ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավորի թեկնածուն կհաստատվի ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ. ՏԵՂԵԿԱՆՔ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորների ընտրության հանձնաժողովը հունիսի 9-10-ը Փարիզում կայացած նիստի ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանին երաշխավորել է Եվրադատարանում Հայաստանի դատավորի պաշտոնում:

Հիշեցնենք, ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուներն էին նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը և Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը։ Վերջիններիս հետ գաղտնի պայմաններում հարցազրույց է անցկացվել, այնուհետև գաղտնի քվեարկությամբ հանձնաժողովը թեկնածուներից մեկին երաշխավորվել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի հաստատմանը: ԵԽԽՎ բյուրոյի հաղորդագրության համաձայն, քվեարկության արդյունքում Հարությունյանը Լիանա Հակոբյանի նկատմամբ փոքր առավելության է հասել:

ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորը վերջնականապես հաստատվելու է ԵԽԽՎ ամառային նստաշրջանի քվեարկությամբ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջազգային դատական մարմին է, որի իրավասությունները տարածվում են Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունների վրա, որոնք վավերացրել են Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան: Վերջինս ուժի մեջ է մտել1953 թվականի սեպտեմբերի 3-ին: Կոնվենցիայի դրույթներն իրականացնելու համար ստեղծվել է երեք մարմին՝ Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն: 1998 թվականի նոյեմբերի 1-ից այս կառույցներից առաջին երկուսը փոխարինվեցին միասնական, մշտապես գործող մարմնով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանով (Ստրասբուրգ, Ֆրանսիա):

ՄԻԵԴ-ում դատավորների քանակը համապատասխանում է կառույցում անդամ պետությունների քանակին (ներկայումս՝ 47): ՄԻԵԴ կանոնակարգի համաձայն, պետությունը պետք է դատավորի երեք թեկնածու ներկայացնի, որոնց միջև էլ վերջնական ընտրություն կկատարի ԵԽԽՎ-ն: ՄԻԵԴ կանոնակարգը փոխվել է, և անձը այլևս ՄԻԵԴ դատավոր կարող է դառնալ միայն 1 անգամ` 9 տարի ժամկետով:

ՄԻԵԴ-ը կառուցվածքային առումով բաղկացած է հինգ բաժիններից, որոնք ձևավորվում են երեք տարի ժամկետով: Յուրաքանչյուր բաժնի շրջանակներում մեկ տարի ժամկետով ձևավորվում են երեք դատավորից կազմված հանձնաժողովներ: Վերջիններս հանդիսանում են ՄԻԵԴ-ի կառուցվածքի կարևոր բաղկացուցիչները, քանի որ նրանք են ընտրում դատարանի կողմից ընդունվող դատական գործերի մեծ մասը և դրանց վերաբերյալ նախնական դատավճիռները: Բաժիններից յուրաքանչյուրի անդամներից ընտրվում են 7 հոգուց բաղկացած պալատներ, որոնցում դատավորները նշանակվում են ըստ պետությունների այբբենական կարգի՝ ղեկավարվելով ռոտացիոն սկզբունքով: Պալատները կենտրոնական դերակատարում ունեն կառույցի աշխատանքում. նրանք են հիմնականում զբաղվում գործերի քննությամբ և դրանց նկատմամբ իրավական դիրքորոշումների մշակմամբ:

Մեծ պալատը կազմված է 17 դատավորներից: Այն ձևավորվում է 3 տարի ժամկետով: Նրա մեջ մտնում են Դատարանի նախագահը, նրա տեղակալները, բաժինների ղեկավարները և աշխարհագրորեն և Կոնվենցիայի անդամ պետությունների իրավական համակարգը հնարավորինս համաչափ ներկայացնող դատավորների երկու խմբերի հերթափոխից: Մեծ պալատը զբաղվում է միջպետական և անձնական գործերով միայն այն դեպքում, երբ 7 դատավորներից բաղկացած պալատը զիջում է վերջինիս իր լիազորություններով:

Վերադառնալով ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի՝ Արմեն Հարությունյանին նշենք, որ նա ծնվել է Երևանում 1964 թվականին։

1981-1986 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1986 թ-ին ընդունվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրա։ 1989 թ-ին, պաշտպանելով թեկնածուական թեզը, ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1993-1997 թթ. ուսանել է ՌԴ Պետական ծառայության ակադեմիայի դոկտորանտուրայում, որն ավարտելուց և գիտական թեզը պաշտպանելուց հետո ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Վերապատրաստվել է Կենտրոնական Եվրոպայի և Փարիզի 12 համալսարաններում։ Նոթինգհեմի համալսարանի մարդու իրավունքների կենտրոնի Չիվնինգ ծրագրի 2006-2007 թթ շրջանավարտ է։

1989 թվականից Արմեն Հարությունյանը դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի Սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնում։ Դասավանդում է նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանում և Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամում։ 2000-2002 թթ. եղել է Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան, իսկ 2002-2006 թթ. զբաղեցրել է Պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի պաշտոնը։

2001-2005 թթ. եղել է ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հարցով ՀՀ Նախագահի ներկայացուցիչ։  2001 թ-ից ՀՀ եվրոպական իրավունքի ասոցիացիայի նախագահն է։ 2002-ից մինչ օրս Ժողովրդավարության և իրավունքի եվրոպական (Վենետիկյան) հանձնաժողովի ՀՀ փոխանորդ – ներկայացուցիչն է։

2005-2006 թթ. եղել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ։ 2006-2011թթ.՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան։ 2008 թ-ին անդամակցել է ֆրանկոֆոն օմբուդսմենների և հաշտարարների ասոցիացիային։ Ֆրանսիայի հայ իրավաբանների միության պատվավոր անդամ է։ Անդամակցում է նաև Հյուսիսային Ամերիկայի հայ իրավաբանների միությանը։ 2009 թ. դարձել է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի խորհրդի անդամ։ 2010 թվականին անդամակցել է Միջերկրածովյան օմբուդսմենների ընկերակցությանը և Ասիական օմբուդսմենների միությանը։ 2011 թվականի մարտից՝ Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ։

Զեկույցներով հանդես է եկել Հարվարդի և Միչիգանի համալսարաններում։ Արմեն Հարությունյանն ավելի քան 80 գիտական աշխատանքի, 2 դասագրքի և 7 մենագրության հեղինակ է։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: