ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանն առանց սանկցիաների. իրակա՞ն գնահատականներ, թե՞ չափազանցություն

Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 16-ին Իրանի նկատմամբ ամերիկյան ու եվրոպական սանկցիաները պաշտոնապես չեղարկվեցին: Միջազգային անցուդարձը, փորձագիտական գնահատականներն ու կանխատեսումները կապվեցին հենց իրանական տնտեսության՝ համաշխարհային շուկա վերադարձի հետ: Գնահատականներն ու սպասումները տարբեր են՝ ելնելով այն հանգամանքից, թե ում որքան է ձեռնտու իրանական գործոնի առկայությունը համաշխարհային շուկայում:

Իրանը հակասական ազդեցություն կթողնի նավթի շուկայի վրա

Մինչ սակցիաների կիրառումը՝ 2012թ-ը, Իրանի նավթի արդյունահանման համախառն ծավալները կազմում էին օրվա ընթացքում 3.7 մլն բարել: Ներկայումս իրանական իշխանություններն արդեն կարգադրել են այդ թվին ավելացնել օրական 500 հազար բարել նավթ: Բնական է, որ  սա նավթի շուկայում առկա առաջարկի ավելցուկի պայմաններում բացասաբար կազդի նավթի համախարհային գների վրա: Պետք է նշել, որ նման սպասումներով պայմանավորված բացասական հետևանքներ նավթի շուկան արդեն ապրել է: Դեռևս նախորդ տարվա վերջերից մինչ վերջին մի քանի օրերի ընթացքում նավթի գների շարունակական անկումն, ըստ էության, մասամբ նաև Իրանի կողմից արտահանման ծավալների աճի սպասման հետևանք էր: Հավանական է, որ նավթի գների ևս մեկ համեմատաբար մեծ անկման ալիք է սպասվում արդեն փաստացի արտահանման մեկնարկի հետ կապված: Հենց այդ ժամանակ՝ հավանաբար գարնանը, նավթի գինը մեկ բարելի դիմաց կմոտենա կանխատեսված 20 դոլարի շեմին: Սա կլինի նավթի շուկայում տրամադրությունների սրման վերջին ակորդը, որից հետո շուկան կենթարկվի ինքնակարգավորման, կամ, ինչը ևս հավանական է, կենթարկվի ՕՊԵԿ-ի կարգավորմանը՝ մասնավորապես անդամ երկրների կողմից արդյունահանման ծավալների շուրջ պայմանավորվածության տեսքով:

Մյուս կողմից Իրանի մուտքը շուկա պետք չէ դիտարկել զուտ բացասական տեսանկյունից: Նավթ արդյունահանող երկրները վերջին  գնանկումների արդյունքում դարձել են համաշխարհային տնտեսության խոցելի խմբերը: Դա պայմանավորված է մի շարք գործոններով՝ բյուջեի հաշվարկներով, երկրների եկամտաբերության կտրուկ անկմամբ, այդ երկրների ներսում ինֆլյացիոն երևույթներով, այդ երկրներից կապիտալի արտահոսքի առկայությամբ, որոնք, ի վերջո, հարվածում են համաշխարհային տնտեսության ակտիվության ցուցանիշներին: Այլ է իրավիճակն Իրանի դեպքում, որի համար նախորդ չորս տարիներն այնքան էլ «նավթային» չէին, ուստի ներկայիս նավթի գնանկումն այն ազդեցությունը չունի իրանական տնտեսությանը, ինչ մյուսների դեպքում: Դա նշանակում է, որ նավթի լրացուցիչ պաշարների հետ մեկտեղ շուկա է մուտք գործում կայուն տնտեսություն, ինչն ավելի քան անհրաժեշտ է նավթի խիստ խոցելի համաշխարհային շուկայում հավասարակշռություն պահովելու տեսանկյունից:

Իրանը՝ համաշխարհային ֆինանսական շուկայի խթան

Սանկցիաների չեղարկումը ենթադրում է Իրանի մուտքը միջազգային վճարահաշվարկային համակարգեր:

Բնական է, որ հանդես գալով համաշխարհային առևտրի խաղացող, Իրանին անհրաժեշտ կլինի միջազգային վճարահաշվարկային պարտավորությունների իրականացման մեխանիզմներին մասնակցությունը: Իրանը, հավանաբար, արդեն շուտով կմիանա SWIFT համակարգին: Սա նշանակում է, որ ֆինանսական համաշխարհային ցանցում կհայտնվի կայուն մասնակից, ով անհավասարակշռության ալիքը հանդարտեցնողի դերում կարող է հանդես գալ:

Դիվերսիֆիկացիոն նոր հնարավորություններ

Իրանի մուտքը համաշխարհային շուկա ստեղծում է արդյունավետ դիվերսիֆիկացիայի նոր հնարավորություններ: Իր մոտ 80 միլիոնանոց շուկայով Իրանը կարող է լավ այլընտրանք հանդիսանալ մի քանի ուղղություններով: Նախ Ռուսաստան-Արևմուտք փոխգործակցության ներկայիս փակուղու առկայությունը «տնտեսական կոնֆլիկտի» երկու կողմերին էլ դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության առաջ է կանգնեցրել: Իրանն այս համատեքստում կարող է մեկ զարկով երկու նապաստակ որսացողի դերում հանդես գալ՝ դառնալով և՛ ռուսական, և՛ եվրոպական շուկաներում ազատ թողնված տիրույթները լրացնողը: Հասկանալի է, որ որքան էլ ստեղծված իրավիճակը նպաստավոր է հենց Իրանի համար, վերջինիս պոտենցիալի օգտագործման շահագրգռությունն ավելի շատ մյուսների կողմից է:  

Իրանը հանդես է գալիս նաև՝ որպես օտարերկրյա ներդրումների ազատ դաշտ: Բնական է, որ համաշխարհային տնտեսության ներկայիս պայմաններում, որտեղ անկման ցուցանիշն է բռնել նաև ամենակայուն աճ ցույց տվող չինական տնտեսությունը, միջազգային կապիտալի արտահոսքը կայուն տնտեսություն կլինի բավականին արագ: Իրանն այս առումով հենց այդ կայուն տնտեսությունն է հաշվի առնելով այն հանգամանքը, որ լինելով սանկցիաների ներքո, Իրանական տնտեսությունը զերծ է մնացել նաև վերջին տարիների վայրիվերումներից: ՀԲ կանխատեսումների համաձայն, դեպի Իրան ՕՈՒՆ-երի ծավալները կաճեն 3-3.5 մլրդ դոլարով:

Պետք է նշել, որ այս առումով շարժ արդեն նկատվում է. աշխարհահռչակ ավտոարտադրող Daimler-ն արդեն հայտնել է իրանական շուկա վերադառնալու մասին, իսկ BMW և Volkswagen ընկերությունը սպասում են իրավիճակի գնահատականներին: Ռուսական Ավտովազ, Գազ և Կամազ ընկերությունները նույնպես Իրանում գործարաններ հիմնելու շուրջ բանակցություններ են վարում:

Իրանը շատ բարենպաստ շուկա է ինքնաթիռների համար: Այս առումով Իրանի նկատմամբ մեծացել են եվրոպական ու ռուսական շուկաների հետաքրքրությունները:

Պետք է նաև հաշվի առնել, որ վերջին տարիների ընթացքում Իրանը զարգացրել է նաև իր ներքին տնտեսական ենթակառուցվածքները, և եթե նախկինում աշխարհին հայտնի էին միայն նավթարդյունաբերական արտադրությունն, ապա Իրանն այսօր կարող է հանդես գալ նաև մի շարք այլ ոլորտային ապրանքներով:

Իրանն այսօր համարվում է համաշխարհային շուկայի դերակատարների համար բավական գրավիչ անկյուն ու այստեղ պետք է նշել, որ Իրանի հետ մեկտեղ, բավական բարենպաստ պայմաններում են հայտնվում հարևանությամբ ու Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ գտնվող երկրները, որոնց շարքում առավել աչքի է ընկնում Հայաստանը՝ որպես սանկցիաների կիրառման ընթացքում Իրանի հետ բարեկամական հարաբերությունները պահպանած տարածաշրջանի միակ երկիրը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: