ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2015-ը ԵԱՏՄ-ի համար ավելի շատ խնդիրները հասկանալու, քան դրանք լուծելու տարի էր

2015-ը ԵԱՏՄ-ի համար ավելի շատ խնդիրները հասկանալու, քան դրանք լուծելու տարի էր։ Հայաստանն իր հերթին դեռևս խնդիր ունի մեծացնելու իր դերը ԵԱՏՄ-ում և գնահատելու միությունից օգուտներ քաղելու հնարավորությունները։

Մաքսային միության հիման վրա հունվարին ձևավորված Եվրասիական տնտեսական միությունը 2015թ.-ի ընթացքում բավական բարդ գործընթացների միջով անցավ։ Խնդիր էր դրված ձևավորելու և գործի դնելու ԵԱՏՄ հիմնական ինստիտուտները, համապատասխանեցնելու անդամ երկրների օրենսդրությունները նոր իրողություններին, ադապտացնելու տնտեսական հոսքերը, կոնսենսուսի գալու սկզբունքային հարցերի շուրջ։ Զուգահեռաբար բնականոն այդ գործընթացներին խոչընդոտում էին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև սահմանված փոխադարձ տնտեսական պատժամիջոցները և դրանց արդյունքում տնտեսական ճգնաժամը, ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրաշրջանառության անկումը և այլն։

Քիչ չեն նաև դեռևս Մաքսային միությունից Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև պահպանված չլուծված խնդիրներն ու հակասությունները, որոնք այսօր արտացոլվում են նաև ԵԱՏՄ-ի վրա։ Օրինակ՝ այսօր ամենաակտիվ քննարկվող և հակասություններ առաջացնող խնդիրներից մեկը համացանցի միջոցով գնումների հարկման նվազագույն շեմի բարձրացման խնդիրն է, որի շուրջ չի հաջողվում համաձայնության գալ Բելառուսի հետ։

2015թ․-ին ԵԱՏՄ-ի համար գլխավոր ձեռքբերումը աշխատանքային միասնական շուկայի ձևավորումն էր, ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում աշխատանքային միգրանտներին առաջադրվող պահանջների մեղմացումը, միասնական ստանդարտների սահմանումը և այլն, ինչից մեծապես շահում է նաև Հայաստանը։ Օրակարգային մյուս կարևոր խնդիրը, որի շուրջ ակտիվ աշխատանք է տարվում, միասնական Մաքսային օրենսգրքի մշակումն է։ Քննարկման առարկա է նաև միասնական արժույթի անցումը, որը, սակայն, փորձագետների գնահատմամբ առնվազն 10 տարի պահանջող գործընթաց է, և առաջին քայլը պետք է լինի ազգային արժույթներով առևտրի կազմակերպումը։

Աշխատանքի մյուս կարևոր վեկտորը ԵԱՏՄ արտաքին կապերի զարգացումն է։ 2015թ․ ընթացքում ԵԱՏՄ-ն ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր է կնքել Վիետնամի հետ, բանակցությունները սկսվել են Հնդկաստանի, Իսրայելի, Եգիպտոսի և Իրանի հետ։ Բացի այդ՝ ԵԱՏՄ-ն հանդես է գալիս ԵՄ-ի հետ համագործակցային հարաբերությունների կառուցման նախաձեռնությամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոն նամակ է հղել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին՝ առաջարկելով ձևավորել աշխատանքային խումբ, որը կքննարկի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև մշտական երկխոսության կազմակերպումը։

Հայաստանն իր հերթին դեռևս ամբողջ ծավալով իր վրա չի զգում ԵԱՏՄ հնարավոր օգուտները, ինչը պայմանավորված է թե՛ ենթակառուցվածքային մի շարք խնդիրների լուծված չլինելով, թե՛ տնտեսական վերոնշյալ ճգնաժամով։ Բացի այդ՝ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ մյուս երկրների համեմատ ավելի փոքր տնտեսություն ունեցող երկիր, խնդիր ունի սահմանելու իր ուրույն դերը միության մեջ և մեծացնելու իր դերակատարությունը։ Այդ ուղղությամբ այս տարի արդեն իսկ որոշ քայլեր են ձեռնարկվել, մասնավորապես Հայաստանն առաջարկել է աջակցել ԵԱՏՄ-Իրան բանակցություններին՝ ի նպաստ միության ծառայեցնելով Իրանի հետ համագործակցության իր բազմադարյան փորձը։ Հայաստանն իր զգալի ներդրումը կարող է ունենալ նաև ԵԱՏՄ ներքո ՏՏ ոլորտի զարգացման, փորձագիտական հետազոտությունների կատարման, երիտասարդության համար համագործակցության հարթակների տրամադրման և այլ հարցերում։ Հայաստանն իր կարևոր դերակատարումը կարող է ունենալ նաև ԵՄ-ի հետ ԵԱՏՄ-ի միջև երկխոսության հաստատման պարագայում՝ հաշվի առնելով ԵՄ-ՀՀ երկխոսության փորձն ու ներկայիս ակտիվացումը։

Տարածաշրջանում ԵԱՏՄ-ի, իսկ ԵԱՏՄ ներքո նաև Հայաստանի կշիռը զգալիորեն կմեծանա Հայաստան-Իրանի, ինչպես նաև աբխազական երկաթուղիների վերագործարկման դեպքում։ Այս ուղղությամբ ևս որոշ քայլեր արդեն իսկ արվում են։

2015-ը ընդհանրապես ԵԱՏՄ-ի և մասնավորապես Հայաստանի համար նոր իրողությունները գիտակցելու և նպատակները սահմանելու տարի էր, իսկ հետագա հաջողությունը կախված է լինելու նախաձեռնողականությունից և թափանցիկ ու կառուցողական երկխոսությունից։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    20 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: