ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սեփական հողում սեփական ճակատագիրը տնօրինելու հնարավորությունը արցախյան պայքարի մեծագույն ձեռքբերումն էր

Ազատ Արցախն այսօր՝ սեպտեմբերի 2-ին, նշում է անկախության տոնը: Ինչպես հայտնի է՝ 1991-ի օգոստոսի 30-ին Ադրբեջանի՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալուց օրեր անց  ժողովրդական պատգամավորների ԼՂ մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և ԼՂԻՄ բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը ԼՂՀ հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց: 

Այդ օրվանից սկսվեց Արցախի՝ որպես անկախ և ինքնիշխան պետության ժամանակակից պատմությունը: Պատմական նման իրադարձությունների հիշատակի  օրերին ընդունված է հայացք նետել անցած ուղուն, փորձել ի մի բերել այն ամենն, ինչ տեղի է ունեցել այդ ընթացքում: Արցախի անկախության տարիները կարելի է դասակարգել կամ գնահատել տարբեր կերպ, կարելի է անգամ բաժանել դրանք որոշակի փուլերի:

Արցախի անկախության հռչակմանն, ինչպես հայտնի է, հաջորդեցին արցախյան գոյամարտի «թեժ» տարիները, երբ արցախահայերը ստիպված էին կենաց ու մահվան կռիվ տալ իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքի և հռչակած անկախությունն իրական դարձնելու համար: Եվ  առաջին հերթին ոչ թե ԱԶԱՏ ապրելու, այլ պարզապես սեփական հողում ապրելու իրավունքի համար: Թերևս կարիք չկա հիշեցնելու, որ արցախցիների՝ Ադրբեջանից անջատվելու ձգտումը Բաքվի մշտական հալածանքներին վերջ դնելու և Արցախը՝ որպես հայաբնակ տարածք պահպանելու անհրաժեշտությունից ծնված քայլ էր: Գաղտնիք չէ, որ հատկապես Խորհրդային Միության անկման տարիներին Բաքուն ակտիվորեն իրականացնում էր  Արցախը հայաթափելու, հայերիս այս տարածքից դուրս մղելու իր ծրագիրը: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ ճակատագիր էր սպասվում Ղարաբաղին, եթե նա չձգտեր և արդյունքում չնվաճեր իր անկախությունը. երբեմնի հայաբնակ Նախիջևանի օրինակը խոսուն կերպով ներկայացնում է Արցախի հնարավոր ճակատագիրը … 

Մինչդեռ այսօր՝ անկախության հռչակումից 24 տարի անց, սեփական սահմանները գրեթե ամենօրյա պայքարում զենքի ուժով պաշտպանելուն զուգահեռ արցախցիները կերտել են պետություն, որն իր պետական ինստիտուտների արդյունավետությամբ օրինակելի կարող է համարվել տարածաշրջանի շատ սուբյեկտների համար: Շնորհիվ ձեռք բերած ազատության՝ արցախցիներն այսօր հնարավորություն ունեն ապրել միջավայրում, ուր մարդու իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքը համեմատության որևէ եզր չունի այն ամենի հետ, ինչ կատարվում է, օրինակ, հարևան Ադրբեջանում: Փաստերը բազմաթիվ  են, սակայն բավարար է հիշել միայն վերջերս ԼՂՀ –ում անցկացված խորհրդարանական ընտրությունները: Դրանց արդյունքում ընտրապայքարին մասնակից յոթ կուսակցություններից հինգը տեղեր գրավեցին օրենսդիր մարմնում: Ընտրությունների ընթացքից գոհունակություն հայնեցին թե՛ կառավարող, թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերը: Ընտրությունները դրական գնահատականի էին արժանացել նաև միջազգային դիտորդների կողմից:

Մինչդեռ այս ֆոնին առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են նախանշված նաև հարևան Ադրբեջանում:  Ինչպես նշում են իրենք՝ ադրբեջանցիները, երկրի սահմանադրությունն արդեն իսկ չի երաշխավորում ընտրապայքար քաղաքական կուսակցությունների, հետևաբար նաև՝ գաղափարախոսությունների միջև: Ըստ երկրի հիմնական օրենքի՝ Ադրբեջանի խորհրդարանը ձևավորվում է միայն մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից: Եվ որպես կանոն՝ գրեթե բոլոր ընտրատարածքներում հաղթանակ են տանում կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածուները: Ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր ուժերը քննարկում են դրանք բոյկոտելու հնարավորությունը, թեև, ընդդիմադիրներն իրենք էլ հույս չունեն, թե իրենց բոյկոտը կարող է իրավիճակ փոխել: Միաժամանակ կարիք էլ չկա հիշատակելու Ադրբեջանում ազատազրկված տասնյակ քաղբանտարկյալների մասին, որոնց ազատելու կոչերով գրեթե յուրաքանչյուր օր Բաքվին են դիմում տարբեր միջազգային  կառույցներ ու պետական մարմիններ: 

Ու այսօր աչքի առջև ունենալով այս ողջ պատկերը՝ պարզապես տարօրինակ են թվում ղարաբաղյան կարգավորման նեկայիս բանակցությունները: Տարօրինակ է, երբ  Ադրբեջանի ժողովրդի անունից հանդես եկող դիկտատորը, հայտարարելով, թե ձգտում է կարգավորման, հրաժարվում է նույնիսկ անմիջականորեն երկխոսել  արցախցիների հետ: Տարօրինակ է նաև միջնորդների ու միջազգային հանրության կեցվածքը, երբ արցախահայությանն ու հայ ժողովրդին հասցված այդքան կորուստներից հետո խոսվում է հայկական կողմից հնարավոր «զիջումների» մասին: Տարօրինակ է, որ կա ակնկալիք, թե սեփական ազատությունը նվաճած ժողովրդի հետ կարելի է խոսել վերջնագրերի լեզվով… 

Սակայն անգամ այս ամենը նկատի ունենալով՝ հնարավոր չէ չփաստել, որ անկախ Արցախի շուրջ ընթացող բոլոր զարգացումներից սեփական կյանքի կազմակերպման ձևն ու  զարգացման ուղին ազատորեն ընտրելու, տնօրինելու հնարավորությունն այն մեծագույն ձեռքբերումն են, որ երկու տասնամյակ առաջ նվաճեցինք հայերս՝ արցախահայերը…  Երկու տասնամյակ առաջ ձեռք բերված  ազատությունն է այն մեծագույն արժեքը, որ յուրաքանչյուր օր թշնամու ոտնձգություններից ստիպված են պաշտպանել հայորդիները: Ասում են՝ առանց պայքարի այս կյանքում ձեռք չի բերվում ոչինչ. ու թվում է՝ սեփական հողում սեփական կյանքը տնօրինելու հնարավորությունն  այն է, ինչն, առավել քան որևէ մեկ այլ բան այս կյանքում,արժանի է նույնիսկ ամենօրյա պայքարի …

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    11 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: