ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պաշտոնաթողություններ Ադրբեջանում. հայկական հե՞տք, թե՞ ագահություն

Ինչպես հայտնի է, այս տարվա հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովը նախագահ Իլհամ Ալիևի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նշեմ, որ նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականից ի վեր: Ընդ որում նա հայտնի էր Իլհամ Ալիևի հետ ունեցած իր սերտ կապերով, ավելին՝ նրանք կապերը ամրապնդել էին նաև խնամիական հարաբերություններով. Մահմուդովի որդին ամուսնացած է նախագահի զարմուհու հետ: Մահմուդովի հեռացումից կարճ ժամանակ անց ազգային անվտանգության համակարգում սկսվեցին «մաքրումներ» և ձերբակալություններ: Զբաղեցրած պաշտոններից հեռացվեցին ԱԱՆ 9 բարձրաստիճան աշխատակիցներ, այդ թվում` 4 գեներալ, և ձերբակալվեցին ավելի քան 15 աշխատակիցներ:

Եվ այսպես, ինչով են պայմանավորված նման «մաքրումները», և ինչպիսի բացատրություններ են դրանք ստանում ադրբեջանական մամուլում: Նախ նշեմ, որ հոկտեմբերի 20-ին Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ անվտանգության աշխատակիցները ձերբակալվել են «բիզնես ձեռնարկությունների գործունեությանը անօրինականորեն միջամտելու համար»: Ադրբեջանական մամուլում տարօրինակ էին համարում, որ խորհրդարանական ընտրությունների նախօրեին Ալիևը պաշտոնանկ արեց Մահմուդովին: Ադրբեջանական Contact.az կայքը, վկայակոչելով Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի նախկին ներկայացուցիչ Արիֆ Մամեդովի ֆեյսբուքյան գրառումը, նշում է, որ սա առաջին դեպքը չէ, որ Մահմուդովն արժանանում է երկրի ղեկավարի «ոչ սիրալիր» վերաբերմունքին:

«Եղել է դեպք, երբ նա շանտաժի ճանապարհով շատ մեծ գումար է վերցրել մի բիզնես ընկերությունից, ինչի մասին տեղեկացել է Իլհամ Ալիևը: Այն ժամանակ մազից էր կախված նրա պաշտոնանկությունը, բայց նա կառչեց պաշտոնից՝ վճարելով խոշոր տուգանք»: Բացի այդ, ըստ Մամեդովի, Մահմուդովը խոշոր գումար էր վերցրել միջազգային բանկից և գումարի մեծ մասը մսխել`չկարողանալով վերադարձնել սահմանված ժամկետում:

Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին աշխատակից և փորձագետ Արասթուն Օրուջլուն ևս իր մեկնաբանության մեջ նշել էր, որ նախարարի պաշտոնից Մահմուդովին ազատելու պատճառը ֆինանսական «արկածախնդրությունն» է եղել: Ըստ նրա` Մահմուդովն իր աշխատակիցների միջոցով գումար է ներդրել Ռուսաստանում, սակայն այդ գումարը փոշիացել է, որպես պատճառ պաշտոնյան նշել է Ռուսաստանի ֆինանսատնտեսական ճգնաժամը: Բացի այդ, ինչպես փոխանցում է ադրբեջանական կայքը՝ վկայակոչելով Օրուջլուի պնդումները, Մահմուդովն իր թուրք գործընկերոջ՝ հայտնի միլիարդատիրոջ միջոցով հասել է Ռեջեփ Էրդողանի շրջապատ և փորձել ստանալ Թուրքիայի նախագահի աջակցությունը Ադրբեջանի վարչապետի պաշտոնին արժանանալու հարցում: Իսկ Ալիևին, ըստ հրապարակված վարկածի, այդ ամենը դուր չի եղել:

Այսպիսով՝ շրջանառվող հիմնական վարկածը ֆինանսական հարցերում Մահմուդով թույլ տված բազմաթիվ սխալներն են, ինչպես նաև նրա անձնական ամբիցիաները, ինչը հարուցել է նախագահ Ալիևի դժգոհությունը: Այդուհանդերձ, այս անգամ ևս հնարավոր չեղավ այս աղմկահարույց գործում «չհայտնաբերել» հայկական հետք: Եվ այսպես, օրեր առաջ ադրբեջանական moderator.az կայքը, վկայակոչելով ԱԱՆ իր անանուն աղբյուրներից մեկը, նշում է. «Նախկին ղեկավարության աշխատակիցներին բռնելու և նրանցից փող կորզելու համար օգտագործում են ցանկացած միջոց, դրանցից մեկն էլ նրանց «հայկական գործակալ» լինելու մեջ մեղադրելն է»: Ըստ աղբյուրի` դա հնարավոր է, քանի որ նախկին ղեկավարության` Վրաստանում և Ռուսաստանում գործող որոշ ներկայացուցիչներ ունեն հայկական որոշ օգտատերերի համարներ, և բավական է այդ համարներով մի քանի զանգ կատարել` նման մեղադրանքի համար հիմք ստեղծելու նպատակով:

Այսքանով հանդերձ՝ ես կարծում եմ, որ դժվար է միանշանակ կարծիք կազմել Մահմուդովի հեռացման և Ազգային Անվտանգության համակարգում սկսված ձերբակալությունների առնչությամբ` հաշվի առնելով Ադրբեջանի փակ համակարգը, կլանային պայքարը և շատ այլ գործոններ: Սակայն իմ կարծիքով այս գործընթացները կապված են հիմնականում ֆինանսական ինչ-ինչ խնդիրների և միգուցե Մահմուդովի որոշակի անհնազանդության հետ, ինչն էլ հարուցել է Ալիևի բարկությունը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: