ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կատալոնացիներն անկախանալու նոր տարբերակ են գտել

Կատալոնիայի շրջանային կառավարության նախագահ Արթուր Մասը պաշտոնապես հայտարարել է այս տարվա սեպտեմբերի 27-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, որը նա իրականում մտադիր է օգտագործել որպես Իսպանիայից անկախություն ստանալու ինքնատիպ հանրաքվեի միջոց:

Բանն այն է, որ Իսպանիայի կենտրոնական իշխանություններն այդպես էլ թույլ չեն տվել իրենց այս «ապստամբ» տարածաշրջանին անկախության հանրաքվե անցկացնել, և վերջիններս ստիպված  հասարակական կարծիքը պարզելու և դրանից օգտվելու համար նման զարտուղի ճանապարհների են դիմում, հաղորդում է The Daily Mail-ը:

Առաջիկա ընտրությունների առիթով Մասը խնդրել է բոլոր կուսակցություններին ներկայացնել իրենց առաջարկներն ու նախընտրական ծրագրերը՝ հանուն երկրի ապագայի: Կատալոնիայի նախագահը խնդրել է բոլորին հարգել ընտրությունների արդյունքները և շեշտել է, որ Կատալոնիան հազար տարվա պատմություն ունենալով՝ լիովին իրավունք ունի որոշելու իր իսկ ապագան:

«Քաղաքական առումով սրանք իհարկե ավանդական ընտրություններ չեն լինելու, այլ հանրաքվեի նման մի բան՝ կատալոնյան ազատությանն ու ինքնիշխանությանը նվիրված»,- նշել է Արթուր Մասը՝ հավելելով, որ եթե խորհրդարանում անկախական կուսակցությունների դաշինքը կարողանա ձայների մեծամասնությունը ստանալ ու հաղթել, ապա նրանք 18 ամսվա ընթացքում վերջապես կանջատվեն Իսպանիայից:

Բանն այն է, որ Կատալոնիայի անկախությանը ձգտող բոլոր կուսակցություններն այժմ մի կողմ են դրել իրենց ներքին տարաձայնություններն ու գժտությունները և համաձայնել են միասնական ցուցակով առաջադրվել սեպտեմբերի խորհրդարանական ընտրություններին: Նրանց համատեղ ցուցակը, որը կոչվում է «Միասին՝ հանուն «Այո»-ի», ներառում է իշխող «Կոնվերգենցիա» կուսակցությունը, Կատալոնիայի  «Ձախերի» կուսակցությունը և մի շարք այլ միավորումներ, որոնք պարբերաբար զանգվածային անկախության ցույցեր են  կազմակերպում ողջ տարածաշրջանով մեկ:

Իսկ ահա Իսպանիայի կենտրոնական կառավարությունն իր հերթին խոստացել է իսպանացի ժողովրդին սահմանափակել Կատալոնիայի քայլերն ու թույլ չտալ դրա անկախությունը երկրից: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյն անօրինական է համարում Մադրիդից անջատվելու նպատակով ցանկացած կատալոնական հանրաքվե, կամ նույնիսկ, այդպես կոչված, «խորհրդարանական ընտրություններ»:

Իսկ  Իսպանիայի թագավոր Ֆելիպե Վեցերորդը Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնա կատարած իր վերջին այցի ժամանակ զգուշացրել է տարածաշրջանային ղեկավարներին, որ «հարգանքն օրենքի հանդեպ անխուսափելի պահանջ է՝ ժողովրդավարական պայմաններում միասին խաղաղ և ազատ ապրելու համար», - փոխանցում է իսպանական The Local-ը:

Հիշեցնենք, որ Կատալոնիան Իսպանիայի ամենահարուստ շրջաններից մեկն է, որը գտնվում է երկրի հյուսիսարևելյան հատվածում և ունի շուրջ 7.5 միլիոն բնակիչ: Դրա շրջկենտրոն Բարսելոնան մայրաքաղաք Մադրիդից հետո երկրի երկրորդ քաղաքն է համարվում, իսկ ընդհանուր տարածաշրջանի բարեկեցության աստիճանը պատկերացնելու համար բավական է նշել միայն, որ ողջ Իսպանիայի ՀՆԱ-ի մեկ հինգերորդ մասը բաժին է ընկնում հենց Կատալոնիային:

Ըստ նախորդ տարվա նոյեմբեր ամսին Արթուր Մասի անցկացրած «ապօրինի» հանրաքվեի տվյալների, որոնք իհարկե խստորեն դատապարտվել էին Իսպանիայի կենտրոնական կառավարության և մասնավորապես Ռախոյի կողմից, ժողովրդի գրեթե 80% -ը կողմ էր քվեարկել Իսպանիայից անկախություն ստանալու գաղափարին: Եվ այժմ հաշվի առնելով այս ահռելի մեծ թիվը՝ Արթուր Մասի հնարավորությունները բավական բարձր են տարածաշրջանում երկար սպասված անկախությունը ստանալու համար՝ չնայած այն բանին, որ դրա ուղղությամբ նման ոչ ավանդական մեթոդներ են կիրառվում:

«Խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը միակ ճանապարհն է անկախությանը հասնելուն ուղղված՝ իսպանական կառավարության կողմից հանրաքվեի պարբերական արգելման պարագայում», - հայտարարել է Կատալոնիայի նախագահը, - «Բացառիկ իրավիճակներում բացառիկ որոշումներն են պահանջվում»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: