ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2015-ը՝ համաշխարհային տնտեսության համար

2015թ.-ը տատանումների տարի էր համաշխարհային տնտեսության համար: Տարվա առաջին հատվածում գլոբալ խաղացողների վերաբերյալ բացասական լուրերը մեծ վնաս հասցրեցին տնտեսական իրադարձությունների բնականոն ընթացքին:

Խոսքը վերաբերում է ԱՄՆ-ին և Չինաստանին: Տարեսկզբին ամերիկյան տնտեսության կողմից ստացված ռիսկերը դարձան բացասական կանխատեսումների առիթ: Մասնավորապես անկայուն էր դոլարի փոխարժեքը:

Դրան անմիջապես հաջորդեց չինական բորսային շուկայում նկատվող անկումները: Այն մասին, որ չինական ֆոնդային բորսան կանգնելու է լուրջ խնդրի առաջ, հայտնի էր արդեն ընթացիկ տարվա ապրիլից, երբ երկրի պատմության ընթացքում առաջին անգամ սնանկացավ Baoding Tianwei ազգային ընկերությունը: Ընկերությունը պարտքեր էր կուտակել, որոնք չկարողացավ մարել:

Մյուս կողմից վերջին ամիսների ընթացքում շրջանառվում էին Չինաստանի Ազգային բանկի կողմից վարկերի տրամադրման ծավալների աննախադեպ աճի մասին լուրերը: Վիճակագրության համաձայն՝ չինական բանկերն ամեն ամիս տրամադրում էին մոտ 200 մլրդ դոլար վարկ, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ պարտքեր: Սրանց գումարվում է նաև չինական ընկերությունների կորպորատիվ պարտքերի ծավալը, որը ձգտում է 14.02 տրլն դոլարի: Պետության պարտքերի նմանատիպ աճը զուգորդվում է ընդամենը 10 տրլն դոլար ՀՆԱ ունենալու հետ, ինչը նշանակում է, որ պարտքերն անցնում են ՀՆԱ գերազանցելիության «թույլատրելիի» սահմանները: Սա արդեն իսկ մեծ ահազանգ էր տնտեսության համար՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ իրավիճակը շատ նման է 1997-ի ասիական և 2008-ի ամերիկյան ճգնաժամերին նախորդող ժամանակահատվածներին: Անհանգստությունների ալիքն առանձնակի թափ ստացավ այն բանից հետո, երբ չինական կառավարությունը սկսեց կտրուկ քայլերի դիմել. մասնավորապես սկզբում արգելեց պետական ընկերությունների արժեթղթերի ձեռքբերումը, իսկ ավելի ուշ իջեցրեց յուանի փոխարժեքը:

Բնականաբար, Չինաստանում ընթացող այս երևույթները չէին կարող իրենց ազդեցությունը չգործել համաշխարհային շուկայի գործընթացների վրա: Բնականաբար, առաջին հարվածը կրողն ամենազգայուն շուկան է՝ ֆինանսականը: Սակայն իրավիճակն ավելի վերահսկելի կլիներ, եթե չլինեին չինական արժեթղթերի շուկայի անկման վերաբերյալ տարատեսակ գնահատականները՝ սկսած յուանի փոխարժեքը ցածր պահելու չինական քաղաքականության իրականացման բնորոշումներից մինչև նախորդ մեծ ճգնաժամերին նախորդող ժամանակահատվածներին բնորոշ գնահատականներից: Ինչևիցե, լավ թե վատ՝ միջազգային շուկաները հարմարվեցին, պայմանական ասած, «չինական հարվածին»:

Սակայն 2015-ի տատանումները միայն սրանով չէին պայմանավորված: Գրեթե ամբողջ տարվա ընթացքում համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռված էր նավթի համաշխարհային գների, ավելի ճիշտ՝ դրանց պատմական նվազագույնի հասնելու փաստի վրա: Տարվա ընթացքում 40 դոլար մեկ բարելի դիմաց «գահավիժած» գներն արդեն դեկտեմբերին գրանցեցին առավելագույն անկում՝ հասնելով մեկ բարելի դիմաց 35 դոլարի: Համաշխարհային տնտեսությունը նավթի գների նմանօրինակ անկման շեմին կանգնեց հիմնական երկու գործոնների միաժամանակյա ազդեցության արդյունքում՝ նավթի համաշխարհային առաջարկի ծավալների աճի և շուկայում սպասվելիք փոփոխությունների ֆոնի, ինչպես նաև ֆինանսական շուկաներում արված սխալ գործարքների հետևանքի: Առաջինի մասով խնդիրն ՕՊԵԿ անդամ-երկրների ու մասնավորապես Սաուդյան Արաբիայի կողմից նավթի արդյունահանման ծավալների ավելացումն էր, ինչը մեծապես պայմանավորված էր Իրանի՝ 2016-ին համաշխարհային շուկա դուրս գալու հետ: Մյուս կողմից՝ Իրանի դուրս գալով ևս նավթի առաջարկի ավելացում է սպասվում, ինչը ևս բացասական ազդեցություն ունեցավ այս տարվա գների վրա: Պետք է նշել, որ դեկտեմբերյան գների կտրուկ անկումը պայմանավորվեց ՕՊԵԿ-ի կողմից սպասված հայտարարության, այն է՝ պիտի սահմանափակվի նավթի արդյունահանման ծավալներն անդամ երկրների կողմից, բացակայությամբ:

Համաշխարհային տնտեսության համախառն ցուցանիշների վրա այս տարի բավական մեծ բացասական ազդեցություն ունեցան նաև ՌԴ և ԵՄ տնտեսությունները: ԵՄ մասով այս տարի իր կուլմինացիային հասավ Հունաստանի տնտեսական ճգնաժամը, որի շուրջ բացասական սպասումները մի փոքր կրճատվեցին միջազգային վարկավորողների կողմից վարկային հերթական տրանշի տրամադրմամբ: Լրիվ այլ է դրությունը ռուսական տնտեսությունում: Մի կողմից միջազգային սանկցիաների, մյուս կողմից քաղաքական լարվածության հետևանքով աշխարհի արևելյան գերտերությունը հայտնվել է տնտեսական դժվարին դրության մեջ՝ նույն իրավիճակի մեջ ներքաշելով նաև իր հետ կապ ունեցող մնացած տնտեսությունները, այդ թվում հայկականը:

Սրանք, թերևս, 2015թ.-ի համար համաշխարհային տնտեսության ամենաակտուալ իրադարձություններն էին, որոնք մասնակի դեպքերում, բնականաբար, ունեցել են տարատեսակ դրսևորումներ:

Չնայած այս ամենին՝ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) սույն թվականի համար ներկայացրել է աճի դրական կանխատեսումներ՝ 3.5%-ի չափով: Առանձին տնտեսությունների մասով ԱՄՀ կանխատեսումները, սակայն, անկում են գրանցել:

Ճապոնիայի տնտեսական աճը 1-ից նվազել է 0,8%-ի, ԱՄՆ 2.2 տոկոսանոց աճի կանխատեսումն այժմ դարձել է 1.5, Մեքսիկայի 3 տոկոսանոց աճը՝ 2.4%: Չինական տնտեսության աճի կանխատեսումը մնացել է անփոփոխ՝ 6.8%, Բրազիլիայի տնտեսության 1.5 տոկոսանոց աճը կրճատվել է՝ դառնալով 1 տոկոս: ՌԴ-ի տնտեսության համար ԱՄՀ-ն կանխատեսել էր 1.1 տոկոսանոց անկում, մինչդեռ ներկայումս սպասվում է 0.2 տոկոսանոց թույլ աճ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 0 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: