ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայերը Եվրոպայում. տեղեկանք

Վենետիկի Մխիթարյան միաբանություն̦ Սուրբ Ղազար կղզի

Հայերը Եվրոպայում հաստատվել են անհիշելի ժամանակներից։ Հատկապես միջնադարյան շրջանում առավել հայտնի էին Արևելյան Եվրոպայի հայ գաղթօջախները, որոնց մեծ մասը առևտրական քաղաքներ կամ թաղամասեր էին, ունեին իրենց դպրոցները, եկեղեցիները, նույնիսկ հատուկ տպարանները։

Սկզբնական շրջանում առավել ծանր էր հայ գաղթականների վիճակը Արևմտյան Եվրոպայի արագ զարգացող արդյունաբերական երկրներում՝  Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա և այլն։ Չունենալով բավարար մասնագիտական հմտություններ, որպես կանոն չտիրապետելով տեղի լեզուներին՝ նրանք ստիպված էին հիմնականում կատարել որակավորում չպահանջող, ծանր ու ցածր վարձատրվող աշխատանք։ Ներգաղթած հայերը իրական պատկերացում չունեին այդ ժողովուրդների ապրելակերպի, բարոյական ու մշակութային նորմերի մասին, որոնք հաճախ խորթ և անընդունելի էին իրենց համար։

Միայն տարիներ անց հայերը կարողացան դառնալ այդ երկրների լիիրավ քաղաքացիներ։ Բազմաթիվ սփյուռքահայեր սկսեցին անգամ իրենց տեղը զբաղեցնել սոցիալ-տնտեսական աստիճանակարգության միջին և բարձր օղակներում՝  դառնալով անհատ ձեռներեցներ, պետական պաշտոնյաներ, գիտատեխնիկական տարբեր ոլորտների բարձրորակ մասնագետներ, դասախոսներ ու ուսուցիչներ և այլն:

Ֆրանսիայում, որտեղ ամենամեծ հայկական համայնքն է այժմ գտնվում, սկզբնապես հայ վաճառականները հաստատվում էին Հարավային Ֆրանսիայում, մասնավորապես Մարսելում, կազմակերպում էին ընկերություններ։ Նրանք Միջերկրական և Սև ծովերում ունեին ազատ երթևեկող նավ։ Իսկ մայրաքաղաք Փարիզում հայկական եկեղեցի կառուցվեց միայն 1902 թվականին։ Ֆրանսիան առավել նշանավոր է որպես հայերի մտավոր կենտրոն։ Դեռևս 1811թ. Փարիզում բացվեց հայագիտական ամբիոն։ Կրթական-լուսավորական նկատելի գործունեություն ունեցավ 1846թ. Փարիզում հիմնադրված Մուրադյան վարժարանը։ 1850-ական թվականներից հիմնադրվում են ֆրանսահայ առաջին պարբերականները («Արևելք», «Արևմուտք», «Փարիզ»)։ Հետագայում լույս տեսան «Արմենիա», «Հնչակ» և ուրիշ պարբերականներ։ Ֆրանսահայերի մեջ զգալի տոկոս էին կազմում ուսանողները, որոնք եկել էին տարբեր երկրներից և սովորում էին Փարիզի, Մարսելի, Լիոնի ուսումնական հաստատություններում։ Ֆրանսիայի հայությունն ավելի ստվարացավ և ծանրակշիռ դեր կատարեց հետագայում՝ նորագույն ժամանակաշրջանում։

Գերմանիայում հայերի թիվը կտրուկ ավելացել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` Արևմտյան Գերմանիայում տնտեսության զարգացման գործընթացներին զուգընթաց: Ներկայումս Գերմանիայում ոչ պաշտոնական տվյալներով բնակվում են շուրջ 40 հազար հայեր, ովքեր հիմնականում զբաղված են արդյունաբերության, շինարարության, գիտության, առողջապահության բնագավառներում: Բեռլինում, Մայնցում, Մյունխենում, Շտուտգարտում, Քյոլնում, Ֆրանկֆուրտում, Համբուրգում և այլ քաղաքներում ձևավորվել են հայ համայնքներ: Բեռլինում հայերը հաստատվել են 19-րդ դարիի վերջին և 20-րդ դարիի սկզբին: Ներկայումս Բեռլինում ապրում է շուրջ 1000 հայ: Փոքրաթիվ հայ համայնքներ կան նաև Ախենում, Համբուրգում, Հանովերում, Դորտմունդում և այլ քաղաքներում:

Անգլիայում հայկական համայնքները լրջորեն սկսել են ձևավորվել միայն 19-րդ դարի 80-ական թվականներին։ Այդ ժամանակ Կ.Պոլսի հայ վաճառականները բնակություն են հաստատում և իրենց գրասենյակներն են հիմնում Լոնդոնում և Մանչեստրում։ 1870թ. հայերը Մանչեստրում կառուցում են առաջին եկեղեցին։  Հայ բնակչության քանակը ավելանում է 19-րդ դ. վերջերին Թուրքիայում սկսված կոտորածների և ծայր առած արտագաղթի հետևանքով։ Իսկ Եղեռնից հետո, փախստականների հոսքի հետևանքով, ավելի է ստվարանում հայ բնակչությունը։ Հայերի զգալի մասը մտավորականներ էին, վաճառականներ ու արհեստավորներ։ Հայ վաճառականները Մանչեստրում, Լիվերպուլում, Լոնդոնում իրենց խանութներն ու գրասենյակներն ունեին։ Նրանք կապված էին գերազանցապես արևելյան շուկաների հետ։ Սակավամարդ այդ համայնքները մշակութային ձեռնարկումներ էին կատարում։ 1736թ. Լոնդոնում թարգմանաբար հրատարակվել են Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» և Անանիա Շիրակացու «Աշխարհացույցը»։

Իտալիայում հայկական համայնքներ առաջանում են XIII-XV դդ.։ Հայերի հոսքը Իտալիա կատարվել է հատկապես Կիլիկիայից և Ղրիմից։ Դեռևս խաչակրաց արշավանքների ժամանակ Կիլիկիայի հայկական թագավորությունը սերտ կապեր է հաստատում իտալական քաղաքների հետ։ Իտալիայի մի շարք քաղաքներում, որոնցից էին Հռոմը, Ջենովան, Լիվորնոն, XIII-XIV դդ. հայերը հիմնել էին իրենց համայնքները։ Ամենախոշոր և կարևոր գաղթօջախը գտնվում էր Վենետիկում, ուր ժամանող հայ վաճառականներն ունեին իրենց կենտրոնատեղին, որը կոչվում էր Հայոց տուն։ Այն փողոցը, որտեղ գտնվել է «Հայոց տունը», կոչվել է Հայոց փողոց։ «Հայոց տունը» հետագայում ընդարձակվում է, նրա շրջակայքում կառուցվում են եկեղեցիներ։ XV-XVI դդ. Վենետիկի գաղթօջախը կազմակերպված հայկական կենտրոն էր։ Հայերը Վենետիկ էին ներմուծում բամբակ, մետաքս, աղ, չամիչ, ցորեն, պղինձ և այլն։ Վենետիկ և ուրիշ քաղաքներ պարսկական մետաքս ներմուծողները հիմնականում հայեր էին։ Վենետիկում հաստատվել էին վաճառականական բազմաթիվ տներ։ Մեծահարուստ այդ վաճառականներից բացի կային նաև մանր ու միջին առևտրականներ, որոնք կրպակներ ունեին Սբ. Մարկոսի հրապարակում։ Հայկական համայնքում զգալի թիվ էին կազմում արհեստավորները։ Նրանք աշխատում էին գերազանցապես նավաշինական արհեստանոցներում։ Սակայն Վենետիկը հայերի համար նշանավոր էր հատկապես մշակույթի առումով։ Հայ մշակույթի ամենակարևոր նվաճումներից մեկը՝ հայկական տպագրությունը, սկզբնավորվել է Վենետիկում։

Բուլղարիայում հայկական գաղութները նոր շրջանում գոյատևում էին Սոֆիայում, Ռուսչուկում, Պլովդիվում և այլ վայրերում։ Բուլղարիայի հայկական գաղութների կացությունը փոխվեց 19-րդ դարի կեսերից։ Ղրիմի պատերազմից հետո արևմտահայ ստվար զանգվածներ գաղթեցին Բուլղարիա։ Դրա շնորհիվ աշխուժացան գաղթօջախները։ Բուլղարահայերի զգալի մասը զբաղվում էր արհեստագործությամբ, մասնավորապես ոսկերչությամբ, պղնձագործությամբ, կաշեգործությամբ, մանածագործությամբ։ Նրանք մասնակցում էին Արևմտյան Եվրոպայի, Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի երկրների հետ կատարվող առևտրին։ 19-րդ դարի կեսին հայ բնակչությունը շատ ստվար էր, իսկ դարի վերջին հասնում էր 30 հազարի։ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Բուլղարիան ազատագրվեց թուրքական լծից և ինքնուրույն զարգացման ուղի բռնեց։ Դա նպաստեց նաև հայ համայնքների բարգավաճմանը։ Նրանք օգտվում էին երկրում հաստատված օրենսդրական իրավունքներից ու ազատությունից։ Բուլղարահայ համայնքը երկարակյաց հայ գաղութներից է։ Այն, թեկուզև հյուծված, բայց գոյատևում է մինչև այժմ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: