ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այլընտրանք են փնտրում

Դատելով տարածաշրջանային այցի ընթացքում արված հայտարարություններից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վստահության նոր միջոցներ ու բանակցային գործընթացի խթանման տարբերակներ են փնտրում:

Նրանց տարածաշրջանային այցի ընթացքում անցկացվող դիտարկման ժամանակ (համանախագահների ներկայությամբ) հրադադարի ռեժիմի խախտումը հերթական ապացույցն էր նրա, որ «բալանսավորված» հայտարարություններն ու կոչերն արդյունք չեն տալիս, և նկատվում է խաղաղ կարգավորման քաղաքական կամքի լուրջ պակաս:

Անդրադառնանք համանախագահների այցի ընթացքում արված հայտարարությունների մի քանի դրույթների:

Հրադադարի ռեժիմի խախտումներ: Անվտանգության խնդիրն ու հրադադարի ռեժիմի խախտումները հանդիպումների ընթացքում առանցքային թեմաներից էին: Չնայած նույնիսկ իրենց դիտարկման ընթացքում հնչած կրակոցներին և ամերիկացի համանախագահի հայտնած զայրույթին, որ «դա սարսափելի և անընդունելի է», հերթական անգամ համանախագահները փաստեցին, որ չի հաջողվել որոշել կրակող կողմը և միջադեպի մեղավորներին: Դժվար է պատկերացնել, որ դիտարկման ընթացքում անհնար լիներ որոշել կրակոցների ուղղությունը, էլ ավելի դժվար է հասկանալ, թե ինչպես են նման անորոշ հայտարարություններով համանախագահները փորձում կանխել կրակոցները:

Ակնհայտ է, որ համանախագահները, նման պահվածք որդեգրելով, փորձում են անկողմնակալ թվալ, և հավանաբար այդ քայքայիչ լռությունից հնարավոր կլինի ազատվել միայն հետաքննության մեխանիզմների հաստատումից և կիրառումից հետո:

Ըստ համանախագահների՝ հարցը բարձրացվել է հակամարտության կողմերի հետ հանդիպումների ժամանակ: Հայաստանի և ԼՂՀ ղեկավարությունն իր հայտարարություններում կարևորել է նման մեխանիզմների մշակումը, մինչդեռ Բաքվում, ըստ Ուորլիքի ձևակերպման, այս առաջարկը ո՛չ մերժել, ո՛չ ընդունել են:

Ուշագրավ է ամերիկացի համանախագահի հայտարարությունն առ այն, որ ցանկալի է, «որ կողմերը հանձնառություն ստանձնեին զերծ մնալ ծանր զինատեսակների օգտագործումից, հակառակ դեպքում կա լարվածության մեծացման ռիսկ»: Թերևս, սա կարող է հիմք հանդիսանալ վստահության նոր միջոցի, այն է՝ հակամարտության բոլոր կողմերի ներգրավմամբ (այդ թվում՝ ԼՂՀ) ուժի չկիրառման վերաբերյալ նոր համաձայնագրի ստորագրման: Դա մի կողմից կնպաստի հրադադարի ռեժիմի խախտումների և մարդկային զոհերի կանխմանը, մյուս կողմից, լինելով վստահության կառուցման կարևոր միջոցառում, կնպաստի բանակցությունների առաջխաղացմանը:

Հանրության հետ աշխատանք: Համանախագահների կողմից այս այցի ընթացքում (առավելապես Ադրբեջանում) մեծ ուշադրություն է դարձվել հանրությունների հետ աշխատանքին: Համանախագահների ամփոփիչ հայտարարության մեջ նույնպես նշվել է, որ համանախագահները ողջունում են հայերի և ադրբեջանցիների միջև շփումները խթանող ծրագրերը: Բացի այդ՝ Բաքվում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ համանախագահները հույս ունեն, որ ժողովուրդը կբարձրացնի իր ձայնը և կպահանջի հակամարտության խաղաղ կարգավորում:

Սա փաստում է, որ համանախագահները խաղաղ կարգավորման քաղաքական կամքի պակաս են տեսնում ղեկավարների, առավելապես հենց Ադրբեջանի ղեկավարության մոտ, որի ռազմատենչ հռետորաբանությունն աստիճանաբար ավելի է սրվում, և ապավինում են խաղաղության հանրային պահանջին:

Մյուս կողմից՝ սա աջակցության ձայն էր հասարակությանը և որոշակի հաղորդագրություն՝ ուղղված ադրբեջանական իշխանություններին, որոնք ճնշում են գործադրում հայկական կողմերի հետ համագործակցող և շփումներ ունեցող հասարակական գործիչներին և կազմակերպություններին:

Համակարգային (կառուցվածքային) բանակցություններ: Համանախագահները տարածաշրջանային այցի ընթացքում հերթական անգամ վկայակոչեցին նաև 2014թ. ԵԱՀԿ նախագահող Շվեյցարիայի առաջարկը համակարգային (կառուցվածքային) բանակցություններ վարելու վերաբերյալ:

Սա միջազգայնորեն ընդունված ձևաչափ է, որը ենթադրում է կարգավորման ոչ հիմնական, հարակից, առավելապես տեխնիկական դետալների բանակցում կողմերի հատուկ ներկայացուցիչների (նախագահներից ավելի ցածր) մակարդակով: Այս մեխանիզմը թույլ է տալիս կողմերին համաձայնության գալ առանձին դետալների շուրջ և դրանց վրա հիմնվելով՝ առաջ տանել բանակցային գործընթացը: Ըստ էության, սա երկրների ղեկավարների մակարդակով բանակցությունների զուգահեռ տարվող գործընթաց է ենթադրում:

Այս առաջարկը նույնպես փորձ է՝ անուղղակիորեն հաղթահարելու, շրջանցելու կողմերի միջև այս 20 տարիների ընթացքում կարծրացած խնդիրները և համաձայնություն ապահովելու առնվազն որոշ հարցերի շուրջ: 

Հատկանշական է, որ այս գաղափարը բազմիցս հնչել է 2014թ.-ին, սակայն արձագանք չի գտել կողմերի մոտ, համենայն դեպս՝ հրապարակային հայտարարություններում:

 

 Սահմանային կրկնվող միջադեպերն ու սրացումները նվազեցնում են բանակցային գործընթացի արդյունավետությունը, զուգահեռաբար օր օրի ավելի է նվազում վստահությունը կողմերի միջև: Համանախագահների առաջնային խնդիրն այսօր բանակցային գործընթացին ընթացք տալն է ու որոշակի վստահության միջոցների համաձայնեցումը: Դրանով է պայմանավորված նաև մինչև տարվա վերջ նախագահների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ հայտարարությունը: Համանախագահները, ըստ էության, այլընտրանքային ելքեր են փնտրում բանակցային գործընթացն առաջ մղելու համար:

 Սակայն քանի դեռ միջնորդները խուսափում են հստակ հասցեագրված հայտարարություններից, դժվար է ակնկալել, որ ադրբեջանական կողմը մի կողմ կդնի իր ապակառուցողականությունն ու քաղաքական կարգավորման հասնելու կամք կդրսևորի:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: