ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արևմուտքի հետ հարաբերությունները ռազմավարական կարևորություն ունեն Բելառուսի համար (ԲԱՑԱՌԻԿ)

Ընտրություններից հետո Բելառուսը ձգտելու է Եվրասիական տնտեսական միության զարգացմանը, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նորմալացմանը, ռազմավարական գործընկերությանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ: Այդ մասին «Արմեդիա» ՏՎԳ-ին տված բացառիկ հարցազրույցի ընթացքում ասել է Ռազմավարական և արտաքին քաղաքական հետազոտությունների կենտրոնի (Բելառուս) փորձագետ Յուրի Ցարիկը:

  - Վերջերս լրատվամիջոցներում ակտիվորեն սկսեց քննարկվել Բելառուսում ռուսական ավիաբազայի տեղադրման հարցը, ինչը հերքեց նախագահ Լուկաշենկոն: Ի՞նչ եք կարծում, այս հարցը բանակցությունների առարկա՞ է, և եթե ոչ, ապա այն ինչո՞ւ է հայտնվել ԶԼՄ-ների օրակարգում:

 - Բելառուսում ռուսական ավիաբազայի հարցը մի քանի անգամ բարձրացվել է 2014 և 2015 թվականներին: 2015-ի հունիսին Բելառուսի պաշտպանության նախարարը միանշանակ հասկացրեց, որ բազայի տեղադրման հարցը գտնվում է քաղաքական հարթության վրա: Այսինքն՝ սա նշանակում էր, որ դրա դրական որոշումը և նույնիսկ քննարկումը քաղաքականորեն անպատեհ է ընթացող «Մինսկյան գործընթացի» (Ուկրաինայում հաշտեցում) պայմաններում:

Այնուամենայնիվ, ռուս գործընկերներն այս հարցն օրակարգում դրեցին Բելառուսում նախագահական ընտրությունների նախօրեին: Եղել է Ռուսաստանյան Դաշնության կառավարության, իսկ այնուհետև նախագահի համապատասխան որոշումը: Դրանք միակողմանի քայլեր էին, որոնք ուղղված էին Բելառուսի ղեկավարության վրա ճնշում գործադրելուն: Զուգահեռաբար գործին միացան Ռուսաստանի կողմնակիցները պետական համակարգում, պետական ԶԼՄ-ներում և այլ կազմակերպություններում: Այս ամենն արդեն ինչ-որ անվայել արտաքին տեսք էր ստանում, իսկ տվյալ հարցը քաղաքական իրավիճակը տատանելու համար օգտագործելու՝ ընդդիմության պատրաստակամության պատճառով երկրում կայունության իրական սպառնալիքի զգացում առաջացրեց:

Հենց այդ պատճառով էլ Ալեքսանդր Լուկաշենկոն հրապարակային հայտարարություն արեց:

Հարկավոր է հասկանալ հետևյալը. իր բովանդակությամբ այս հայտարարությունը համապատասխանում է Բելառուսի ղեկավարության ռազմավարական ուղեգծին. Մինսկը պահպանում է Ռուսաստանի հետ միությունը, սակայն միևնույն ժամանակ նորմալացնում հարաբերություններն Արևմուտքի հետ և նպաստում խաղաղությանն Ուկրաինայում ու ընդհանուր առմամբ տարածաշրջանում, իրավիճակը սրելու խաղեր չի խաղում:

Ձևակերպման առումով Բելառուսի նախագահն իհարկե չէր ցանկանում նման հայտարարություն անել՝ ռուսական կողմին բացեիբաց «ոչ» ասել: Սակայն ռուսական կողմն իր ճնշմամբ ստիպեց նման քայլի գնալ:

 

  - Վերջին շրջանում որոշակի ջերմացում է նկատվում Բելառուս-ԵՄ հարաբերություններում: Ինչո՞վ է դա պայմանավորված, և հնարավո՞ր եք համարում մոտ ապագայում Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների վերացումը: Այդ գործընթացը կշարունակվի՞ արդյոք ընտրություններից հետո: Ինչպե՞ս է դրան արձագանքում Ռուսաստանը:

 - «Ջերմացումն» ունի ավելի ճիշտ անվանում, որն օգտագործում է բելառուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ «նորմալացում»: Խոսքը հենց դրա մասին է՝ պատժամիջոցների վերացում, պատշաճ մակարդակի հարաբերությունների վերականգնում, նախադրյալների ստեղծում՝ Բելառուսի և նրա արևմտյան հարևանների ու աշխարհում խոշորագույն ինտեգրացիոն կազմավորման՝ Եվրամիության հետ հարաբերությունների խաղաղ, կայուն և կառուցողական զարգացման համար: Ակնհայտ է, որ քաղաքականության տվյալ ուղղությունը ռազմավարական նշանակություն ունի բելառուս ղեկավարության և բելառուսական պետության համար: Եվ, անկասկած, տվյալ գործընթացը կշարունակվի նաև ընտրություններից հետո: Նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չընթանա, Բելառուսում իրավիճակն ապակայունացնելու փորձեր լինեն, և նույնիսկ եթե հարաբերություններում մի նոր «հետընթաց» լինի, միևնույնն է, երկրի ղեկավարությունը կձգտի ԵՄ-ի հետ հարաբերությունների նորմալացմանը:

Ռուսաստանը կարող է դրան տարբեր ձևով արձագանքել, տարբեր մակարդակներով: Մենք մինչև հիմա բավականին հանգիստ արձագանք ենք տեսել ՌԴ արտգործնախարարության մակարդակով: Իսկ ահա բազայի հետ կապված պատմությունը, որը մեծ հարված է բելառուսական ղեկավարությանը, ստիպում է ավելի խորը մտածել Բելառուսի արտաքին քաղաքական հաջողությունների նկատմամբ Ռուսաստանի իրական վերաբերմունքի մասին: Ցանկացած դեպքում Բելառուսը պատրաստ է նաև իրադարձությունների զարգացման վատթար տարբերակին, սակայն, այնուամենայնիվ, հուսով է, որ լավ կլինի:

 

  - Նախօրեին Բելառուսում անցկացվեցին նախագահական ընտրությունները: Ընտրությունների հետ կապված՝ ի՞նչ ակնկալիքներ ունի Բելառուսը: Ի՞նչ կարող են փոխել այդ ընտրությունները արտաքին քաղաքական գործընթացների համատեքստում:

 - Նախագահական ընտրությունների վերաբերյալ ոչ թե ակնկալիքներ կան, այլ մտադրություններ՝ ընդհանուր արշավն անցկացնելու հանգիստ և ընտրություններից հետո շարունակելու իրականացնել նախորդ փուլում նշված բոլոր արտաքին քաղաքական առաջնայնությունները՝ Եվրասիական տնտեսական միության զարգացում, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նորմալացում, ռազմավարական գործընկերություն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ: Սակայն, իհարկե, հարկավոր է պատրաստ լինել նաև նրան, որ միջազգային իրավիճակը կարող է կտրուկ փոխվել: Միջազգային անորոշությունն անընդհատ մեծանում է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0 կմ/ժ
    5 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: