ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կոլումբիայի Արմենիա քաղաքն առաջարկում է Երևանին հաստատել գործընկերային կապեր

Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը հանդիպել է Կոլումբիայի Հանրապետության Կինդիո դեպարտամենտի մայրաքաղաք Արմենիայի քաղաքապետի խորհրդական, քաղաքային խորհրդի անդամ Լուիս Ֆերնանդո Ռամիրեզ Էչեվերիի հետ, ով Երևանում է ճանաչողական այցով, ինչպես նաև Արմենիայի քաղաքապետի անունից Երևանի քաղաքապետարանին համագործակցության առաջարկությունը փոխանցելու նպատակով։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով Արմենիայի քաղաքապետարանի նախաձեռնությունը` Վանո Վարդանյանը քաղաքապետի պատրաստակամությունն է փոխանցել հյուրին՝ առաջարկությունը քննարկելու և դրան ընթացք տալու վերաբերյալ։

«Երևանն այսօր համագործակցում է աշխարհի 50-ից ավելի քաղաքների հետ, անդամակցում է շուրջ 10 միջազգային կազմակերպությունների։ Ուրախ ենք մեր հանրապետությանը անվանակից քաղաքից գործընկերության առաջարկ ստանալու համար։ Երևանի քաղաքապետարանը բաց ու պատրաստակամ է` քննարկելու նոր համագործակցության այս առաջարկությունը ևս, և լիահույս ենք, որ այն լավ հիմքերի վրա կդրվի՝ զարգանալու հեռանկարով»,- նշել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդականը։

Կողմերը զրուցել են երկու քաղաքների քաղաքային տնտեսությունների կառուցվածքների,  զարգացման առաջնահերթ ուղղությունների մասին։

Արմենիա քաղաքի քաղաքապետի խորհրդական Լուիս Ֆերնանդո Ռամիրեզ Էչեվերին Վանո Վարդանյանին է ներկայացրել Արմենիայի հիմնադրման պատմությունը, քաղաքային տնտեսության առանձնահատկությունները՝ նշելով, որ Արմենիայում այսօր թեև չկա հայկական համայնք, այդուհանդերձ մեծ է համագործակցություն սկսելու ցանկությունը։

Արմենիա քաղաքն անվանումն ստացել է 1880 թ. տեղաբնակ հայերից մեկի կալվածքի անունից և վերջնականապես կոչվել է «Արմենիա» 1915 թ. հայերի ցեղասպանությունից անմիջապես հետո։ Լուիս Ֆերնանդո Ռամիրեզ Էչեվերին նշել է նաև, որ Արմենիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ին քաղաքում հայտարարվում է լռության րոպե։

Խոսելով 100-ամյա քաղաքի զարգացման տեմպերի մասին՝ Լուիս Ֆերնանդո Ռամիրեզ Էչեվերին նշել է, որ Արմենիան Կոլումբիայի սուրճի արտադրության կենտրոններից է  և սրընթաց զարգացման շնորհիվ կրում է «Հրաշքների քաղաք» երկրորդ անվանումը, ինչի շնորհիվ էլ զբոսաշրջային ոլորտում մեծ հաջողություններ ունի։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: