվական պատերազմները, գաղափարախոսությունն ու տեղեկատվական անվտանգությունը։ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է տեղեկատվական ազդեցության էվոլյուցիան և մեթոդները, որ օգտագործվել են դեռևս Հին Հունաստանում։ Նա նշել է նաև ներկայումս օգտագործվող մեթոդները, այդ թվում՝ թմրանյութերի միջոցով ներգործությունը։ «Տեղեկատվական պատերազմների նպատակն ազդեցություն գործելն է, կամքը ճնշելը, դրդելը սեփական շահերին հակասող գործողությունների»,- նշել է Հարությունյանը։

Իր հերթին, «Ինտեգրացիան և զարգացում» հետազոտական, վերլուծական հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ տեղեկատվական պատերազմների մեթոդներին ծանոթ լինելը և տեղեկացվածության բարձր մակարդակը հատուկ կարևորություն ունեն Հայաստանի համար, քանի որ վերջինս գտնվում է չկարգավորված հակամարտության պայմաններում և ենթարկվում է տեղեկատվական ազդեցության։

Սամվել Մանուկյանն անդրադարձել է գաղափարախոսության և երկրի զարգացման մեջ դրա դերի հարցին։ Մասնավորապես, նա դիտարկել է գաղափարախոսության դերը Հայաստանում և հասարակության կարծիքն այդ հարցի շուրջ։ «Այսօր Հայաստանի կարևորագույն խնդիրն էլիտաների և հասարակության լայն շերտերի միջև խզումն է»,- նշել է Մանուկյանը։ Որպես հանրության հիմնական պահանջ՝ նա առանձնացրել է բարոյական արժեքների արտացոլումը գաղափարախոսության մեջ։

Կլոր սեղանի մասնակիցները նշել են ինտեգրացիոն գործընթացների բազմակողմանի ուսումնասիրության կարևորությունը և հետազոտական, գիտական, փորձագիտական ներգրավվածության կարևորությունն այդ գործընթացներում։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: