ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Doing Business 2016. ինչի՞ մասին են վկայում ցուցանիշները (ՏԵՂԵԿԱՆՔ)

Օրեր առաջ հրապարակվեց Համաշխարհային բանկի «Doing Business» հերթական զեկույցը, որը նկարագրում է երկրում գործարարությամբ զբաղվելու հնարավորությունները: Զեկույցի համաձայն, Հայաստանն այս տարի երեք մակարդակով բարելավել էր իր դիրքերը նախորդ տարվա 38-րդ հորիզոնականի փոխարեն զբաղեցնելով այս տարիների ընթացքում իր համար ամենաբարձր՝ 35-րդ տեղը: Հայաստանի հարևաններից Վրաստանը հայտնվել է 24-րդ,  Թուրքիան՝ 55-րդ, Ադրբեջանը՝ 63-րդ, Իրանը՝ 118-րդ հորիզոնականում: Բիզնես սկսելու տեսանկյունից լավագույն երկրների եռյակում են հայտնվել Սինգապուրը, Նոր Զելանդիան և Դանիան, իսկ վատագույն եռյակում՝ Հարավային Սուդանը, Լիբիան և Էրիթրեան:

Զեկույցի համաձայն՝ Հայաստանն աշխարհում 26 երկրներից մեկն է, որն իրականացրել է երեք կամ ավելի բարեփոխում, այդպես է վարվել աշխարհի տնտեսությունների միայն 14 տոկոսը։ Մասնավորապես ասվում է, որ  Հայաստանում ավելի հեշտ են տրվում շինարարության թույլտվությունները, ինչը ենթադրում է, որ  ցածր ռիսկային նախագծերն այլևս չպետք է հաստատվեն անկախ փորձագետների կողմից:  Բացի այդ, համաձայն դատական համակարգի նոր օրենքի, վիճարկվող գործերը դատավորներին հասնում են պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով: Սա նշանակում է, որ կրճատվում է կոռուպցիայի ռիսկը՝ նախապես ընտրված դատավորի կողմից գործը վարելու հետ կապված: Եվ, ի վերջո, երրորդ գործոնը, որը Հայաստանի համար զեկույցում ապահովել է դրական տեղաշարժ, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետևանքով Ռուսաստանի հետ առևտրի փաստաթղթաշրջանառության ու սահմանային ընթացակարգերի համար նախատեսված ժամանակի ու ծախսերի կրճատումն է:

Բացի վերոթվարկյալ ցուցանիշներից, այս տարվա զեկույցում ասվում է, որ մեր երկիրը զեկույցում ընդգրկված պետությունների շարքում հինգերորդն է՝ բիզնես սկսելու ընթացակարգի դյուրինությամբ: Հատկապես այս նկատառումը մի շարք մեկնաբանությունների արժանացավ և խոսվեց զեկույցի տվյալների և իրականության անհամապատասխանության մասին: Իրականում խնդիրը զեկույցի կազմման չափորոշիչների ընկալման մեջ է:

Տեղեկանք

Համաշխարհային բանկի խմբի կողմից իրականացվող ամենամյա ուսումնասիրություն է, որը գնահատում է 189 երկրներում ձեռնարկատիրությամբ զբաղվելու պարզության մակարդակը՝ հիմնվելով 11 ցուցիչների վրա: Զեկույցը նվիրված է նորմատիվ ակտերի գնահատմանը, որոնց ամբողջությունը կարգավորում է փոքր և միջին բիզնեսի գործունեության ողջ ընթացքը: Գնահատման հիմք հանդիսացող 11 ցուցիչներ են.

  1. Կազմակերպության ստեղծում

  2. Շինարարություն իրականացնելու թույլտվություն

  3. Էլեկտրամատակարարման համակարգի միացում

  4. Սեփականության գրանցում

  5. Վարկերի ստացում

  6. Ներդրողների պաշտպանություն

  7. Հարկահավաք

  8. Միջազգային առևտուր

  9. Պայմանագրերի կատարման ապահովում

  10. Սնանկության գործընթաց

  11. Անվճարունակության հաստատում:

Եթե փորձենք վերլուծել զեկույցում Հայաստանի կողմից դիրքի բարելավումը ելնելով զեկույցի բնույթից ու հաշվի առնվող ցուցիչներից, ապա զարմանալի ոչինչ չկա, որ Հայաստանն, ըստ զեկույցի, բիզնես սկսելու առումով լավագույն հնգյակում է: Այսինքն, այն մեկնաբանությունները, որ զեկույցը չի արտացոլում իրականությունը զուտ այն պատճառով, որ մեր երկրում բիզնեսով զբաղվելը կամ դրա համար միջոցներ ձեռք բերելը դժվար է, կոռեկտ չեն, քանի որ երկիրը կարող է դիրք բարելավել վերոնշյալ ցուցիչներից թեկուզ մեկի շուրջ բարեփոխում իրականացնելով: Մասնավորապես, Հայաստանի դեպքում դա եղել է ԵԱՏՄ շրջանակում միջազգային առևտրի դյուրացման, շինարարական թույլտվությունների ու դատական համակարգի օրենքի կիրառման շնորհիվ, որոնք համապատասխանում են զեկույցում հաշվի առնվող 11 ցուցիչներից  2, 6  և 8 կետերին:

Այլ է հարցը, որ շատերի կարծիքով զեկույցն ամբողջական պատկերացում չի ապահովում երկրի գործարար միջավայրի մասին, քանի որ մի շարք այլ ցուցիչներ հաշվի չեն առնվում: Սակայն, ամբողջական պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է միաժամանակ դիտարկել տարբեր ցուցանիշներ և ռեյթինգային աղյուսակներ: 

Փոխարենը, զեկույցում մի շատ կարևոր փաստ է արձանագրվել, որին արձագանքները, կարծես թե այնքան էլ շատ չեղան: Խոսքը ԵԱՏՄ շրջանակում Ռուսաստանի հետ առևտրային հարաբերություններում ժամանակի ու այլ ռեսուրսների կտրուկ կրճատումն է, ինչն էլ հանդիսացել է ՀՀ համար 189 երկրների ցանկում դրական տեղաշարժ ապահովող դոմինանտ ցուցիչը և ինչը, փաստացի, հանդիսանում է մեր երկրի համար միությանն անդամակցության դրական կողմերից մեկը:

Որպես ամփոփում նշենք, որ Doing Business հերթական զեկույցը  Հայաստանի համար արժեքավոր փաստաթուղթ է, որը կարող է լրացուցիչ ներդրումային հոսքեր ապահովել, առավել ևս եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանն իր ԵԱՏՄ գործընկերների համեմատ առաջատար է այս ցանկում: 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: