ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք ապրում ենք ամենակոնֆլիկտային տարածաշրջանում. Արաքս Փաշայան (ԲԱՑԱՌԻԿ)

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը շարունակում է իր առաջխաղացումը՝ սպառնալով նաև մեր տարածաշրջանի երկրների անվտանգությանը: Կազմակերպության առաջխաղացման, դրանից բխող մարտահրավերների և վտանգների մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, արաբագետ Արաքս Փաշայանի հետ:

 

 

- Միջին Արևելքում (ՄԱ) իրավիճակը մնում է ծայրահեղ լարված, որի հիմնական պատճառներից են Իրաքում, Եմենում, Սիրիայում շարունակվող պատերազմները, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջխաղացումը: Ինչպե՞ս կգնահատեք ստեղծված իրավիճակը:

- Միջին Արևելքն իսկապես ներքաշվել է ծանրագույն ճգնաժամի մեջ: Կարելի է ասել, որ փլուզված է կամ փխրուն հավասարակշռության մեջ է գտնվում Մերձավոր և Միջին Արևելքի ազգային անվտանգության համակարգը: Գրեթե բոլոր առկա հակամարտությունները վաղուց են դուրս եկել տարածաշրջանի սահմաններից և վերածվել համաշխարհային հումանիտար ճգնաժամի: Ասվածի ապացույցը փախստականների այն ահագնացող ալիքն է, որը հայտնվել է Եվրոպայում: Մերձավոր Արևելքի և հատկապես Սիրիայի նկատմամբ տարիներ շարունակ ամերիկյան ու նրան դաշնակից ուժերի ոչ ճիշտ ու համարժեք քաղաքականության արդյունքում Եվրոպան ներկայումս բախվել է անհաղթահարելի թվացող մի շարք խնդիրների՝ ոչ միայն փախստականների և ժողովրդագրական, այլև ազգային անվտանգությանն առնչվող: Միջազգային հանրության համար լրջագույն խնդիրներ են դարձել կրոնական ծայրահեղականության, ահաբեկչությունների ու «մոլեկրոնության» հարաճուն աճը: Դեռևս 1970-ականներից Սառը պատերազմի տարիներին Ծոցի արաբական միապետությունների, մասնավորապես Սաուդյան Արաբիայի կողմից ԱՄՆ-ի համաձայնությամբ արտաքին աշխարհ արտահանվող վահաբականությունը դարձել է տեղական՝ ազգային իսլամի առաջ ծառացած խնդիրներից ու արմատականության պատճառներից մեկը: Առկա ճգնաժամն առնչվում է մեկ այլ խնդրի ևս՝ մարդկային ողբերգությանը: Նույն Սիրիայի միլիոնավոր քաղաքացիներ տեղահանվել են իրենց տներից, հարյուրհազարավորները զոհվել են, որոնց թվում բազմաթիվ երեխաներ:

- Թվում է՝ իրավիճակն անխուսափելիորեն պետք է կարգավորվի, որպեսզի իրենց լուծումը գտնեն Ձեր նշած խնդիրները:

- Մերձավոր Արևելքի ճգնաժամը, կարելի է ասել, ճգնաժամ է ամբողջ աշխարհի համար: Այն ամենակարևոր աշխարհաքաղաքական, հաղորդակցային և ռեսուրսային տարածաշրջաններից է՝ հսկայական ժողովրդագրական ռեսուրսով և կուտակված սոցիալական բազմաթիվ խնդիրներով: Մերձավոր Արևելքի հավասարակշռությունը մինչև «արաբական գարնան» դեպքերը փայլուն կերպով պահում էին արաբական աշխարհի նախորդ առաջնորդները: Այդ հավասարակշռության խաթարումը հանգեցրեց միջցեղային, միջէթնիկ, միջկրոնական սուր բախումների և անջատողականության լայնածավալ ալիքի: Այնպես որ դեռ տևական ժամանակ անհնար կլինի կայունացնել իրավիճակը: Չնայած բոլոր ներգրավված կողմերը շարունակում են հայտարարել, որ «Իսլամական պետությանը» պետք է չեզոքացնել, իսկ միջազգային հանրությունը շարունակում է մտահոգվել ջրահեղձ եղած երեխաների ողբերգական լուսանկարներով, դաշնակից ուժերը շարունակում են օդային հարվածներն «Իսլամական պետության» թիրախներին, սակայն, որքան էլ զարմանալի է, սայլը տեղից չի շարժվում: Խնդիրն այն է, որ Միջին Արևելքում առկա ճգնաժամը առաջին հերթին մեծ պետությունների՝ մասնավորապես ԱՄՆ-ի և Ռուսաստանի ու նրանց դաշնակիցների միջև հակամարտության հարթակ է: Մյուս կողմից ուժային տարբեր կենտրոններ, ունենալով քաղաքական, տնտեսական, ֆինանսական և այլևայլ շահեր, շարունակում են հետաքրքրված մնալ տարածաշրջանի ներկա քաոսային ու անկայուն իրավիճակով: Առկա ճգնաժամը վեր է հանել նաև ավանդական հակամարտությունն ու մրցակցությունը սուննի և շիա աշխարհաքաղաքական դաշինքների միջև՝ ի դեմս Իրանի ու Ծոցի արաբական միապետությունների, որն ակնհայտ է նաև Եմենում: Սակայն իրավիճակը չի կարող այսպես երկար շարունակվել, քանի որ հղի է ծանրագույն հետևանքներով: Հանգուցալուծումն անխուսափելի պետք է դառնա:

- Որքա՞ն ժամանակ կարող է գոյատևել «Իսլամական պետությունը»:

- Փաստ է, որ «Իսլամական պետությունը» դարձել է միջազգային հարաբերությունների սուբյեկտ, որն ունի տարաբնույթ ռեսուրսներ ոչ միայն գոյատևելու, այլև իր դիրքերն ամրապնդելու համար: Ճիշտ է՝ դրա գաղափարները շատ հրապուրիչ են մոլեկրոն ու երիտասարդ մուսուլմանների համար, իսկ ջիհադիզմը՝ մոդայիկ, բայց ես հավատում եմ, որ դա ժամանակավոր է: Իսլամական պետությունն աղանդ է, որը փորձում է վերակենդանացնել միջնադարյան պատկերացումները: Այն, ըստ էության, զբաղվում է մարդկային թրաֆիքինգով: Դա են վկայում այն բազմաթիվ մարդկանց վկայությունները, որոնց հաջողվել է փախչել և պատմել, թե իրենց ինչպես են հավաքագրել, այնուհետև խաբել ու դաժանորեն ստրկացրել: Բացի այդ, Իսլամական պետությունը վաճառում է իր կողմից գերեվարված ոչ մուսուլման կանանց (հիմնականում՝ եզդի և այլն): Եթե համեմատենք տեղեկատվական հոսքերը, ապա նախկինում ավելի շատ էր խոսվում «Իսլամական պետության» մեջ եվրոպացի մուսուլման զինյալների ներգրավվածության մասին, քան այսօր: Ի վերջո, մենք համապարփակ տեղեկություններ չունենք, թե իրականում ինչպես են տրամադրված Իսլամական պետության գերակայության տակ ապրող հասարակությունները: Նրանք, ճիշտ է, կուրորեն հետևում են «Իսլամական պետության» սահմանած շարիաթական օրենքներին, սակայն դա կարող են անել նաև վախից: Կարծում եմ՝ «Իսլամական պետության» դեմ իրական պատերազմն անհնար է, որ չկարողանա լուծել իր առջև դրված խնդիրները: Սակայն հարց է, թե որքանով են ազնիվ նույն ԱՄՆ-ն, Թուրքիան, Հորդանանը, դաշնակից այլ ուժերը, ովքեր հայտարարում են ԻՊ-ի դեմ իրենց պայքարի մասին:  

- Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ «Իսլամական պետությունը» ծրագրեր ունի նաև Հյուսիսային և Հարավային Կովկասում: Որքանո՞վ է դա իրական:

- Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը նպատակ ունի վերականգնելու խալիֆայության նախկին փառքը, իսկ Կովկասը, որտեղ իսլամը տարածվեց արդեն յոթերորդ դարում, արաբա-իսլամական պետության մի մասն էր: Այսօր նույն Ադրբեջանը, հյուսիսային Կովկասի հանրապետությունները, Վրաստանը, դարձել են միջազգային ջիհադականության ռեսուրսային երկրներ: Իսլամական պետությունը մեր տարածաշրջանում ունի մեծ թվով համակիրներ, ովքեր տոգորված են մարտնչող իսլամիզմի գաղափարներով: Այս իրողությունները շատ դեպքերում հարցականի տակ են դնում տվյալ երկրների կայունությունը:

- Արդյո՞ք կրոնական ծայրահեղականությունը և մարտնչող իսլամիզմը սպառնում են Ադրբեջանի ներկա իշխանություններին:

Կարծում եմ̦ որ ոչ, քանի դեռ Ադրբեջանում որևէ արտաքին ուժ կամ ուժեր չեն ծրագրել իրականացնել իշխանափոխություն: Ի. Ալիևին հաջողվում է դեռևս հնարավորինս կայուն ու ամուր պահել Ադրբեջանի ազգային անվտանգության համակարգը: Արդեն Հեյդար Ալիևի իշխանության գալուց հետո զգալի աշխատանք կատարվեց չեզոքացնելու իսլամական աշխարհից եկող արտաքին քաղաքական մարտահրավերները: Ադրբեջանի՝ մասնավորապես Բաքվի հասարակությունը հիմնականում աշխարհիկ է, բայց առկա գաղափարական վակուումը ցանկացած պահի կարող է լցվել քաղաքական իսլամով: Դա բնորոշ է բոլոր իսլամական հասարակություններին, որտեղ իսլամը ամենակայուն, արժեքավոր, հիմնարար ու կենսական գաղափարախոսությունն է, որն ունի բոլոր հարցերի պատասխանները:

- Ի՞նչ վտանգներ կան Հայաստանի համար: 

- Հայաստանը Մեծ Մերձավոր Արևելքի մի մասն է: Մենք, փաստորեն, ապրում ենք ամենակոնֆլիկտային տարածաշրջանում, իսլամական աշխարհի մեջ, ունենք համայնքներ Միջին Արևելքի մի շարք երկրներում: Սակայն անմիջական ռազմական գործողություններից մենք որոշակիորեն հեռու ենք: Բայց պետք է նկատի ունենանք, որ հակամարտություններում այս կամ այն կերպ ներգրավված են մեր գրեթե բոլոր հարևանները: Վերջերս նույնիսկ Վրաստանը հայտարարեց, որ Իսլամական պետությունն իրենց համար սպառնալիք է: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանը պետք է փորձի իրատեսորեն գնահատել իսլամական աշխարհում իր համար գոյություն ունեցող մարտահրավերները:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: