ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հարավային Կովկասի արժույթները՝ փոխարժեքային ճգնաժամի համատեքստում

Համաշխարհային արժութային շուկայում առաջացած անորոշությունը չի շրջանցել նաև մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը: Իրար հետևից լուրեր են պտտվում, որ դրամը, լարին կամ մանաթն արժեզրկվում են, բնական է՝ երեքն էլ դոլարի արժևորման ֆոնին: Ինչպիսի՞ն կլինեն տարածաշրջանի արժութային ցիկլի կորերն առաջիկայում, կփորձենք պարզել սույն հոդվածում, ինչի համար առանձին արժույթների համար կհավաքագրենք արտաքին ու ներքին ազդեցության գործոնները, որոնք ազդում են համապատասխան արժույթի փոխարժեքի վրա:

Դրամ

Հայկական դրամն արդեն մեկ ամիս շարունակ արժեզրկվում է: Սեպտեմբերի մեկի դրությամբ հայկական դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 483.02: Նախորդ ամսվա նույն ժամանակահատվածում մեկ դոլարն արժեցել է 478.29 հայկական դրամ: Սա նշանակում է, որ մեկ ամսվա ընթացքում մեկ դոլարի նկատմամբ հայկական դրամն արժեզրկվել է 4.73 դրամով: Միտումը շարունակական կլինի՝ հաշվի առնելով այն գործոնների անփոփոխությունը, որոնք դեռևս օգոստոսի սկզբին պայմանավորել են դրամի վերոնշյալ փոխարժեքը: Դրանք են՝ դոլարի փոխարժեքի աճը, որն իր հերթին պայմանավորված է նավթի համաշխարհային գների անկումով, ինչպես նաև ռուսական ռուբլու փոխարժեքի անկումը, ինչը մեծապես նպաստել է հայկական գործարար ակտիվության ցուցանիշի նվազմանը: Սա նշանակում է, որ հայկական տնտեսությունը, հետևապես նաև արժույթը մեծ կախվածության մեջ են արտաքին տնտեսական միավորներից:

Ինչպե՞ս պետք է վարվի այս դեպքում Հայաստանի Կենտրոնական բանկը: Առաջին հերթին փորձի հնարավորինս զսպել հայկական արժույթի արժեզրկումը սեփական ռեսուրսների հաշվին: Պետք է նշել, որ խոսքը վերաբերում է ահռելի գումարների, և հաշվի առնելով մեր արժութային պաշարների սակավությունը՝ ՀՀ ԿԲ-ն ի զորու չէ երկար ժամանակ պահպանել ՀՀ դրամի արժույթը որոշակի մակարդակում:

Արդեն օգոստոսի երկրորդ կեսին ՀՀ ԿԲ-ն արդեն իսկ ներդրել է 20 մլն դրամ վերոնշյալ նպատակով: Նմանատիպ մի ինտերվենցիա հավանաբար տեղի կունենա նաև աշնան վերջին՝ հայկական ձմեռային «իրարանցմանն» ընդառաջ: Սա տրամաբանական է, քանի որ, եթե դրամի արժեզրկումը գոնե այս եռամսյակի համար չպահվի որոշակի կայուն մակարդակի վրա, ապա արդեն ձմռան կեսերից դրամը կգրանցի բազմակի արժեզրկում, ինչի վերականգնման համար ԿԲ-ից հետագայում ավելի մեծ ծախսեր կպահանջվեն:

2016թ.-ից, հավանաբար, մեր երկրի ազգային արժույթի փոխարժեքն ազատ կթողնվի՝ ենթարկվելով ինքնակարգավորման: Սա, իհարկե, այլ հավասար պայմաններում: Սակայն այստեղ պետք է նաև մի նրբություն հաշվի առնել. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրինագիծ է մտցրել Պետդումա, համաձայն որի՝ ԱՊՀ անդամ երկրներին առաջարկվում է հրաժարվել դոլարից և եվրոյից: Օրինագիծն ուժի մեջ մտնելուց հետո դոլարով և եվրոյով արվող ՀՀ արտաքին գործարքների քանակը կտրուկ կնվազի: Հաշվի առնելով փաստը, որ ՀՀ արտաքին առևտրաշրջանառության առյուծի բաժինն ընկնում է ԱՊՀ երկրներին, ապա գործարքների մեծ մասը կարվի ԱՊՀ ներքին մի քանի արժույթներով: Այս դեպքում դրամի փոխարժեքը կպայմանավորվի լրիվ նոր ազդակներով, որոնց վերաբերյալ ներկայիս ցանկացած կանխատեսում անորոշ է: Իսկ եթե վերոնշյալ օրինագծի գործարկումն ի վերջո մեկնարկի միասնական արժույթի ստեղծման կամ անցման գործընթաց, ապա պարզ է, որ դրամը կա՛մ միանգամից դուրս կգա շրջանառությունից, կա՛մ սկզբում կենթարկվի «հիպերարժեզրկման», իսկ հետո նոր՝ դուրս կգա շրջանառությունից:

Լարի

Այն բանից հետո, երբ համաշխարհային արժութային շուկայում գրանցվեց հայտնի բեկումը, ինչի ականատեսն ենք ցայսօր, բրիտանական Financial times-ը հանդես եկավ կանխատեսմամբ, համաձայն որի՝ հայկական դրամն ու վրացական լարին ռուսական ռուբլու անկման ֆոնին կարժեզրկվեն:

Մինչդեռ վրացական լարիի դեպքում իրավիճակն ավելի վաղ է սրվել: Դեռևս սույն թվականի փետրվար ամսից երկրի բարձր ատյաններից խոսվում էր երկրում առկա արժութային ճգնաժամի մասին: Արդեն տարվա սկզբին լարին մեկ դոլարի դիմաց կազմել էր 2.3 միավոր, փետրվարի վերջին այդ ցուցանիշը հասել էր 2.34-ի, այն դեպքում, երբ նախորդ տարվա վերջին մեկ դոլարը հավասար էր 1.8 լարիի:

Լարիի ապագայի նկատմամբ երկրում վստահությունն այն աստիճան անկում ապրեց, որ մարտի վերջին նույնիսկ լարիի սիմվոլիկ հուղարկավորություն կազմակերպվեց: Սա իրականում զգացմունքային ֆոնի միջոցառում էր, սակայն իրավիճակի լրջությունը փաստում էր նաև երկրի փոխվարչապետ Կախա Կալաձեն, ում խոսքերով՝ «իրավիճակը երկրում կարելի է անվանել արժութային ճգնաժամ»:

Արդեն հունիս ամսին 9.45 մլրդ դոլարի դիմաց վաճառվեց Վրաստանի Էկոնոմիկայի զարգացման նախարարության՝ Թբիլիսիի կենտրոնում գտնվող բարձրահարկ շենքը: Շենքի դիմաց ստացված գումարներն ուղղվեցին լարիի արժույթի ամրապնդմանը: Միջոցառումը կարծես թե իր նպաստը բերեց, որովհետև հունիս-հուլիս ամիսներից լարին սկսեց արժևորվել ամսական 2.8 %-ով:

Ներկայումս կարող ենք փաստել լարիի ճգնաժամի մի փոքր հանդարտեցում, սակայն դա պետական միջոցների հաշվին ստեղծված կարճաժամկետ հաջողություն է, որն ամբողջությամբ լուծելու համար պետք է վերջ դրվեն լարիի անկման հիմնապատճառները՝ հատկապես հաշվի առնելով, որ օգոստոսի երկրորդ տասնօրյակից լարին կրկին նվազման միտումներ է ցուցադրում:

Վրաստանի կառավարության ներկայացուցիչները, օրինակ, լարիի անկումը պայմանավորում են երկրում արժույթի ավելցուկի առկայությամբ. ներմուծումն այդ երկիր ավելի շատ է կրճատվել, քան արտահանումը: Բնականաբար, շուկայում արժույթի առաջարկի մեծացումը կհանգեցնի դրա գների նվազման: Իսկ ահա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պնդում է, որ լարիի ճգնաժամն արդեն անցյալում է, իսկ ներկայիս անկումը ժամանակավոր է և պայմանավորված է բացասական սպասումներով, ինչի արդյունքում երկրում մեծացել է դոլարի պահանջարկը:

Պետք է նշել, որ լարիի անկման գործում անմասն չեն կարող մնալ ո՛չ ռուբլու, ո՛չ էլ ուկրաինական ճգնաժամերը: Երկու դեպքում էլ արժևորվում է դոլարը՝ իր հետ բերելով այն, ինչ կա: Իսկ ուկրաինական ճգնաժամը դիտարկելիս պետք չէ մոռանալ, որ վրացական տնտեսության ազատականացումից հետո Ուկրաինան դարձել է Վրաստանի առևտրային գլխավոր գործընկերներից մեկը:

Մանաթ

«Մանաթի արժեզրկումը նաև համարվում է մեր պետության արժեզրկում». ադրբեջանական ազգային արժույթի շարունակական արժեզրկումը նման ծայրահեղ գնահատականների առաջ է կանգնեցրել երկրի նախագահի աշխատակազմի՝ հասարակական-քաղաքական հարցերով բաժնի պետ Ալի Հասանովին:

Ինչպես Ալի Հասանովն է ասում, Ադրբեջանի պետական ատրիբուտներից մեկն ընթացիկ տարվա փետրվար ամսից առ այսօր գրանցել է 34%-անոց արժեզրկում: Չնայած ադրբեջանական իշխանությունների կողմից իրավիճակը թաքցնելու ցանկությանը՝ մանաթի արժեզրկումն ու առհասարակ ադրբեջանական տնտեսությունում ստեղծված դրությունն արդեն ակնհայտ է սնանկացող բանկերի թվի աճով: Ամենաթարմ օրինակը՝ Eurobank-ի սնանկացումն է: Պետք է նշել, որ նավթի համաշխարհային գնանկումից ու մանաթի էժանացումից հետո տասնյակ բանկեր ունեցել են նույն ճակատագիրը:

Իրավիճակն այս երկրում վերջին երկուսի համեմատ շատ ավելի սուղ է, քանի որ այստեղ նավթի համաշխարհային գները (ըստ էության, համաշխարհային այս խառնաշփոթի հիմնական պատճառը) ուղղակի ազդեցություն ունեն ադրբեջանական տնտեսության վրա: Իրավիճակը պատկերացնելու համար բավական է միայն դիտարկել այն փաստը, որ նավթարդյունաբերությանը բաժին է ընկնում պետբյուջեի եկամուտների հիսուն տոկոսից ավելին, ինչպես նաև համախառն ներքին արդյունքի քառասուն տոկոսը:

Մյուս կողմից, կրկին իշխանությունների կողմից իրավիճակը չբացահայտելու նկատառումներով մանաթի փոխարժեքն արհեստականորեն երկար ժամանակ կայուն պահվեց դոլարի նկատմամբ, ինչը հանգեցրեց վերոնշյալ բանկերի սնանկացման: Եվ սա դեռ վերջը չէ. ադրբեջանական իշխանությունները շարունակում են նույն գործելաոճը՝ այսօր արդեն պարտադրելով բոլոր բանկերին դոլարի փոխարժեքի աճը պահպանել «խելամիտ» սահմաններում:

Սա իր հերթին երկրորդ փուչիկի գոյացման նախադրյալ է, որը կրկին ենթակա է պայթյունի: Այդ անգամ արդեն պայթյունն ավելի ուժգին կլինի ու կընդգրկի արդեն ավելի լայն ոլորտներ, քանի որ պետք չէ մոռանալ, որ արևմտյան շուկայի դռներն արդեն բաց են Իրանի ու իրանական ածխաջրածնային ռեսուրսների համար:

Համեմատության համար նշենք, որ արդեն իսկ հիմա որոշ ադրբեջանցի սպառողներ առաջին սպառման ապրանքներ ձեռք բերելու համար մեկնում են Իրան. սպառողական գների աճը բազմապատկում է երկրում ստեղծված տնտեսական վատթար վիճակը:

 

Ի՞նչ է ստացվում. Հարավային Կովկասը լիարժեքորեն զգում է համաշխարհային արժութային ճգնաժամի բոլոր դրսևորումները: Իրավիճակն առավելապես հուզիչ է մանաթի ու լիրայի դեպքում: Հայկական դրամն այս անգամ էլ, ինչպես և 2008թ. ճգնաժամի ժամանակ, կարճաժամկետ կտրվածքով համեմատաբար թույլ է զգում ճգնաժամի ազդեցությունը: Սա պայմանավորված է մի շարք օբյեկտիվ պատճառներով, այդ թվում ռիսկային ակտիվների ու ռեսուրսների սակավությամբ: Այլ է իրավիճակը լարիի ու մանաթի դեպքում, որոնք դեռ տևական ժամանակ կգտնվեն բացասական իրավիճակում, ընդհուպ մինչև ռեկորդային արժեզրկում: Պետք է նշել նաև, որ նշված երկու տնտեսություններից Ադրբեջանն ավելի արագ վերականգնվելու շանսեր ունի՝ հաշվի առնելով տնտեսության ահռելի ռեսուրսների առկայությունը, եթե, իհարկե, ադրբեջանական իշխանությունները չշարունակեն «ամեն ինչ վերահսկելի է» քողի ներքո ներկայացնել երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական դրությունն ու առկա ռեսուրսներն ուղղեն իսկապես տնտեսության վերականգնմանը, ոչ թե ասիական անմիտ ճոխությանը հատուկ օլիմպիական խաղեր հյուրընկալելուն:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: