ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միջուկային համաձայնագրի ազդեցությունն արդեն զգացվում է տարածաշրջանում

2015 թվականի հուլիսին Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև ավելի քան 20 ամիս տևած դժվարին բանակցություններից հետո միջուկային համաձայնագիր կնքվեց: Պայմանագրի կողմնակիցներն այն պատմական անվանեցին, իսկ որոշ երկրներ, այդ թվում` Իսրայելն ու Ծոցի միապետությունները, քննադատեցին Իրանի հետ համաձայնագրի կնքումը: Ամեն դեպքում ակնկալվում էր, որ այն էականորեն փոխելու է աշխարհաքաղաքական իրադրությունն ինչպես Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում, այնպես էլ ողջ աշխարհում` վերաձևելով աշխարհի հետ Իրանի հարաբերությունները: Պետք է նշել նաև, որ Թեհրանը ևս ամենևին չի թաքցնում տարածաշրջանում ակտիվ դերակատարում ստանձնելու իր ցանկությունը:

Թեև համաձայնագրի կնքումից հետո այնքան էլ շատ ժամանակ չի անցել, սակայն արդեն այսօր կարելի է արձանագրել, որ այն իր ազդեցությունն է ունենում տարածաշրջանային զարգացումների վրա: Իրանն ակտիվորեն ներգրավվում է տարածաշրջանային հակամարտությունների, առաջին հերթին, սիրիական ճգնաժամի կարգավորմանը: Իրանական կողմը հայտարարեց, որ հակամարտության կարգավորման ծրագիր է մշակել և մտադիր է ներկայացնել ՄԱԿ-ի դիտարկմանը: Միաժամանակ, Իրանը փորձում է մեծացնել իր ազդեցությունը Լիբանանում, Իրաքում և Եմենում: Առհասարակ, տարածաշրջանում, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջխաղացման պայմաններում, Իրանը դիտարկվում է որպես «կայունություն կղզի» Մերձավոր Արևելքում:

Խորանում է ռազմական համագործակցությունն Իրանի և Ռուսաստանի միջև: Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների թուլացման ֆոնին օրեր առաջ Թեհրանն ու Մոսկվան հուշագիր ստորագրեցին Իրանին ռուսական S-300 հակահրթիռային պաշտպանության համակարգեր մատակարարելու մասին:

Միաժամանակ կարգավորվում են հարաբերություններն Իրանի և արևմտյան երկրների միջև: Միջուկային համաձայնագրի կնքումից հետո Թեհրանը շարունակ եվրոպական պատվիրակություններ է ընդունում: Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ եվրոպական երկրների ղեկավարները Թեհրան կատարած այցի ժամանակ հայտարարեցին Իրանի հետ նոր որակի համագործակցություն կառուցելու իրենց պատրաստակամության մասին:

Միջուկային համաձայնագրի կնքումն իր ազդեցությունն ունեցավ նաև տարածաշրջանում տարբեր երկրների միջև հարաբերությունների վրա: Դա հատկապես կարելի դիտարկել Իսրայելի օրինակով:

Մասնավորապես, միջուկային գործարքի կնքումը նոր հնարավորություններ է ստեղծում Իսրայելի և Ծոցի արաբական միապետությունների միջև համագործակցության հաստատման համար: Այս երկրներն ավանդաբար ԱՄՆ գլխավոր դաշնակիցները և Իրանի մրցակիցներն են եղել տարածաշրջանում, և համաձայնագրի կնքումից հետո մտավախություն ունեին, որ Իրանը կարող է որոշ իմաստով ստանձնել տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակցի դերակատարումը: Հենց այդ պատճառով էլ միջուկային համաձայնագրի կնքումից հետո Ծոցի միապետությունները հայտարարեցին, որ միասնական կառույց են ստեղծում անվտանգության ապահովման համար, ինչը հերթական անգամ ի ցույց է դնում այս երկրների մտահոգությունն իրանական ազդեցության ուժեղացման հետ կապված:

Նշենք, որ շիական Իրանի և Ծոցի արաբական սուննիական միապետությունների միջև պայքարը պատմական խոր արմատներ ունի, սակայն լարվածությունն ուժեղացավ 1979 թվականին Իրանում իսլամական հեղաշրջման հաղթանակից հետո: Եվ թեև Ծոցի միապետություններն Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեն, սակայն լրատվամիջոցները վաղուց են գրում կողմերի միջև գաղտնի բանակցությունների մասին: Ներկայիս աշխարհաքաղաքական նոր իրողությունները կարող են պատճառ հանդիսանալ Իսրայելի և Ծոցի միապետությունների միջև համագործակցության հաստատման համար:

Մյուս կողմից, հնարավորություն է  ստեղծվում Իսրայել-Թուրքիա հարաբերությունների բարելավման համար: Գաղտնիք չէ, որ Թուրքիան և Իրանը ավանդաբար մրցակցում են տարածաշրջանային գերակայության համար: Բնականաբար, իրանական ազդեցության մեծացումը Թուրքիային դրդելու է կարգավորել իր հարաբերություններն Իսրայելի հետ: Նշենք, որ 2010 թվականին Թուրքիան վատացրեց իր հարաբերություններն Իսրայելի հետ` փորձելով ամրապնդել իր դիրքերն արաբական աշխարհում: Թեև որոշ վերլուծաբաններ գրում էին, որ թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումն ընդամենը ձևական բնույթ ունի, այնուամենայնիվ, վերջին 5 տարիների ընթացքում երկու երկրների միջև տարաձայնությունները խորանում էին: Իսկ հիմա չի բացառվում, որ այս երկրներն այսպես կոչված «իրանական վտանգի» պայմաններում կրկին խորացնեն իրենց համագործակցությունը:

Միաժամանակ պետք է արձանագրել, որ Ծոցի միապետություններն ու Թուրքիան փորձում են առավել կառուցողական մոտեցում որդեգրել Իրանի հանդեպ և գոնե պաշտոնական մակարդակում չընդդիմանալ միջուկային գործարքին, ինչը սակայն չի կարելի ասել Իսրայելի մասին: Ի վերջո, չի բացառվում, որ Իսրայելն իր ագրեսիվ հռետորաբանության արդյունքում իրական մեկուսացման մեջ հայտնվի տարածաշրջանում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    15 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: