ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փարիզում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի վարչապետները

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսի հետ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Հայ-ֆրանսիական հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, այդ մասին են վկայում Հայաստանի և Ֆրանսիայի Նախագահների միջև հաստատված ընդգրկուն երկխոսությունը, անձնական ջերմ հարաբերություններն ու ինտենսիվ փոխշփումները»: 
Հովիկ Աբրահամյանը կարևոր է համարել տնտեսական հարաբերությունների զարգացումը և գոհունակությամբ փաստել, որ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը հետզհետե ավելի ընդգրկուն է դառնում և ունի զարգացման լայն հնարավորություններ: Նշելով, որ հայկական կողմից վարչապետի մակարդակով վերջին այցը Ֆրանսիա կայացել է 2007թ., Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ այս ձևաչափով հանդիպումները շարունակություն կունենան: «ԵՄ երկրների շարքում Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանում ներդրումների ծավալով առաջատար դիրք զբաղեցնող երկրներից մեկը: Այդուհանդերձ, մենք մեծ անելիքներ ունենք երկկողմ առևտրաշրջանառության խթանման ուղղությամբ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: 
Ողջունելով հյուրերին՝ Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսը բարձր է գնահատել Ֆրանսիա-Հայաստան փոխգործակցությունը՝ նշելով, որ երկու երկրների և ժողովուրդների բարեկամական հարաբերությունների արմատները գալիս են պատմության խորքից: Նա նույնպես կարևորել է տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը և նշել, որ դրանք դեռևս չեն հասել քաղաքական հարաբերությունների մակարդակին: Նա անհրաժեշտ է համարել համագործակցության հետագա զարգացումը գիտության, կրթության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, միգրացիայի և մի շարք այլ ոլորտներում: Երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից երկուստեք կարևորվել է գործարար համաժողովների անցկացումը: 
Վարչապետները Ֆրանսիա-Հայաստան միջպետական հարաբերությունների զարգացման գործում բարձր են գնահատել Ֆրանսիայի հայ համայնքի դերը: Հայ-ֆրանսիական փոխգործակցության խորացման համատեքստում նրանք կարևորել են նաև կրթության ասպարեզում արդյունավետ համագործակցությունը և Հայաստանում ֆրանսիական կրթական մի շարք հաստատությունների գործունեությունը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. «Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի իշխանություններին` Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում ունեցած մեծ ավանդի համար: Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում անուրանալի է Ֆրանսիայի ներդրումը: Մենք մեծապես գնահատում ենք ապրիլի 24-ին Հայաստանում անցկացված Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողությանը Նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորությամբ ֆրանսիական պաշտոնական պատվիրակության մասնակցությունը: Շնորհակալ ենք նաև Ձեզ, որ նույն օրը` ապրիլի 24-ի երեկոյան, Փարիզում, Կոմիտասի արձանի մոտ կազմակերպված հիշատակի հանդիսավոր արարողությանը ներկա եք գտնվել և փայլուն ելույթ ունեցել»։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան - Եվրամիություն համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել են ԼՂ հիմնախնդրին, տարածաշրջանային հարցերի: Երկու երկրների վարչապետները կարևորել են հիմնախնդրի խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացմանն ուղղված գործընթացին: 
Հանդիպման ավարտին Հովիկ Աբրահամյանը Ֆրանսիայի վարչապետին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: