ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հակաթուրքական պատժամիջոցներ. ի՞նչ վնասներ կկրեն կողմերը

Թուրքիայի կողմից Սիրիայում ռուսական Սու-24 ռմբարկիչի խոցման հետևանքով ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունն արդեն մեկ շաբաթ է չի թուլանում: Այսօր նախատեսվում է, որ Ռուսաստանի կառավարությունը, համաձայն նախագահի հանձնարարականի, կհրապարակի Թուրքիայի գործողությունների դեմ տնտեսական միջոցառումների ամբողջական ցանկը: Մասնավորապես, նախատեսվում է գյուղատնտեսական արտադրանքի և սննդամթերքի որոշ տեսակների ներմուծման արգելք կամ սահմանափակում մտցնել:

Նշենք, որ 2014 թվականին Ռուսաստանի և Թուրքիայի միջև գյուղմթերքների փոխադարձ առևտրի ծավալը հասել է 4 միլիարդ դոլարի, ինչը 19 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա այս ցուցանիշը՝ շնորհիվ Ռուսաստանի՝ Եվրոպայի նկատմամբ կիրառած պատժամիջոցների: Սակայն հարկ է նշել, որ այս ոլորտում համագործակցությունը 2015 թվականին որևէ առաջընթաց չի գրանցել, ավելին, նկատվում է նաև անկում:

Նշենք, որ գյուղատնտեսական արտադրանքից Ռուսաստանը Թուրքիայից հիմնականում ներկրում է արևադարձային մրգեր, լոլիկ: Վերջիններս կազմում են Թուրքիայից Ռուսաստան ներկրվող սննդամթերքի մեկ քառորդը: Ռուսաստանը Թուրքիայից ներկրում է նաև խաղող (10%), արևածաղկի սերմեր (5%), տարբեր մրգերի և բանջարեղենի ոչ մեծ քանակություն, հրուշակեղեն, թարմ ձուկ և սառեցված միս:

Փորձագետները նշում են, որ Թուրքիայից պտուղ-բանջարեղենի ներկրման արգելքի դեպքում վերջիններիս գինը Ռուսաստանում կաճի 7-8 տոկոսով, քանի որ  ռուսաստանցիների օգտագործած մրգերի 11 տոկոսը և բանջարեղենի 5 տոկոսը ներկրված է Թուրքիայից: Նշվում է, որ թուրքական արտադրանքը ռուսական շուկայում փոխարինել իրականում հնարավոր է Ադրբեջանի և Իսրայելի հաշվին, որոնք, սակայն, իրենց արտադրանքն առաջարկում են ավելի բարձր գնով:

Արդյունքում, ռուսական պատժամիջոցներից տուժում է նաև հենց Ռուսաստանը: Այս կապակցությամբ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունն առաջարկել է արգելք չդնել թուրքական ապրանքների ներկրկման վրա, փոխարենը միայն սահմանափակել այն։ Ինչպես նշում է «Ведомости» թերթը, վկայակոչելով ռուս բարձրաստիճան պաշտոնյայի, Ռուսաստանի կառավարությունը մտադիր է սահմանափակել սննդամթերքի հարցում Թուրքիայի դեմ պատժամիջոցները՝ հակվելով զգուշավոր տարբերակի։ Ըստ թերթի աղբյուրի՝ Թուրքիայի հանդեպ կլինեն սննդամթերքի ներկրման ոլորտի սահմանափակումներ, սակայն դրանք կառնչվեն միայն առանձին տեսակների։ Ռուսաստանը մտադիր է առավել զգուշավոր տարբերակ ընտրել՝ հաշվի առնելով առաջիկա տոները։ Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովը մտադիր է գործել պրագմատիկ ձևով, որպեսզի ռուսական տնտեսությանն ապահովագրի Թուրքիայի դեմ պատժամիջոցների վնասակար հետևանքներից։

Նշենք, որ ռուսական Սու 24-ի կործանումից հետո ռուսական կողմը դադարեցրել է դեպի Թուրքիա տուրիստական այցերը: Ռուսաստանցիները միայն նախորդ տարի Թուրքիայում զբոսաշրջության համար ծախսել են 6,6 մլրդ դոլար: Ընդհանրապես, երկու երկրների միջև տնտեսական պատերազմից ավելի շատ կարճաժամկետ հեռանկարում կտուժի Թուրքիան: Հարվածի տակ կհայտնվի նաև շինարարության ոլորտը: Թուրքիայի մասնաբաժինը Ռուսաստանի շինարարական ոլորտում 2014 թվականին կազմել է 35 տոկոսը, ինչը 37 տոկոսով նվազել է 2013 թվականի համեմատ: Այս թիվը 2016 կարող է էլ ավելի նվազել, քանի, որ 2016 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանում թուրքական ընկերություններին արգելվում է աշխատանքի ընդունել Թուրքիայի քաղաքացիներին: Թուրքական կողմի պնդմամբ այժմ Ռուսաստաում աշխատում է 90 հազար թուրք: Մոսկվան նաև որոշում է կայացրել 2016 թվականի հունվարի 1-ից միակողմանի դադարեցնել Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմը, ինչը ևս բացասաբար կանդրադառնա գործարար միջավայրի վրա:

ԶԼՄ-ների գնահատականով երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության դադարեցման արդյունքում կողմերն, ընդհանուր առմամբ, կկրեն ավելի քան 40 մլրդ դոլարի վնաս:

Եվ դա այն դեպքում, եթե Թուրքիան իր հերթին պատասխան պատժամիջոցներ չկիրառի Ռուսաստանի նկատմամբ, ինչն, ըստ վերլուծաբանների, այդքան էլ հավանական չէ՝ հաշվի առնելով, որ Անկարան արդեն բավական բարձր մակարդակով մի քանի անգամ հայտարարել է Ռուսաստանի հետ լարվածությունը թուլացնելու ցանկության մասին: Իսկ ռուսական կողմը, խոսելով Թուրքիայի նկատմամբ սահմանվելիք տնտեսական պատժամիջոցների փաթեթի մասին, նշում է, որ դրանք կախված կլինեն թուրքական կողմի հռետորաբանությունից:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: