ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը՝ իր երկրի արտաքին քաղաքականության մասին (ԲԱՑԱՌԻԿ)

 

 

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուի հետ

 

 

 

- Ձե՛րդ Գերազանցություն, պատմե՛ք, խնդրեմ, որքանո՞վ է հաջողված Հնդկաստանի նոր վարչապետ Նարենդրա Մոդիի՝ «Պատրաստե՛ք Հնդկաստանում» նախաձեռնությունը:

- Դա մեր վարչապետի մտահղացումն է և տարբերվում է «Պատրաստված է Հնդկաստանում» արտահայտությունից: Մեկ տարի առաջ, երբ նա առաջին անգամ որպես վարչապետ դիմեց ժողովրդին, Մոդին շեշտեց այս գաղափարի կարևորությունը՝ գալ և պատրաստել Հնդկաստանում: Առաջիկա հինգ տարիների համար վարչապետի տեսլականն է դարձնել Հնդկաստանը աշխարհի հիմնական արտադրական կենտրոններից մեկը: Նա կոչ է անում աշխարհի ամենախոշոր ներդրողներին՝ նշելով, որ Հնդկաստանը շատ մեծ շուկա է՝ ավելի քան մեկ միլիարդ բնակչությամբ, կա գնողունակություն, ինչ արտադրվում է, այն էլ սպառվում է: Գաղափարն այն է՝ ստանալ որքան կարելի է շատ ինովացիոն տեխնոլոգիաներ և միավորել հնդկական տեխնոլոգիաները համաշխարհային տեխնոլոգիաների հետ՝ նոր արտադրական հիմք ստեղծելու համար: Նա նաև կոչ է անում հարուստ հնդկական սփյուռքին ներդրումներ կատարել սեփական երկրում: Համարյա մեկ տարի է անցել այս կոչից, և արդեն արդյունքները երևում են: Այս կոչով Մոդին մեկ տարվա ընթացքում այցելել է ավելի քան 20 երկիր, հանդիպել աշխարհի լիդերներին թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հանդիպումների շրջանակներում: Մեկ օրացուցային տարվա ընթացքում նա երեք անգամ եղել է ԱՄՆ-ում, երեք անգամ հանդիպել Օբամայի հետ: Նա առաջին վարչապետն է, որ վերջին 30 տարում եղել է Սիլիկոնային հովտում, այցելել է Google-ի, Microsoft-ի, Facebook-ի կենտրոնակայաններ: Նա ներկայացրեց այնտեղ մեկ այլ հավակնոտ ծրագիր՝ "Թվային Հնդկաստան" և հրավիրեց Հայաստան՝ ասելով, որ բոլոր բյուրոկրատական քաշքշուկները կվերացվեն, ընկերությունների գրանցման ավելի հեշտ պայմաններ կստեղծվեն:

- Կա՞ արդյոք արտաքին քաղաքականության փոփոխություն Մոդիի օրոք: Որո՞նք են առաջնայնությունները:

- Նոր կառավարության առաջին առաջնայնությունն է՝ ուղղել և ամրապնդել հարևանների հետ հարաբերությունները, քանի որ հարևաններին չեն ընտրում: Հարկավոր է հարևանների հետ ապրելու արվեստին տիրապետել: Եթե շրջապատդ կայուն է, խաղաղ ու անվտանգ, ապա երկրի զարգացումը կլինի արագ և կայուն:

- Ինչպես մեզ մոտ են ասում՝ աշխարհագրությունը ճակատագիր է:

- Հնդկաստանը Հարավային Ասիայում իր հարևանների մեջ ամենամեծն է թե՛ տարածքով, թե՛ բնակչությամբ: Նախ մենք պետք է հաշվի նստենք մեր հարևանների մտահոգությունների հետ, մենք պետք է նրանց օգնենք, ավելի լավ հասկանանք, փորձում ենք նրանց օգնել ազատվելու «Հնդկաստան՝ մեծ եղբայր» բարդույթից: Հնդկաստանը երբեք ագրեսոր չի եղել, հնդկական փիլիսոփայությունը նման բան չի քարոզում: Հնդկաստանը երբեք կայսրության հավակնություններ չի ունեցել:

Առաջնայնության երկրորդ խմբում են հսկայական հնդկական համայնք ունեցող երկրները: Իհարկե, մեզ հարկավոր է այս երկրների աջակցությունը, որպեսզի հնդկական համայնքն այնտեղ ապրի, աշխատի և օգնի զարգացնել և՛ այդ երկրների, և՛ Հնդկաստանի տնտեսությունը: 30-40 մլն հնդիկ է ապրում արտասահմանում: Հսկայական համայնք ունենք Պարսից ծոցի երկրներում, այնտեղից բավականին շատ դրամական փոխանցումներ են գալիս: Կան մեծ հնդկական համայնքներ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում: Եվ մեզ համար շատ կարևոր է այս երկրների հետ հարաբերությունների հետագա ամրապնդումը:

Աֆրիկյան մայրցամաքը մեր ամենահին ընկերներից ու գործընկերներից մեկն է: Հանդիսանալով զարգացող աշխարհի ճանաչված լիդեր, մենք աջակցել ենք պաշարներով հարուստ այս մայրցամաքի բոլոր երկրներին այն բանից հետո, երբ անկախություն ստացանք: Հնդկաստանն այս տարի Նյու Դելիում կանցկացնի Հնդկաստան-Աֆրիկա երրորդ գագաթաժողովը: Սա արդեն իրադարձություն է, որ ինքնին խոսում է Աֆրիկայի հետ մեր համագործակցության մասին:

Նախկին Խորհրդային Միության տարածքում Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է վերջին 60 տարվա ընթացքում, և մենք նրա հետ համագործակցում ենք տարբեր ոլորտներում, որտեղ հատուկ տեղ ունի պաշտպանական ոլորտը: Այն ռազմավարական ոլորտ է: Միջուկային և տիեզերական ոլորտները նույնպես ռազմավարական են:

Այնուհետև գալիս են Միջին Ասիայի երկրները: Եվ, իհարկե, Չինաստանը՝ Հնդկաստանի ամենամեծ հարևանը: Չնայած որոշ տարաձայնություններին՝ մենք շարունակում ենք նրանց հետ երկխոսությունը: Մեր ապրանքաշրջանառությունը կազմում է ավելի քան 60 մլրդ դոլար: Համագործակցում ենք շատ բնագավառներում, որոնցից հիմնականը ՏՏ ոլորտն է: Չինացիներն էլ դրականորեն արձագանքեցին Մոդիի կոչին՝ գալ և արտադրել Հնդկաստանում: Վերջին տարում մի շարք չինական ընկերություններ ներդրումներ են կատարել Հնդկաստանում: Օրինակ՝ ընկերություններից մեկն արդեն սկսել է սմարթֆոններ արտադրել հենց իմ ծննդավայր Անդհրա Պրադեշ նահանգում:

 - Իսկ ի՞նչ հարաբերություններ են Պակիստանի հետ Մոդիի օրոք:

  - Նոր կառավարությունը շատ շահագրգռված է՝ բարելավելու հարաբերությունները Պակիստանի հետ հարևանների հետ հարաբերություններ կառուցելու համատեքստում: Իհարկե, մենք խնդիրներ ունենք՝ սահմանային, տարածքային, ջրային պաշարների համատեղ օգտագործման, սակայն մենք ցանկանում ենք նրանց հետ լրջորեն խոսել՝ որպես պատասխանատու հարևան: Մեր մարդիկ նույնն են, միգուցե կրոնով ենք տարբերվում. նրանք մուսուլման են, մենք՝ հինդու, բայց որոշ ժամանակ առաջ մենք մի մեծ երկրում ենք ապրել, մի լեզվով ենք խոսում, շատ լավ ենք միմյանց հասկանում, ունենք նույն խոհանոցը, նույն ավանդույթները, նույն արտաքինը: Շատ պակիստանցիներ սիրում են Հնդկաստանը:

  - …և հնդկական ֆիլմերը:

 - Այո՛, նրանք սիրում են հնդկական ֆիլմեր և հնդկական աստղերին: Նրանք սիրում են այցելել Հնդկաստան: Սակայն խաղաղ գործընթացը խիստ բարդացված է մշտական սադրանքով, սահմանից այն կողմից ահաբեկիչների ներթափանցմամբ, ինչն ընդհանրապես անընդունելի է մեզ համար: Մենք չենք կարող խոսել նրանց հետ, ովքեր աջակցում են ահաբեկիչներին, ֆինանսավորում նրանց: Ժամանակ առ ժամանակ, երբ խաղաղ գործընթաց է ընթանում, հնդկական քաղաքներում պայթյուններ են տեղի ունենում, և միշտ պայթյունի հետքը տանում է Պակիստան: Բայց, ինչպես ասում է վարչապետ Մոդին, մեզ հարկավոր է հարաբերություններ կառուցել մեր հարևանների հետ, և Պակիստանը բացառություն չէ:

- Իսկ ինչպիսի՞ն է Հնդկաստանի արտաքին քաղաքականությունը Կովկասյան տարածաշրջանում:

Կովկասյան տարածաշրջանը հնդկական ափերից հեռու է գտնվում, ուստի քիչ ուշադրություն է գրավում մեր երկրում: Այնուամենայնիվ մենք հասկանում ենք, որ այս տարածաշրջանը կարևոր է մեզ համար իր ռազմավարական տեղակայման, մշակութային սերտության և հաղորդակցային հնարավորությունների համար: Հաշվի առնելով որոշակի ներքին հակասությունները և բարդ հարաբերությունները, դա կարող է ազդել խաղաղության ու կայունության վրա:

Հայաստանի հարավային հարևան Իրանը նաև մեր հարևանն է, որի հետ մենք բազմադարյա պատմական կապեր ունենք: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք, միասին բիզնես ենք անում, Իրանը շատ բնական պաշարներ: Այն կարևոր դեր է խաղում տրանսպորտային հաղորդակցությունների առումով, նրա միջով մենք կարող ենք հասնել Ռուսաստան, այլ հյուսիսային երկրներ: Մենք Իրանի, Ռուսաստանի, այլ երկրների հետ, որոնց մեջ մտնում է նաև Հայաստանը, Հյուսիս-Հարավ միջանցքի մասին պայմանագիր ենք ստորագրել: Թուրքիան էլ է մեզ համար կարևոր երկիր՝ հաշվի առնելով նրա դերը տարածաշրջանում, նրա տարածքը, բնակչությունը, տնտեսությունը, տեղակայումը: Նրա հետ կա տարբեր մակարդակներով պատվիրակությունների մշտական փոխանակում: 

Հայաստանը հավանաբար տարածաշրջանի ամենահին երկիրն է և Հնդկաստանի մոտ բարեկամն է հանդիսանում: Հայաստանում էական հնդկական ներդրումներ չկան, հավանաբար մի փոքր սպասարկման ոլորտում է: Սակայն եթե մեր հայ բարեկամները հետաքրքիր ներդրումային առաջարկներ ներկայացնեն, մենք դրանք կքննարկենք: Մի ժամանակ այստեղ հնդկական ընկերություններ կային, օրինակ՝ ոսկու արդյունահանման ոլորտում, սակայն դրանք փակվեցին: Միևնույն ժամանակ մենք գիտենք, որ Հայաստանը ալմաստների կտրման և հղկման մեծ փորձ ունի: Այժմ մի քանի հնդկական ընկերություն կա Հայաստանում, որոնք աշխատում են ոսկերչական ոլորտում: Վրաստանի հետ էլ են լավ հարաբերություններ: Նրա տնտեսությունում 400 միլիոնի ներդրում ենք արել, հիմնականում դրանք հիդրոէներգետիկայի, պողպատի արտադրության, գյուղատնտեսության, սպասարկման ոլորտներում են: Ադրբեջանը մեզ ածխաջրածիններ է առաջարկում, ONGC-OVL հնդկական պետական ընկերությունը կասպիական տարածաշրջանի նավթահորերի բաժնեթղթեր ունի: 

Մշակույթը շատ ուժեղ գործիք է մեր երկրների միջև հարաբերությունների առաջխաղացման համար: Այն ոչ թե քաղաքական, այլ շատ խաղաղ գործիք է: Մեր մշակույթներում մենք շատ ընդհանուր գծեր ունենք, օրինակ՝ ընտանեկան ավանդույթները, ամուսնական ծեսերը, հարգանքը մեծերի, հոգածությունը փոքր և ավագ սերունդների նկատմամբ, հայերենը և հինդին (սանսկրիտը) պատկանում են հնդեվրոպական լեզուների նույն ընտանիքին:

 Հնդկաստանն այս տարածաշրջանում օրակարգ չունի, քաղաքական ու աշխարհաքաղաքական նկրտումներ չունի: Հնդկաստանը միշտ կարող է հուսալի ընկեր լինել, ընկեր դժբախտության մեջ…


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: