ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսական վրեժը. ի՞նչ մարտահրավերներ կան Թուրքիայի համար

Ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը շարունակում է խորանալ: Դիվանագիտական մակարդակում փոխադարձ մեղադրանքները շարունակվում են: Ռուսական կողմը Թուրքիայի կողմից Սու-24-ի խոցումը դիտարկում է որպես դավաճանություն` պահանջելով թուրքական ղեկավարությունից ներողություն խնդրել, փոխհատուցել վնասը և պատժել մեղավորներին:

Իսկ թուրքական կողմը ներողություն խնդրելու մտադրություն ընդհանրապես չունի: Ավելին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել Ռուսաստանից: «Կարծում եմ` եթե ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի, ապա դա մենք չենք: Ներողություն պետք է խնդրեն նրանք, ովքեր խախտել են մեր օդային տարածքը», - ասել է Էրդողանը:

Նման հայտարարություններից հետո Ռուսաստանից բավական կոշտ արձագանք էր անկնկալվում: Ռուսաստանի պատասխանը չի ուշանում` թեև Ռուսաստանի արտգործանախար Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ «Թուրքիայի հետ ոչ ոք չի պատրաստվում պատերազմել»:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը Սիրիայի «Խմեյմիմ» ավիաբազայում նորագույն զենիթա-հրթիռային Ս-400 համակարգեր է տեղակայելու: Դրանք հնարավորություն կտան ոչնչացնել Սիրիայի օդում հայտնված ցանկացած օբյեկտ: Վտանգն իրապես մեծ է, հենց այդ պատճառով էլ թուրքական ռազմաօդային ուժերը դադարեցրել են թռիչքները Սիրիայի օդային տարածքում: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը` հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրներին:

Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ ռուսական օդուժը ռմբակոծել է Սիրիայի թուրքմեններին «մարդասիրական օգնություն» տանող շարասյունը: Մի շարք աղբյուրներ էլ հայտնում են, որ հատուկ գործողությունների արդյունքում սպանվել է ռուսական ինքնաթիռի կործանումը ծրագրած թուրքմեն գեներալ Ռաշիդ Բագդաշը:

Սա դեռ ամենը չէ: Ռուսաստանը սպառնում է կաթվածահար անել թուրքական տնտեսությունը, որը վերջին շրջանում առանց այն էլ զգալի անկում է ապրել: Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, փակել Ռուսաստանի օդային տարածքը և նավահանգիստները թուրքական կողմի համար, հրաժարվել Թուրքիայի հետ համատեղ ծրագրերից և նրան զրկել ռուս զբոսաշրջիկներից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետը:

Հասկանալու համար, թե սա ինչ հետևանանքեր կարող է ունենալ թուրքական տնտեսության համար, բավական է նշել, որ Թուրքիայի ներքին օգտագործման համար վառելիքի շուրջ 55%-ը մատակարարում է Ռուսաստանը: Տնտեսագետներն արդեն այսօր հայտարարում են, որ ռուսական պատժամիջոցները Թուրքիային կարող են 40-50 միլիարդ ԱՄՆ դոլար արժենալ:

Հավելենք նաև, որ ռուս մի շարք գործիչներ հայտարարում են անգամ Թուրքիայում ներքին դժգոհություններին, մասնավորապես՝ քրդերի անկախ պետություն ունենալու ձգտումներին աջակցելու անհրաժեշտության մասին:

Վերոնշյալը հաշվի առնելով՝ որոշ վերլուծաբաններ խոսում են Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին` մատնանշելով այն հանգամանքը, որ Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ:

Որքանո՞վ է վտանգավոր ստեղծված իրավիճակը:

Ռուսաստանն ու Թուրքիան սիրիական հակամարտության 5 տարիների ընթացքում, ունենալով խիստ իրարամերժ դիրքորոշում ճգնաժամի հարցում, շարունակել են խորացնել տնտեսական համագործակցությունը: Սա վկայում է այն մասին, որ այս երկրներն ի վիճակի են մի կողմ դնել իրենց քաղաքական տարաձայնությունները՝ հանուն տնտեսական շահերի:

Խնդիրը կայանում է նրանում, որ Ռուսաստանն ու սիրիական բանակը մեծապես ակտիվացրել են իրենց գործողությունները Սիրիայի հյուսիսում: Իսկ սա այն հատվածն է, որտեղ Թուրքիան ցանկանում է բուֆերային գոտի ստեղծել: Սա նաև այն տարածքն է, որտեղ տեղակայված են սիրիական թուրքմենների բնակավայրերը: Հենց այստեղ են գործում Թուրքիայի կողմից ֆիանսավորվող զինված խմբավորումները: Հենց սրանով է պայմանավորված Թուրքիայի արգրեսիվությունը:

Ռուսաստանում սա ևս գիտակցում են, և դժվար թե ցանկանան վերջնական փակուղի մտցնել ռուս-թուրքական հարաբերությունները: Այս տեսանկյունից կարելի է ակնկալել, որ երկու երկրների միջև հարաբերություններն առաջիկայում կարգավորման որոշակի միտումներ ցույց կտան: Այս հարցում արդեն դրական տեղաշարժ կա: Էրդողանը Պուտինին առաջարկել է հանդիպել նոյեմբերի 30-ին Փարիզում:

Սա նշանակում է, որ ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացմամբ խիստ ոգևորվածները երկար հրճվելու առիթ չեն ունենալու:  

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: