ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցեղասպանության որբերի թանգարանն՝ աշխարհին ընկալելի նոր կոնցեպտով

Ոչ թե դասական դրամատիկ լուծումներով, այլ նոր ու ժամանակակից ձևաչափով. 1915-ի ողբերգությունն ու այն հաղթահարելու պատմությունները հավաստող փաստաթղթերի ու մասունքների ցուցադրությամբ արդեն երկու ամիս Լիբանանում գործում է Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պեզիքյան» թանգարանը: Մերձավոր Արևելքում հիմնված ամենամեծ որբանոցներից «Թռչնոց բույնն» է վերակառուցվել ու նորովի ներկայանում:

«Վեհափառն (Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոս) անձամբ մեր առջև խնդիր դրեց անել ավելին ու աշխարհին ընկալելի կոնցեպտով ներկայացնել Հայոց ցեղասպանության տարիներին Լիբանան հասած հազարավոր որբերի անցյալը: Ցուցադրվող նմուշների բովանդակությունն առավել ամբողջական են դարձնում տեխնոլոգիական հնարավորությունների գործածությունը՝ տեսա-, լուսա- և ձայնային էֆեկտները, դեռ թանգարանի բակից, օրինակ  որբերի լացի ձայն է լսվում:

Նյութերն անգլերեն են, ուղեկցվում են հայերեն, ֆրանսերեն ու արաբերեն թարգմանությունով», – ասում է ճարտարապետներից Րաֆֆի Թարխանյանը և ընդգծում, որ թանգարանը երեք բաժնից է կազմված՝ «Ցեղասպանություն», «Որբություն» և «Վերածնունդ»՝ ներկայացնելով և իմաստավորելով որբերի անցած ճանապարհն ըստ փուլերի: 

Տարիներ անց «Թռչնոց բույնի» սաներից մեկին ճանապարհը դարձյալ այստեղ է բերել՝ թանգարանի պաշտոնական բացումից օրեր առաջ:

«Տարածքում շրջող մի ծեր մարդ տեսանք, մոտեցավ մեզ, պատմեց իր մասին, ասաց ինքն էլ Ցեղասպանությունը վերապրած հայ է և այստեղ է ապրել, հարցրեցինք՝ այստեղ՝ Լիբանանո՞ւմ, ասաց՝ ոչ, այս որբանոցում՝ «այստեղ խաղացել եմ, հիվանդ ժամանակ այս պատի տակ պառկած էի», այսպես 1-2 ժամ պատմում էր… ասաց՝ ինքն էլ բոլորին չի կարողանա պատմել այդ ամենը, թանգարանը կանի այդ գործը», – պատմում է Րաֆֆի Թարխանյանը:

1978-1980-ին «Թռչնոց բույնի» սանուհիներից Թալինե Բարդակջյանի խոսքով, այս կառույցն առանձնահատուկ նշանակություն ունի իր համար, քանի որ այն իր տունն է համարում. «Թռչնոց բույնում» մենք այժմ ունենք միջազգային չափանիշներին համապատասխան թանգարան, որը պատմում է Հայոց ցեղասպանությունն այստեղ վերապրած որբերի մասին և ոչ միայն: Նման թանգարանի համար առավել հաջող տեղ չէր կարող ընտրվել: Լինելով «Թռչնոց բույնի» սանուհիներից և տեսնելով այն աշխատանքը, որ արվել է, հպարտանում եմ՝ մենք հիմա ավելի ուժեղ ենք և մեր արմատներին առավել հավատարիմ: Սա ուղերձ է հայ ժողովրդից ամբողջ աշխարհին, թե ինչ ճանապարհ ենք անցել և թե ինչերի ենք հասել հակառակ դժվարություններին: Թանգարանը տպավորել է իմ սիրտն ու միտքը և բոլորին վստահ խորհուրդ եմ տալիս գալ և տեսնել, քանի որ այն մեր ժողովրդի վերածննդի վկայությունն է և հույս նրանց համար, ովքեր դեռ տառապում են»:

Իսկ այցելուների պակաս ցուցասրահներում չկա, ասում է թանգարանի խնամակալության ատենապետ Սեդա Խդշյանը: Նրանք ամենաերկարը կանգնում են անվանացանկի պատի առջև ու փնտրում իրենց հարազատների անունները և, երբ գտնում են, արձագանքն ավելի քան զգայական է լինում, հուզվում են, պատմում է Խդշյանը և նկատում. «Իսկ սփյուռքի տարբեր համայնքներից, ինչպես նաև հենց Լիբանանի հայ համայնքից բացի, հետաքրքիր է, որ քիչ չեն նաև թուրք այցելուները: Թանգարանը հենց ապացույց է ժխտող Թուրքիային և հարցադրում ամբողջ աշխարհին, թե ինչու է Անկարան շարունակում անպատիժ հերքել ողբերգությունը»:

Թանգարանի բացումից հետո հատկապես ակտիվացավ նմուշների փոխանցման գործընթացը, ընդգծում է խնամակալության ատենապետը. «Մարդիկ եկան, տեսան, որ այս կառույցն ու գաղափարն արդեն իրականություն է, ցուցադրման պայմաններ կան և իրենց հարազատներից մնացած մասունքները վստահությամբ փոխանցում են՝ անձնական նամակները, գրքերը, տետրերը, որ գանձի պես պահում էին նույնիսկ Մարիա Յակոբսենի (դանիացի միսիոներ, «Թռչնոց բույնի» հիմնադիր) քույրերից է մեզ մասունքներ հասել: Նաև ինքներս ենք ճշտում այս կամ այն արժեքավոր նյութի տեղը, փորձում ձեռք բերել

Ընդլայնման ծրագրերում Ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի ստեղծումն է, նաև արխիվ կհիմնվի, իսկ բավական նյութ արդեն իսկ հավաքվել է: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: