ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում նշում են Գիտելիքի, գրի և դպրության օրը

Սեպտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է որպես Գիտելիքի, գրի և դպրության օր:

Հայաստանի դպրոցներում արդեն հնչել է առաջին զանգը։ Այս օրը յուրահատուկ իրադարձություն է ցանկացած դպրոցականի, ուսանողի, ծնողի և մանկավարժի համար: Օրը հատկապես հուզումնառատ է բոլոր այն փոքրիկների համար, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոց։

Կրթության և գիտության նախարարության տվյալներով` այս տարի առաջին դասարան կգնա 40 հազար աշակերտ։ Նախորդ տարվա համեմատ, նրանց թիվն ավելացել է 2 հազարով։ Առաջին դասարանցիների թիվն ավելացել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այս տարի Արցախի դպրոցներում առաջին զանգը կհնչի 2760 առաջին դասարանցու համար (2014-2015 ուսումնական տարում առաջին դասարանցիների թիվը եղել է 2329): Սեպտեմբերի 1-ը պակաս տոնական չէ նաև այն երիտասարդների համար, ովքեր առաջին անգամ են բացում բուհերի դռները. նրանց թիվը այս տարի գերազանցում է 10 հազարը:

Նշենք, որ սեպտեմբերի 1-ը՝ որպես Գիտելիքի օր, պաշտոնապես հաստատվել է 1984 թվականի հուլիսի 15-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից: Սակայն մինչ այդ էլ խորհրդային երկրներում սեպտեմբերի մեկը՝ ուսումնական տարվա առաջին օրը, եղել է բավականին սպասված տոն՝ չնայած  պաշտոնապես ճանաչված չի եղել:

Սեպտեմբերի 1-ին ուսումնական տարին սկսելու ավանդույթը  հին ակունքներ ունի: 325 թվականին Հռոմի Կոստանտին Մեծ կայսրը հրավիրեց առաջին Տիեզերական ժողովը, որտեղ որոշում կայացվեց նոր տարին սկսել սեպտեմբերի մեկին: Եվ քանի որ այդ ժամանակաշրջանում բոլոր դպրոցները գործում էին եկեղեցիներին կից, նոր ուսումնական տարին ևս սկսեցին նշել սեպտեմբերի մեկին:

1699 թվականին Պետրոս Մեծը Ռուսաստանում նոր տարին սեպտեմբերի 1-ից տեղափոխեց հունվարի մեկ՝ եվրոպական երկրներից չտարբերվելու համար: Սակայն, քանի որ այդ ժամանակ արդեն ուսումնական տարին մեկնարկել էր, նպատակահարմար չգտան ուսումնական նոր տարին ևս տեղափոխել հունվարի մեկ: Արդյունքում շարունակեցին սեպտեմբերի 1-ը նշել որպես նոր ուսումնական տարվա սկիզբ:

Սակայն աշխարհի ոչ բոլոր երկրներում է ուսումնական տարին սկսվում սեպտեմբերի 1-ին: ԱՄՆ-ում և եվրոպական բազմաթիվ երկրներում, ինչպես օրինակ Իսպանիայում,  Գերմանիայում, Իսլանդիայում, ուսումնական տարվա մեկնարկի հստակ օր չկա: Այս երկրներում ուսումնական տարին սկսվում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, իսկ հստակ օրը որոշում է տվյալ վարչատարածքային միավորի ղեկավարությունը: Ճապոնիայում և Հնդկաստանում էլ նոր ուսումնական տարվա սկիզբը նշում են ապրիլի 1-ին:

Սեպտեմբերի 1-ը՝ որպես ուսումնական տարվա սկիզբ, նշում են հիմնական հետխորհրդային երկրներում, որտեղ ավանդաբար կազմակերպվում են տարատեսակ միջոցառումներ՝ նոր ուսումնական տարվա սկիզբը բոլորի համար տոն դարձնելու նպատակով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: