ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բոլոնիայում բեմադրվել է Ցեղասպանության թեմային նվիրված «Նռան երեք հատիկներ» ներկայացումը

Աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում՝ Բոլոնիայում, այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմազան միջոցառումներ են տեղի ունեցել և դեռ շարունակվում են կազմակերպվել: Բոլոնիայում դրանք մեկնարկել են դեռևս մարտ ամսին, երբ տեղի հանդիսատեսը հնարավորություն է ունեցել ունկնդրելու Իտալիայում բավական ճանաչված հայազգի գրող և հրապարակախոս Անտոնիա Արսլանին, ապա դիտելու նրա «Արտույտների ագարակը» գրքի հիման վրա իտալացի ռեժիսորներ Տավիանի եղբայրների նկարահանած համանուն ֆիլմը:

Հաջորդ միջոցառումը տեղի է ունեցել Բոլոնիայի համալսարանում, որտեղ պրոֆեսոր Աննա Շիրինյանի, Բոլոնիայի պատմական արխիվի գիտական պատասխանատու պրոֆեսոր Ջան Պաոլո Բրիցցի և դոկտոր Պիեռ Պաոլո Ձանոնիի համագործակցության արդյունքում ապրիլի 16-ին երկու շաբաթով բացվել է գերմանացի լրագրող Արմին Վեգների՝ 1915 թ. Հայոց ցեղասպանության օրերին արված լուսանկարների ցուցա­դրու­թյունը: Բացմանը նախորդել են զեկուցումներ և ելույթներ ուսանողական և պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ:

Համալսարանական միջավայրից դուրս շատ կարևոր է նաև տեղի մշակութասեր հասարակության հետ շփումը: Այս առումով հատկապես հիշատակելի են «CostArena» կոչվող մշակութային հանդիպումների վայրում անցկացված մի քանի միջոցառումները՝ նվիրված հայոց պատմությանը, լեզվին ու մշակույթին:

Սեպտեմբերի 25-ին հիշյալ վայրում մի խումբ դերասանների կողմից բեմադրվել էր Հայոց ցեղասպանությանը նվիրված մի ներկայացում, որը կրում էր «Նռան երեք հատիկները» (Tre chicchi di melagrana) խորագիրը: Ներկայացման սցենարի հեղինակը դերասան Ալիդա Պիեռսանտին էր, որն իր խոսքում նշեց, որ խորապես ազդվել է՝ ծանոթանալով Հայոց ցեղասպանության պատմությանը, և միտք հղացել ինչ-որ կերպ հասանելի դարձնել նաև մյուսներին: Դերասանները մեծ պատասխանատվությամբ էին մոտեցել միջոցառմանը: Ներկաների համար հաճելի անակնկալ էր պատրաստված. ներկայացումը երբեմն ընդմիջվում էր հայկական երգերով, որոնք կատարում էին իտալացի երկու երաժիշտներ: Երգչուհին՝ Կիարա Տրապանսեն, ով կատարեց կոմիտասյան մշակումներով երեք և հայկական ժողովրդական երկու երգ, խոստովանեց, որ իր համար բացահայտել է մի նորահայտ երաժշտական աշխարհ, որը դեռ պետք է ուսումնասիրի:

Ներկայացումն արժանացավ ներկաների բարձր գնահատանքին, և ցանկություն հայտնեցին առաջիկայում կրկնելու այն, քանի որ ցանկացողների թիվը սպասվածից ավելին էր: Երեկույթի նախաձեռնության և կազմակերպչական հարցերի ողջ պատասխանատուն Մասսիմո Շարետան էր, որին ևս շնորհակալական խոսքեր ուղղեցին ներկաները:

Առաջիկա ամիսներին ևս ծրագրված են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ լուսանկարների ցուցահանդեսի բացում, սեմինարներ, մշակութային երեկույթներ, իսկ նոյեմբերի 14-ին Բոլոնիայի կենտրոնական Սուրբ Պետրոսի տաճարում հայր Լևոն Զեքիյանի և դոն Ռիկարդո Պանեի անմիջական նախաձեռնությամբ և մասնակցությամբ կմատուցվի սուրբ պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, որից հետո այդ օրերին փրկված ձեռագրերի վերաբերյալ զեկուցումներով հանդես կգան Գաբրիելլա Ուլուհոջյանն ու հայր Լևոն Զեքիյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: