ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Կազան-2» է նախապատրաստվո՞ւմ

Արդեն իսկ հայտնի դարձավ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների կայանալիք հանդիպման օրը: Տրամաբանական է, որ քննարկման հիմնական թեմաներից մեկը լինելու է սահմաններին տեղի ունեցած վերջին սրացումների ու հրադադարի ռեժիմի խախտումների քանակի հարցը: 

Ուշագրավ է, սակայն, որ բանակցային գործընթացի ակտիվացմանը զուգահեռ՝ առավել լայնորեն սկսել է շրջանառվել ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան համանախագահության ակտիվացման հանգամանքը: Այդ մասին խոսվում էր դեռևս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջան կատարած այցի և օրերի տարբերությամբ Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ֆոնին: Դրան գումարվեց նաև կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման նախաշեմին Ադրբեջանի ԱԳ նախարարի արած հայտարարությունն առ այն, որ Ռուսաստանն ամրապնդել է այս հարցում իր դիվանագիտությունը, և կան համաձայնեցման ենթակա հարցեր:

ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերջին վատթարացման ֆոնին, որն արտացոլվեց Եվրախորհրդարանի բանաձևին ի պատասխան Ադրբեջանի ագրեսիվ արձագանքով և Եվրոպայի հասցեին հնչած մեղադրանքներով, սա կարող է որոշակի ուղերձ լինել պաշտոնական Մոսկվային:

Ռուսաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների սրացման այս փուլում զուգահեռաբար փորձում է ընդգծել և ընդլայնել իր դերակատարությունը տարածաշրջանային հակամարտությունների, ճգնաժամերի կարգավորման գործընթացներում: Սիրիական ճգնաժամը նման օրինակներից մեկն է: Չի բացառվում, որ ելնելով տարածաշրջանի կարևորությունից և իր ունեցած լծակներից՝ Ռուսաստանը փորձի ակտիվացնել իր դերակատարումը նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Նման օրինակի ականատես եղանք նաև 2010-2011թթ., երբ Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ կողմերը մոտ էին կարգավորման սկզբունքների ստորագրմանը:

Այս համատեքստում Ադրբեջանը կարող է փորձել օգտվել իրավիճակից և Արևմուտքին «պատժելու համար» որոշակի քողարկված աջակցություն ցուցաբերել Ռուսաստանին ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու համար կամ, ինչպես ասում են, «առաջարկել իր ծառայությունները»: Սակայն Ռուսաստանն իր հերթին պետք է երաշխիքներ ունենա, որ չի կրկնվի Կազանի սցենարը, և հերթական տապալումը վնաս չի հասցնի իր հեղինակությանը: Ուստի Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հնարավոր է որոշակի պայմանավորվածությունների ձեռքբերում՝ հիմնված փոխադարձ զիջումների վրա:

Որո՞նք են լինելու այդ զիջումները: Չի բացառվում թե՛ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ քննարկումների ակտուալիզացումը, թե՛ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի բովանդակային հարցերում որոշ ելևէջների ու շեշտադրումների փոփոխությունը:

Ամեն դեպքում Կազանի օրինակը փաստել է, որ Ադրբեջանի տված խոստումները կարող են վերջին պահին փոփոխության ենթարկվել: Ուստի Ռուսաստանը պետք է առավել հետևողական լինի Բաքվի հետ տարվող աշխատանքում և կարողանա ճնշում գործադրելու միջոցով հասնել համապատասխան զիջումների, որոնք անհրաժեշտ են կարգավորման գործընթացն առաջ մղելու և կողմերի միջև վստահություն կառուցելու համար:  Ռուսաստանը պետք է հաշվի առնի, որ չնայած այժմյան շահերի թվացյալ համընկնմանը՝ ընդհանուր «թշնամին» դժվար թե կարողանա երկարաժամկետ միավորող գործոն լինել: 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: