ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ո՞ր երկրների քաղաքացիներն են գլխավորում Ադրբեջանի «սև ցուցակը»

Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ երկրի ԱԳՆ «սև ցուցակում» ներառվել է 49 երկրի 501 քաղաքացի: Այս ցուցակում հայտնվում են որոշակի ճանաչում ունեցող այն անձիք, ովքեր այցելում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Հատկանշական է, որ  «Սև ցուցակը» գլխավորում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները և մի շարք եվրոպական երկրներ: Այսպես, այդ ցուցակում ներառված անձանց մեծ մասը՝ 133 հոգի հանդիսանում են Ռուսաստանի քաղաքացիներ, որոնց թվում են խորհրդարանականներ, պետական պաշտոնյաներ, մշակութային գործիչներ, լրագրողներ, գործարարներ: Երկրորդ տեղում է ԱՄՆ-ը, որի 41 քաղաքացի է հայտնվել այդ ցուցակում: Գերմանիան ադրբեջանական «սև ցուցակում» հայտնված 38 քաղաքացիներով եզրափակում է առաջատարների եռյակը:

Նշվում է, որ ցուցակում հայտնվել են նաև Իտալիայի 36 և Ֆրանսիայի 30 քաղաքացի: Ընդ որում՝ ցուցակում հայտնված իտալացիների մեծամասնությունը արվեստի գործիչներ են, իսկ ֆրանսիացիների հիմնական մասը՝ քաղաքական:

Ադրբեջանի սև ցուցակում ունեցած քաղաքացիների թվով տասնյակում է հայտնվել նաև Մեծ Բրիտանիան՝ 19 մարդ, և Շվեյցարիան՝ 10 մարդ: Նշվում է նաև, որ Ադրբեջանի հետ ցամաքային սահման ունեցող երկրներից Արցախ «անօրինական» կերպով այցելել է 16 մարդ. 11-ը՝ Վրաստանից, 2-ը՝ Թուրքիայից և 3-ը՝ Իրանից:

Վիճակագրության համաձայն՝ վերջին երկու տարվա ընթացում Ադրբեջանի ԱԳՆ սև ցուցակը բավականին ընդլայնվել է: 2013 թվականի օգոստոսին, երբ ԱԳՆ հրապարակեց ողջ ցուցակը, նրանում հաշվում էր 335 մարդ:

Նման միտումն, անշուշտ, խոսում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սուբյեկտայնության միջազգային ճանաչելիությունը բավականին բարձրացել է վերջին շրջանում: Հարկ է նշել նաև, որ Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվում են ԼՂՀ այցելած ոչ բոլոր օտարերկացիները: Ցուցակից դատելով՝ պարզ է դառնում, որ այն վերաբերում է միայն հայտնի մարդկանց և պաշտոնական պատվիրակություններին: Ընդ որում, վերջիններիս միայն այն մասն է հայտնվում ցուցակում, որոնց այցը լուսաբանվել է լրատվամիջոցներում:

Ավելացնենք նաև, որ ադրբեջանական ԱԳՆ-ում նշում են, որ այդ ցուցակը «հավերժական չէ, այն ճկուն է», և եթե անձը «զղջում է իր արարքի համար, գիտակցում է իր այցի անօրինականությունը և դիմում է Ադրբեջանի համապատասխան մարմիններին բացատրություններով, ապա ադրբեջանական կողմը պատրաստ է դիտարկել այդ անձին ցուցակից հանելու հարցը»: Այս ընթացակարգով 2013 թվականի նոյեմբերին ադրբեջանական ԱԳՆ ցուցակից հանել էր իտալացի հայտնի երգիչ Al Bano-ին, ով հայտնվել էր ցուցակում 2010 թվականին:

Ադրբեջանի սև ցուցակում հայտնված հայտնի անձանց թվում են Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Կոկսը (2011), ռուսաստանցի երգիչ Բեդրոս Կիրորովը (2011), օպերային հայտնի երգչուհիներ Մոնսերատ Կաբալյեն (2013, Իսպանիա) և Լյուդմիլա Կազարնովսկայան (2015 Ռուսաստան), ռուսաստանցի հայտնի գործարար Գերման Ստելիգովը և այլոք:

Հատկանշական է, որ ցուցակում հայտնված մարդիկ բավականին անտարբեր են հետագայում Ադրբեջան այցելելու արգելքի հետ կապված: Նրանցից ոմանք Բաքվի այս քայլը որակում են որպես «մեծ անհեթեթություն», «ինքնասպանություն», որի արդյունքում ավելի է մեծանում Արցախ այցելելու ցանկությունը և ԼՂՀ մասին իրազեկվածությունը: Որոշ պաշտոնական շրջանակներ էլ մեղադրում են Ադրբեջանին հակամարտության բոլոր կողմերի դիրքորոշմանը ծանոթանալուն խանգարելու համար:

Նշենք, որ հակամարտող կողմերը հաճախ են կիրառում երկիր մուտքի արգելքը, սակայն դա կիրառվում է ոչ միայն հայտնի մարդկանց և պաշտոյանների նկատմամբ, ինչպես Ադրբեջանի դեպքում, այլ թշնամական երկիր այցելած բոլոր մարդկանց նկամամբ: Դրա վառ օրինակներից է Իսրայելը, որն արգելում է իր երկիր այցելել ինչպես սիրիացիներին, այնպես էլ Սիրիա այցելած բոլոր օտարերկրացիներին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: