ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նաիրա Մկրտչյան. Հարկավոր է համաշխարհային մշակույթը և կրոնական բազմազանությունն ընկալել որպես մարդու գոյության ու զարգացման ձև

«Փաստարկ» մամուլի ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս «Համաշխարհային կրոնների առաջնորդների հնարավորությունները արդի հակամարտությունների հանգուցալուծման համատեքստում» թեմայով: Բանախոսն էր «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Նաիրա Մկրտչյանը:

21-րդ դարի սկիզբը նշանավորվեց պատերազմների ու հակամարտությունների աճով: Այսօր աշխարհի մի շարք պետություններում ակտիվ մարտական գործողություններ են ընթանում. Մերձավոր Արևելք, Աֆրիկա, Ուկրաինա, և այս բոլոր հակամարտություններն ազդում են ողջ աշխարհի վրա:

«Արդեն գաղտնիք չէ, որ իսլամի տարբեր հոսանքների հետևորդների միջև ռազմական հակամարտությունները հիմնականում ոչ թե կրոնական պայքար է, այլ՝ քաղաքական: Առաջին հերթին դա պայքար է իշխանության, բնական պաշարներով հարուստ տարածքների համար, և հետո միայն՝ մյուս կրոնների նկատմամբ մեկ կրոնի դոգմաների և վարդապետությունների գերակայության համար: Նույնն էլ «Իսլամական պետության» և այլ ռադիկալ իսլամիստների պարագայում է: Դրանց առաջնորդները չեն թաքցնում, որ նպատակը մեկն է՝ ստեղծել խալիֆայություններ և էմիրություններ, և շատ հաճախ իշխանության դեմ պայքարում նրանք նույնիսկ պատրաստ են զոհաբերել իրենց կրոնական համոզմունքները», -նշեց Ն.Մկրտչյանը:

Այնուհետև բանախոսը ներկայացրեց, որ վերջերս Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացել է Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 5-րդ համագումարը, որին նա ներկա է եղել «Արմեդիա» ՏՎԳ հեղինակային խմբի կազմում: Համագումարին մասնակցում էին ոչ միայն հայտնի կրոնական, այլև անվանի քաղաքական գործիչները՝ մի քանի երկրների նախագահներ, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարները և այլն: Միջոցառման հիմնական շեշտը դրված էր հենց կրոնական ու քաղաքական գործիչների երկխոսության վրա:

Նշվեց, որ 2006-ից համագումարի աշխատանքներին մասնակցում են նաև Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները: 2-րդ համագումարին հայ եկեղեցու պատվիրակությունը գլխավորել է Վեհափառ Հայրապետը: Ինչպես նշեց Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, ով Համագումարի քարտուղարության մշտական անդամ է, «Վեհափառ Հայրապետն իր անձնական մասնակցությամբ ցույց է տվել, որ մեր եկեղեցին միշտ պատրաստ է նմանատիպ գործնական քայլերի, և մեր գործողություններով հաստատում ենք, որ մենք բաց ենք մասնակցության համար»:

Նման համագումարի անցկացման վայր է ընտրվել Ղազախստանը, քանի որ այստեղ խաղաղ գոյակցում են 130 ազգությունների և 17 դավանանքի ներկայացուցիչներ:

Փորձագետի խոսքով՝ շատ կարևոր էր, որ հաջողվել է համագումարին հրավիրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին: ՄԱԿ-ը միշտ ընդգծել է, որ այն աշխարհիկ է և կրոնի հետ կապ չունի: Իսկ այսօր պարզ է դառնում, որ առանց կրոնի հնարավոր չէ խաղաղության հասնել, և առանց կրոնական առաջնորդների անհնարին է կարգավորել քաղաքական հակամարտությունները:

Այսօր մեր քաղաքակրթության համար ամենակարևոր խնդիրը պետք է դառնա՝ թուլ չտալ, որ քաղաքական խնդիրներն օգտագործվեն կրոնի շահերից ելներով, որ քաղաքական հակամարտություններ առաջանան կրոնական քարոզի պատճառով: Հարկավոր է համաշխարհային մշակույթը և կրոնական բազմազանությունն ընկալել որպես մարդու գոյության ու զարգացման ձև: Բոլոր կրոնները տանում են դեպի միևնույն, միակ աստծուն, ուղղակի ամեն կրոն իր ձևով է նրան անվանում: Ինչպես ասում էր Հնդկաստանի ազգի հայր Մահաթմա Գանդին՝ Աստված կրոն չունի: Ուստի ամեն ինչ կախված է քաղաքական գործիչներից, նրանց հայտարարություններից և իրենց ժողովուրդներին դիմելու ձևից, եզրափակեց Նաիրա Մկրտչյանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: