ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂՀ ԱԳ նախարարի հարցազրույցը IlGiornale.it-ին. Մենք բախումներ չենք հրահրում

Ի տարբերություն Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղը բախումներ չի հրահրում: Երկիրը ցանկանում է խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորում: Այս մասին իտալական IlGiornale.it կայքի հետ հարցազրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը:

«Ամեն անգամ, երբ բանակցությունների հերթական փուլ է սպասվում, կարելի է վստահ լինել, որ Ադրբեջանը կփորձի շփման գծի երկայնքով հարձակումներ իրականացնել՝ ցույց տալու համար, որ չկա այլ լուծում, քան նոր պատերազմը: Ղարաբաղի զինված ուժերը պատրաստ են երկրի պաշտպանության համար ցանկացած միջադեպի, բայց մենք արդեն անցել ենք ավերիչ հակամարտության միջով և գիտենք, որ պատերազմը կործանարար է բոլորի համար, անգամ նրա համար, ով հաղթում է այն: Այնպես որ, ի տարբերություն Ադրբեջանի, մենք բախումներ չենք հրահրում: Մենք ցանկանում ենք խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորում», - ասել է Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են ընթանում խաղաղության շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ, գրում է Tert.am-ը:

Նրա խոսքով՝ Արցախի հիմնական նպատակն է կարգավորել Ադրբեջանի հետ հակամարտությունը՝ վերադառնալով անմիջական բանակցությունների:

Այս համատեքստում Միրզոյանը նշել է, որ շատերը քննադատում են ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը միջազգային հանրության մանդատով պահպանում է երկու երկրի միջև հարաբերությունները՝ պնդելով, որ դեռ չի հաջողվել լուծել հակամարտությունը:

«ԼՂ կառավարությունը չի կիսում Մինսկի խմբի համանախագահների (ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստանի Դաշնություն) աշխատանքի վերաբերյալ քննադատությունը: Բանն այն է, որ Ադրբեջանը ցանկանում է սրել իրավիճակը: Տոտալիտար ռեժիմների համար բնորոշ է փորձել գոյությունը պահպանել արտաքին թշնամի ստեղծելով: Մենք մշտապես բախվում ենք սահմանին դիպուկահարների առկայությանը, և հայերի դեմ քարոզչությունը դառնում է Ադրբեջանի ներքին քաղաքականության մեխը», - ասել է արտգործնախարարը՝ հավելելով, որ Մինսկի խումբը պետք է պահանջի Ադրբեջանից փոխվստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված քայլերի իրականացում:

Հարցին՝ արդյոք միջազգային ճանաչման դիմաց Ղարաբաղը պատրաստ է վտանգի ենթարկել սահմանները, Միրզոյանը պատասխանել է, որ Լեռնային Ղարաբաղի սահմանադրությամբ հսկողության տակ գտնվող բոլոր տարածքները երկրի մաս են կազմում միևնույն ձևով: Տարածքների հետ կապված հարցերը կարող են քննարկվել միայն այն ձևաչափով, որը հաշվի է առնում պատմական արդարության վերականգնումը, անվտանգության միջոցառումները և տեղում առկա իրականությունը։

Անդրադառնալով սեփականությունը կորցրած փախստականների վնասների փոխհատուցմանը՝ արտգործնախարարն ասել է, որ ամեն ինչ կարող է քննարկվել, եթե լինեն անմիջական բանակցություններ:

«Ադրբեջանը հրաժարվում է բանակցել մեզ հետ, այն բանակցում է Հայաստանի հետ: Փախստականներ եղել են երկու կողմերից էլ: Նրանք, ովքեր եկել են այստեղ, չեն ունեցել ոչ մի միջազգային օգնություն, բացի Հայաստանի և սփյուռքի հայերից: Դա մարդասիրական խնդիր է, որը պատերազմի հետևանք է: Հնարավոր չէ լուծել հակամարտության հետևանքները, եթե նախ չես լուծում դրանց պատճառները», - ասել է Միրզոյանը:

Հարցին, թե արդյոք Ղարաբաղը Ապագայում պատկերացնում է Հայաստանին միանալու տարբերակը, ԼՂՀ արտգործ նախարարը պատասխսնել է, որ անցյալում Արցախը քվեարկել է անկախության համար, այնպես, ինչպես դա արեց Խորհրդային Ադրբեջանը, երբ անկախություն հայտարարեց ԽՍՀՄ-ից:

«Յուրաքանչյուր կարգավիճակ կորոշվի մեր քաղաքացիների ժողովրդավարական քվեարկության միջոցով: Այս պահին մեզ բավարարում է մեր ներկայիս կարգավիճակը, ապագայում կորոշեն քաղաքացիները», - ասել է Միրզոյանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական մշակութային ժառանգությանը՝ արտգործնախարարը նշել է, որ ի տարբերություն ադրբեջանցիների, ովքեր ոչնչացրել են Նախիջևանի Ջուլֆայում գտնվող ամենակարևոր հայկական միջնադարյան գերեզմանը, Ղարաբաղում երբեք չեն ավիրվել ադրբեջանական հուշարձանները:

«Մենք չունենք անհրաժեշտ միջոցներ վերականգնելու պատերազմի հետևանքով հասցված վնասները, բայց անում ենք հնարավորինս ամեն բան դրանք կանգուն պահելու համար: Դրանց պահպանության համար մենք ֆինանսավորում ենք փնտրում, ներառյալ՝ նաև մահմեդական երկրներից», - ասել է Միրզոյանը:

Եզրափակելով իր խոսքը՝ԼՂՀ արտգործնախախարն ասել է, որ Եվրոպացիների համար Արցախը կարող է հեռավոր մի վայր թվալ, որը հայտնվում է թերթերում միայն որպես պատերազմական վիճակում գտնվող երկիր, բայց հակամարտությունը երկրի ամենօրյա կյանքը չէ: Փոքր լեռնային ժողովուրդը պայքարում է իր գոյության և իր զարգացման համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    27 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: