ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի նպատակները տարածաշրջանում շատ դեպքերում հակասում են ԱՄՆ-ի ծրագրերին. իրանագետ

Միջուկային գործարքի կնքումից հետո Իրանի շուրջ ընթացող զարգացումների մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է իրանագետ Մհեր Բաղդասարյանի հետ:

 

 - Իրանի և միջազգային միջնորդների «Վեցյակի» միջև կնքված միջուկային համաձայնագիրը պաշտոնապես ուժի մեջ է մտել: Ի՞նչ ակնկալել Իրան-Արևմուտք հարաբերությունների զարգացման տեսանկյունից ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական դաշտում:

 - Թեև 1979 թվականին Իրանում տեղի ունեցած Իսլամական հեղափոխության կարգախոսն էր «Ո՛չ Արևմուտք, ո՛չ Արևելք, միայն Իսլամական պետություն», սակայն ժամանակի ընթացքում փորձեր էին արվում որոշակիորեն վերականգնել խաթարված հարաբերությունները: Շուրջ 35 տարի, Իսլամական հեղափոխությունից ի վեր, Իրանը փաստացի գտնվում է տնտեսական և քաղաքական որոշակի շրջափակման մեջ: Արևմուտքի կողմից որդեգրված «պատժամիջոցների քաղաքականությունը» միգուցե հասներ իր նպատակին, եթե գործ ունենային միայն Արևմուտքից Իրանի կախվածության հետ: Սակայն Իրանի տնտեսական հնարավորությունները, բնական պաշարների ծավալը, ընդհանրապես Իրանի կշիռը տարածաշրջանում և համաշխարհային շուկայում իհարկե հանգեցրեցին նրան, որ այսօր ականատեսն ենք լինում Իրան-Արևմուտք հարաբերություններում զգալի և արմատական փոփոխությունների:

Բնականաբար, պետք է նշել նաև այն հանգամանքը, որ այս ջերմացումը տեղի ունեցավ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների լարման ֆոնին, երբ ԱՄՆ-ն այս անգամ արդեն պատժամիջոցներ սկսեց սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինական իրադարձությունների ներքո Ռուսաստանի դիրքորոշման հետևանքով: Պետք է փաստել, որ Արևմուտքի համար անկանխատեսելի հետևանքներ կարող էր ունենալ տարածաշրջանային երկու խոշոր պետությունների հետ պատժամիջոցների լեզվով խոսելը: Բացի այդ՝ վերջին ժամանակներում նկատվում էր Իրան-Ռուսաստան հարաբերությունների ամրապնդում և համագործակցության ոլորտների ընդլայնում, ինչը բնականաբար սկսեց ընկալվել որպես հակաամերիկյան կոալիցիայի ձևավորման սկիզբ: Այս պարագայում արդեն խելամիտ չէր լինի Իրանի հետ շարունակել խոսել ուժի դիրքերից:

Իրանը բավական ակտիվորեն սկսեց օգտագործել ընձեռված հնարավորությունը, որի վառ ապացույցն Իրանի նախագահի եվրոպական այցելություններն էին ու կնքված համագործակցության պայմանագրերը: Մեր կարծիքով առանձնակի կարևորություն են ներկայացնում քաղաքացիական ինքնաթիռների գնման միլիարդանոց պայմանագրերը, որոնք հնարավորություն են տալիս Իրանին վերջապես արդիականացնելու սեփական ավիաընկերությունների քաղաքացիական ինքնաթիռները, որոնք ամերիկյան պատժամիջոցների արդյունքում բավական հնացել էին և Իրանում հաճախակի բնույթ էին ստացել ավիաաղետները:

Շատ կարևոր հանգամանք է նաև էլեկտրաէներգիայի ոլորտում Իրան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան համագործակցության քառակողմ համաձայնագիրը, որը նոր հնարավորություններ է տալիս բոլոր կողմերին, և ընդհանրապես Իրանի ազատ ելքը դեպի միջազգային շուկա: Սակայն միանշանակ խոսել Իրան-Արևմուտք հարաբերությունների ամբողջական կարգավորման մասին դեռ վաղ է: Ներկա փուլում երկու կողմերն էլ կաշխատեն առավելագույն օգուտ ստանալ ընձեռված հնարավորությունից և ամրապնդել իրենց դիրքերն ու տնտեսական հարաբերությունները:

Իրանի քաղաքական և տնտեսական նպատակները տարածաշրջանում շատ դեպքերում հակասում են ԱՄՆ-ի ծրագրերին: Այստեղ կարելի է նաև խոսել Արևմուտք եզրույթի՝ Եվրոպական խոշոր երկրների և ԱՄՆ-ի որոշակի տարանջատման մասին, սակայն սա արդեն այլ թեմա է:

 - Ինչպե՞ս կգնահատեք Իրան-Ռուսաստան ռազմաքաղաքական հարաբերությունների խորացումը: Սա երկու երկրների շահերից բխող փոխգործակցությո՞ւն է, թե՞ հակաարևմտյան դաշինք:

 - Պետք է փաստել, որ Իրան-Ռուսաստան հակաարևմտյան դաշինքի հավանական ստեղծումն արդեն իսկ երկու երկրների շահերից բխող փոխգործակցություն է, մասնավորապես մերձավոր արևելյան տարածաշրջանում: Սակայն ասել, որ Իրանն ու Ռուսաստանը չունեն բախվող շահեր, նույնպես ճիշտ չէր լինի: Ուղղակի առկա մարտահրավերների ընդհանրությունը մերձեցնում է երկու երկրներին՝ դրդելով համագործակցության:

 - Մենք տեսնում ենք, որ Իրանն էականորեն մեծացնում է իր ներգրավվածությունը մերձավորարևելյան (Սիրիա, Եմեն, Լիբանան, Իրաք) հակամարտություններում՝ աստիճանաբար դառնալով հզոր գործոն տարածաշրջանում: Ինչո՞վ է դա պայմանավորված, և արդյո՞ք Թեհրանը կշարունակի Մերձավոր Արևելքում ակտիվ դերակատարում ստանձնելու իր քաղաքականությունը: Ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել այս ուղղությամբ:

 - Գաղտնիք չէ, որ Իրանը, լինելով ամենահին երկրներից մեկը, պատմականորեն ունեցել է մեծ դերակատարություն տարածաշրջանային համարյա թե բոլոր կարևոր զարգացումներում: Երկար տարիներ հենց Իրանն է եղել հզոր գործոնը տարածաշրջանում: Միջազգային պատժամիջոցները որոշակիորեն խանգարում են Իրանին ակտիվ քաղաքականություն վարել, սակայն Իրանը մշտապես ձգտում է անմասն չմնալ իրադարձությունների զարգացումներից, քանի որ ցանկացած արտաքին միջամտություն, պատերազմ տարածաշրջանում Իրանը ընկալում է որպես սեփական անվտանգությանը սպառնացող վտանգ:

Արաբական աշխարհում Սիրիան մնացել էր կարելի է ասել միակ վստահելի գործընկերն Իրանի համար: Այս էր թերևս պատճառը, որ սիրիական ճգնաժամի հենց սկզբից Իրանը փաստացիորեն ներգրավվեց և հակադրվեց Արևմուտքին՝ աջակցելով Ասադի կառավարությանը: Ընդհանրապես Իսլամական աշխարհում Իրանը նպատակ ունի ամրապնդելու իր դիրքերը, իսկ միջազգային հարթակում՝ բարձրացնելու իսլամի վարկանիշը:

 - Կարելի՞ է արդյոք Իրան-Սաուդյան Արաբիա վերջին առճակատումը դիտարկել տարածաշրջանում ակտիվ դերակատարում ստանձնելու Թեհրանի այս ցանկության համատեքստում, թե՞ տարաձայնությունների պատճառն այլ է:

 - Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների լարվածության պատմությունն ավելի հին է, քան Իսլամական հեղափոխությունը: Դեռևս 1970-ական թվականներին, երբ Իրանն ու արաբական թերակղզու երկրներն ակտիվորեն ներգրավված էին միջազգային նավթային շուկայի գործունեությանը, նրանց միջև առկա էր մրցակցություն: 1973 թվականի արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ, երբ արաբական երկրները նավթային էմբարգո հայտարարեցին Իսրայելին և նրան աջակցող Արևմտյան երկրներին, որոշակի զիջումներ կորզելու նպատակ հետապնդելով, Իրանը բացահայտորեն հայտարարեց նավթի պակասը լրացնելու պատրաստակամության մասին: Բնականաբար, դա չէր կարող լարվածություն չառաջացնել: Ժամանակի ընթացքում նավթային շուկայում մրցակցությունն Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև միշտ էլ որոշակի լարվածության առիթներ տվել է, մանավանդ, որ նույն Արևմուտքը ժամանակ առ ժամանակ ինքն էր արհեստականորեն լարում իրավիճակը՝ մրցակցությունը թեժացնելու և այդ թեժացումից սեփական օգուտները կորզելու նպատակով:

Սակայն վերջին շրջանում այս ամենին գումարվեց նաև Իրանի և «Վեցյակի» միջև միջուկային համաձայնագրի կնքումը, որը Սաուդյան Արաբիայի պես նավթ արտահանող երկրի համար կարող էր ստեղծել լուրջ խնդիրներ` հաշվի առնելով նավթի շուկայում ի սկզբանե առանցքային դեր ունեցող Իրանի նորովի, առավել ազատ պայմաններով խաղի մեջ մտնելը:

 - Ինչպիսի՞ն են հայ-իրանական համագործակցության հեռանկարները: Որքանո՞վ է արդարացված Հայաստանում տիրող ոգևորությունը իրանական պատժամիջոցների վերացման կապակցությամբ:

 - Հայ-իրանական հարաբերությունները ձևավորվեցին և սկսեցին զարգանալ երկու երկրների համար բավական բարդ ժամանակաշրջանում, երբ Իրանը նոր էր սկսում վերականգնվել Իսլամական հեղափոխության և դրան հաջորդած իրան-իրաքյան երկարամյա ու արյունալի պատերազմից, իսկ Հայաստանի Հանրապետությունը գտնվում էր պատերազմական վիճակում: Հարաբերությունները զարգանում էին նույնիսկ հակաիրանական պատժամիջոցների ավելացման ու ծանրացման ֆոնին: Այնպես որ այժմ, բնականաբար, երբ Իրանին ընձեռվել են լայն հնարավորություններ միջազգային ասպարեզում նորանոր ծրագրերի իրականացման համար, հայ-իրանական հարաբերությունների համար բավական արգասաբեր շրջան կարող է բացվել՝ տեղափոխելով այդ հարաբերությունները մեկ այլ, ավելի բարձր հարթություն:

Խոսքը Հայաստանի միջոցով այլ երկրներ Իրանի ելքի մասին է: Արդեն կան կնքված միջպետական համաձայնագրեր ու պայմանագրեր էներգահամակարգերի կառուցման ու տարանցման վերաբերյալ: Իրանը պատրաստակամություն է հայտնել ավելացնելու Հայաստան ներմուծվող գազի ծավալը՝ հասցնելով օրական 1 միլիոն խ/մ-ից 5 միլիոնի: Ավելի ակտուալ է դառնում արդեն Հայաստան-Իրան երկաթգծի շինարարության նախագծի իրականացումը, ինչպես նաև Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը: Լայն հնարավորություններ կարող են բացվել Հայաստանի առջև, սակայն մեր կարծիքով շատ կարևոր է այս իրավիճակում Հայաստանի կառավարության կողմից ավելի նախաձեռնող և ավելի համարձակ գտնվելը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: