ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեր զինվորներին կարելի է և պետք է վստահել սահմանի պահպանությունը

Որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում այն, որ մեր հասարակությունում այսօր բավականին մեծ տեղ է հատկացվում հայ զինվորին: Իսկ թե ինչպիսին է այսօրվա հայ զինվորի կերպարը, «Արմեդիա» ՏՎԳ-ն փորձել է պարզել վերջիններիս հետ աշխատանքի բերումով հաճախակի շփվող ռազմական փորձագետների հետ:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Արմեդիա»-ի հետ զրույցում հայ զինվորին բնութագրեց մեկ բառով՝ հերոս: «Հայ զինվորի մասին կարելի է շատ խոսել: Ես ամեն օր խոսում եմ այդ մասին: Հայ զինվորն այսօր հերոսաբար իր խնդիրն է կատարում: Շատ քիչ բանակներ կան, որ ունեն նման մարտունակություն», - նշել է Հովհաննիսյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարի խոսնակ Սենոր Հասրաթյանը էլ կարծում է, որ այսօրվա հայ զինվորն աշխարհի ամենալավ զինվորն է. «Հայ զինվորն աշխարհի ամենալավ զինվորն է, ով հաջողությամբ կատարում է իր առջև դրված մարտական առաջադրանքները», - նշել է Հասրաթյանը:

«Այսօրվա հայ զինվորն Արցախյան հերոսամարտի մասնակից հայ զինվորից տարբերվում է միայն ավելի լավ մարտական պատրաստվածությամբ և գիտելիքների ավելի մեծ պաշարով: Հայ զինվորի մարտական ոգին նույն է ինչ որ Վարդան Մամիկոնյանի ժամանակվա հայ զինվորի, Արցախյան հերոսամարտ հաղթած մարտիկի ոգին», - համոզված է ԼՂՀ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, արցախյան հերոսամարտի մասնակից, Արցախի հերոս Ժաննա Գալստյանը:

ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանի կարծիքով հայ զինվորին ճանաչելու համար պետք է լինել պետական սահմանին՝ մարտական հենակետերում: «Արտաքին վտանգը, հայրենիքի սահման պահելու պատասխանատվությունը մեր տղաները լիարժեքորեն գիտակցում են հենց դիրքում: Մինչ զորակոչվելն իհարկե կարելի է ընդհանուր առմամբ պատկերացնել, որ կարևոր առաքելություն ունես բանակում: Քո տունը, քո հողը պահելու գիտակցումն ամբողջական է դառնում դիրքերում, երբ թշնամին կանգնած է դեմ առ դեմ, և գիտես՝ քեզ վստահված է քո հայրենիքի 1-2 կմ, մի քանի 100 մետր, և եթե դու քո բարձունքին չգտնվես, թշնամին կարող է ներխուժել ու վնասել և՛ քեզ, և՛ քո մարտական ընկերներին», - նշել է Ջամալյանը՝ ընդգծելով, որ «բառի բուն իմաստով բարոյապես պատասխանատու, հասուն կայացած զինվոր մենք ունենք հենց դիրքերում»: «Մեզանում մի մտայնություն կա, թե «18 տարեկանը ի՞նչ կռվող է»: Զինվորի կերպարին անդրադառնալիս կցանկանայի նշել, որ դա իրականում թյուր պատկերացում է, քանի որ հենց 18 տարեկաններն են այսօր հիմնականում առաջնագծում պետական սահմանին դիվերսիաներ հետ մղում: Մենք, իհարկե, պայմանագրային հիմունքներով հավաքագրված շատ ստորաբաժանումներ ունենք, բայց հենց 18-20 տարեկանների սխրանքը մեզ համար, ինձ համար, շատ ավելի ակնառու ու թանկ է, ավելի պարտավորեցնող այդ տղաների նկատմամբ: Այսօր կարելի է երկար թվարկել վերջին տարիներին շարքային կամ սերժանտական կազմի ժամկետային զինծառայողների, ովքեր հերոսաբար դիվերսիաներ են հետ մղել, ճիշտ են կողմնորոշվել իրավիճակում, իրենց ընկերների կյանքն են փրկել, հենակետում են եղել, դիրքը չեն լքել, փախուստի են մատնել հակառակորդին», - վստահեցնում է պաշտպանության նախարարի խորհրդականը:

«18-20 տարեկան մեր էրեխեքը բառի բուն իմաստով էրեխեք չեն, զինվորներ են, հայրենիքի պաշտպան են, և հենց իրենց կարելի է և պե՛տք է վստահել պետական սահմանի պահպանությունը», - նշել է Ջամալյանը՝ հավելելով, որ Արցախյան հերոսամարտը հաղթած, հայրենիքն ազատագրած մեր ավագ սերնդի գործը շարունակող հայ զինվորը, հայ սպան, ով իր գործը փառք ու պատվով կատարում է, պետք է համարվի մեր երկրի ամենակարևոր մարդը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: