ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը միջազգային օրակարգ է վերադարձնում սիրիական ճգնաժամի կարգավորման խնդիրը

Սիրիական հակամարտությունը, որն Իրանի և միջազգային տերությունների միջև բանակցությունների և միջուկային համաձայնագրի կնքման ֆոնին որոշակի առումով երկրորդ պլան էր մղվել, վերադառնում է միջազգային օրակարգ: Հիմնական պատճառներից մեկը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի գլխավոր դաշնակիցներից մեկի` Ռուսաստանի ռազմական և դիվանագիտական քաղաքականության ակտիվացումն է:

Արևմտյան և արաբական լրատվամիջոցները քննարկում են Սիրիայում ռուսական զորքերի առկայության շուրջ շրջառանվող լուրերը: Reuters գործակալությունը, հղում կատարելով ԱՄՆ ռազմական իր աղբյուրներին, հայտնում է, որ Սիրիայի Լաթաքիա նավահանգստում ռուսական ռազմական ուղղաթիռներ են նկատվել: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Լաթաքիայից ոչ հեռու շուրջ 200 միավոր տանկ, հրետանի և ռազմական տեխնիկա է կուտակվում: Այս տեղեկություններն արևմտյան ուժերի կողմից դիտարկվում են որպես նախապատրաստական աշխատանքներ Սիրիա ռուսական զորքեր մտցնելու համար: Մի շարք ուժեր էլ կարծում են, որ Ռուսաստանը ցանկանում է ռազմական բազա կառուցել Սիրիայում: Նշենք, որ Միջերկրական ծովում Մոսկվայի միակ ռազմածովային բազան գտնվում է Սիրիայի Տարտուս նավահանգստում:

Այս տեսանկյունից ուշադրության կենտրոնում հայտնվեց այն հարցը, թե ինչ օդային ուղի է օգտագործում Ռուսաստանը Սիրիա ուղղաթիռներ ուղարկելու համար: Reuters-ը, հղում անելով ԱՄՆ անանուն պաշտոնյաներին, հայտնում է, որ ռուսական ինքնաթիռները Սիրիա հասնելու համար բազմիցս հատել են Իրանի և Իրաքի օդային տարածքը: Խուսափելով Թուրքիայի տարածքով թռիչքներից` Ռուսաստանը փորձում է դա անել Բալկանյան երկրների միջոցով: Սակայն ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարեց̦ որ «ԱՄՆ-ը խորհուրդ է տվել իր գործընկերներին մանրամասն հարցեր տալ ռուսներին  թռիչքների հարցումների ժամանակ»: Դրանից անմիջապես հետո Բուլղարիան մերժեց իր օդային տարածքը օգտագործելու Ռուսաստանի հարցումը:

Սիրիան և Ռուսաստանը պաշտոնապես չեն հաստատում այս լուրերի հավաստիությունը` միաժամանակ չբացառելով դրանց հավանականությունը: Սիրիայի ԱԳՆ ղեկավար Ուալիդ Ալ-Մուալլեմը հաստատել է, որ Սիրիայի և Ռուսաստանի զինված ուժերի միջև ռազմավարական համագործակցություն կա: Ընդգծելով, որ «Սիրիայում ռուս-սիրիական համատեղ ռազմական գործողություններ տեղի չեն ունեցել»` Սիրիայի արտգործնախարարն ասել է, որ «նման անհրաժեշտության դեպքում նրանք կդիմեն Ռուսաստանին», հայտնում է սիրիական SANA գործակալությունը: Նա նաև ոչ հերքել, ոչ էլ հաստատել է Լաթաքիայում Ռուսաստանի կողմից ռազմաբազա կառուցելու շուրջ վերոնշյալ տեղեկությունները: Միաժամանակ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ալ-Ջաաֆարին հայտարարել է, որ Ռուսաստանին պետք է թույլատրվի Սիրիայի տարածքում հարվածներ հասցնել ԻՊ-ին, ինչպես դա անում է ԱՄՆ-ը, հայտնում է TASS գործակալությունը:

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Սիրիայի արտգործնախարարի խոսքերն, ասել է, որ եթե «Ռուսաստանը Սիրիայից նման խնդրանք ստանա, ապա պատրաստ է դիտարկել այն երկկողմ պայմանագրերի շրջանակներում»,- գրում է РИА Новости-ն: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայցուցիչը հայտարարել էր, որ Սիրիային տրամադրվող ռուսական օգնությունը գաղտնիք չէ, դա իրականցվում է երկու երկրների միջև կնքված պայմանագրերի համաձայն և չի հակասում ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի նպատակներին: Իսկ ՌԴ արտգործախարար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ Մոսկվան իր մասնագետներին ուղարկում է Սիրիա համապատասխան սարքավորումների կարգավորման և սիրիացի մասնագետներին վերապատրաստելու համար, ինչը երբեք էլ գաղտնի չի պահվել: Բացի այդ, Սիրիային զինամթերք մատակարարելու հարցի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցներ չեն կիրառվել, բոլոր փորձերը արգելափակվել են Ռուսաստանի և Չինաստանի կողմից: Հետևաբար, միջազգային օրնսդրական խախտման մասին խոսք լինել չի կարող:

Սիրիայում ռազմական ներուժի ընդլայնման լուրերին զուգահեռ Մոսկվան ակտիվացրել է դիվանագիտական քայլերը սիրիական հակամարտության կարգավորման ուղղությամբ: Ռուսաստանը հայտարարում է, որ ԻՊ-ի դեմ իրական պայքար կազմակերպելու համար անհրաժեշտ է միասնական ճակատ ստեղծել տեղում կռվող ուժերի` սիրիական և իրաքյան բանակների, ինչպես նաև քրդական զինված միավորների ներգրավմամբ: Մյուս կողմից, աշխատանքներ են տարվում Մոսկվայում սիրիական կառավարության և ընդդիմադիր ուժերի միջև երկխոսությունը շարունակելու ուղղությամբ: Ռուսական կողմը նաև ակտիվացրել է բանակցությունները սիրիական ճգնաժամում ուղղակի կամ անուղղակի ներգրավվածություն ունեցող երկրների, այդ թվում նաև Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի հետ հատման որոշակի եզրեր գտնելու համար:

Ինչո՞վ է պայմավավորված Ռուսաստանի նման ակտիվությունը: Աստիճանաբար ակնհայտ է դառնում, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի գործողություններն անկարող են կանխել ԻՊ-ի առաջխաղացումն ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում: Մյուս կողմից, տապալվում է «չափավոր սիրիական ընդդիմությանը» վերապատրաստելու ամերիկյան ծրագիրը: Վերջին զեկույցների համաձայն՝ ԱՄՆ-ի վերապատրաստած զինյալների մեծ մասն արդյունքում միացել է ԻՊ-ին կամ Ջեբհաթ Ան-Նուսրային: Այսինքն՝ Սիրիայում ամերիկյան քաղաքականությունը պարտություն է կրում: Իսկ սա նշանակում է, որ ակտիվանալու հիանալի հնարավորություն է ընձեռնվում Ռուսաստանին, և չի բացառվում, որ Ռուսաստանը կօգտագործի այն` հաշվի առնելով նաև այն հանգամանըք, որ միգրացիոն ճգնաժամի առջև կանգնած Եվրոպան հայտարարում է, որ սիրիական ճգնաժամի կարգավորումն անհնար է առանց Ռուսաստանի: Չի բացառվում նաև, որ վերջին շրջանում ԻՊ-ի առաջխաղացման հետևանքով սիրիական բանակի պարտություններից հետո Ռուսաստանը ցանկանում է ամրապնդել իր դաշնակցի դիրքերը` կանխելով Սիրիայում այլ ուժերի ազդեցության տարածումը:

Սակայն ռուսական ռազմական միջամտությունը կարող է նաև սրել առանց այն էլ պայթյունավտանգ իրավիճակը: Գաղտնիք չէ, որ Սիրիան իսկական մարտադաշտ է դարձել տարբեր ուժային կենտրոնների և միջազգային և տարածաշրջանային ուժերի միջև հակամարտության համար: Հետևաբար, ռուսական զորքերի մուտքը Սիրիա կարող է պատճառ հանդիսանալ նաև ԱՄՆ ցամաքային միջամտության համար, իսկ նման պայմաններում Սիրիա պետությունը կամ սիրիական ժողովուրդ միանշանակ տուժելու են, երկիրը հաստատ կանգնելու է իր տարածքային ամբողջականությունը կորցնելու վտանգի առջև:

Բացի այդ, Սիրիայում ռուսական ներկայության հնարավոր ընդլայնումը զգալի հարված կհասցնի նաև տարածաշրջանային երկրների, առաջին հերթին Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի շահերին: Սիրիայում ռուսական ռազմական ուժերի ներգրավումը կբացառի Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտի ստեղծելու» Թուրքիայի նկրտումները, իսկ Սաուդյան Արաբիայի և Իսրայելի կողմից կդիտարկվի որպես իրանական ազդեցության ուժեղացում մերձավորարևելյան տարածաշրջանում: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 0 կմ/ժ
    19 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: