ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս-թուրքական հարաբերություններում լարվածությունը անկման միտում ու՞նի

ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիայի ինքնապաշտպանության իրավունքին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Փարիզում կլիմայի փոփոխություններին նվիրված գագաթաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ: Օբաման միևնույն ժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանը և Թուրքիան պետք է միասին աշխատեն երկու երկրների միջև լարվածությունը թուլացնելու ուղղությամբ և ստեղծված իրավիճակը կարգավորեն դիվանագիտական ճանապարհով: «Մենք բոլորս ունենք ընդհանուր թշնամի՝ «Իսլամական պետությունը», և ես ցանկանում եմ համոզվել, որ բոլորս կկենտրոնանանք դրա վրա», - նշել է Օբաման:

Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին Անկարայում խոսում են լարվածության առաջին օրերից՝ փորձելով տարբեր օղակներով շփում հաստատել Մոսկվայի հետ, որը վերջինս, սակայն մերժում է՝ որպես նախապայման նշելով ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի կործանման համար Անկարայի կողմից ներողություն խնդրելը: Սակայն, ինչպես հայտարարել էր Թուրքիայի նախագահ, Անկարան այդ միջադեպի համար չի պատրաստվում ներողություն խնդրել Մոսկվայից: Փոխարենը այդպիսի միջադեպերը կանխելու համար Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն կոչ է արել կապի ռազմական աղբյուր հաստատել Ռուսաստանի հետ, փոխանցում է Reuters-ը:

«Թուրքիան երբևէ կողմ չի արտահայտվել հակամարտություններին ու լարվածությանը։ Մենք հատուկ նպատակ չենք ունեցել ռուսական ինքնաթիռ կործանելու համար։ Այն, որ դա եղել է ռուսական ինքնաթիռ, մենք հետո ենք իմացել։ Մենք մեր սահմանները պաշտպանել ենք դրանք խախտած ինքնաթիռից։ Սիրիայի ճգնաժամը Թուրքիայի ու Ռուսաստանի միջև ճգնաժամ չէ»,- ասել է նա։ 

Դավութօղլուի հայտարարությանն արդեն արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա  նշել է, որ Թուրքիայի հետ տեղեկատվության փոխանակման ռազմական ալիքը Սու-24-ի միջադեպի ընթացքում չի գործել և Ռուսաստանը մեղավոր չէ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ իրականում Թուրքիան, խոցելով ռուսական մարտական ինքնաթիռը, ցանկացել է ապահովել ԻՊ-ից նավթի հետագա անվտանգ մատակարարումը: «Մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ մեր ինքնաթիռը խոցելու որոշումը պայմանավորված է եղել Թուրքիա նավթ հասցնելու ճանապարհները պաշտպանելու անհրաժեշտությամբ»,- հայտարարել է Պուտինը՝ հավելելով, որ խոսքը անօրինական նավթի մատակարարման «արդյունաբերական մասշտաբների» մասին: Պուտինի խոսքերով՝ սիրիական թուրքմենների պաշտպանությունը միայն պատրվակ է:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նաև հայտարարել է, որ ցավում է Մոսկվայի և Անկարայի միջև կառուցողական հարաբերությունները կորցնելու համար: Պուտինի խոսքերով` խնդիրները, որոնք այժմ սրվել են, Ռուսաստանը վաղուց փորձում էր լուծել, այդ թվում՝ խնդրել է դադարեցնել Մոսկվայի դեմ պայքարող ահաբեկիչներին Թուրքիայի տարածքում թաքցնելու սովորությունը: «Ցավոք, մենք չտեսանք մեր մտահոգությունների վերաբերյալ գործընկերային արձագանք»,- հայտարարել է Պուտինը:

Նշենք, որ չնայած երկու երկրների միչև լարվածությունը շարունակում է պահպանվել, սակայն նախորդ շաբաթվա համեմատ երկու կողմերի՝ հատկապես  թուրքական կողմի հայտարարություններում որոշակի մեղմացում է նկատվում: Թուրքիայի վարչապետը նախօրեին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ թուրքական իշխանությունները պատասխան պատժամիջոցներ չեն սահմանի Ռուսաստանի նկատմամբ: Դավութօղլուն հայտարարել է, որ երկու երկրների տնտեսական հարաբերությունները շատ կարևոր են, և Ռուսաստանին կոչ է արել գործել՝ առաջնորդվելով երկու երկրների շահերով։

Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովն իր հերթին հայտարարել էր, որ Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցները կախված կլինեն թուրքական ղեկավարության հայտարարություններից, որոնք, ի դեպ, բավականին մեղմ են:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: