ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք-իսրայելական հաշտությունը՝ ժամանակի հրամայական

AA photo

Թուրքիայի և Իսրայելի պատվիրակներն այսօր երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպելու են Շվեյցարիայում: Նպատակն է վերջնականապես հաղթահարել 2010 թվականին Մավի Մարմարայի միջադեպից հետո կողմերի միջև առկա լարվածությունը: Իսրայելական պատվիրակությունը գլխավորում է  վարչապետի հատուկ ներկայացուցիչ Յոսեֆ Չեխանովերը, իսկ թուրքական պատվիրակությունը ներկայանալու է փոխարտգործնախարար Ֆերեյդուն Սենիրլիօղլուի գլխավորությամբ, հայտնում է Newsru.co.il-ը:

Թուրք-իսրայելական բանակցությունների մասին հայտնի դարձավ 2015 թվականի դեկտեմբերին: Հարաբերությունների կարգավորման համար Թուրքիան 3 պահանջ ունի՝ պաշտոնական ներողություն Իսրայելից, զոհերի ընտանիքներին փոխհատուցման տրամադրում և Գազայի հատվածի շրջափակման դադարեցում:  Առաջին պահանջն արդեն կատարված է. 2013 թվականին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջնորդությամբ Թել Ավիվը ներողություն խնդրեց Անկարայից, իսկ մյուս երկու հարցերի շուրջ վերջնական համաձայնություն դեռևս չկա: Թեև որոշ աղբյուրների համաձայն Իսրայելը պատրաստ է 20 միլիոն ԱՄՆ դոլար փոխհատուցում տրամադրել:

Հանդիպմանը նախորդած բոլոր իրադարձությունները հուշում են, որ այդ «դժվարին համաձայնությունն», այնուամենայնիվ, կկայանա: Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Անկարայում ընդունել են ԱՄՆ հրեական կազմակերպությունների նախագահների կոնֆերանսի պատվիրակությանը: Կոնֆերանսի փոխնախագահը, ով գլխավորել է իսրայելական պատվիրակությունը, Անկարա է ժամանել անմիջապես Երուսաղեմից: Ինչպես նշում է թուրքական Hurriyet-ը, նա համարվում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի մտերիմ աջակիցը: Daily Sabah-ը եզրակացնում է, որ այս հանդիպումն Իսրայելի հետ «հարաբերությունների հնարավոր ջերմացման վերջին նշանն է»:

Իսկ նման նշաններ վերջին շրջանում հաճախակի կարելի էր տեսնել: Հունվարի սկզբին Էրդողանը հայտարարեց, որ Իսրայելն ու Թուրքիան միմյանց կարիքն ունեն տարածաշրջանում: «Իսրայելը Թուրքիայի նման երկրի կարիքն ունի: Մենք պետք է ընդունենք, որ մենք ևս Իսրայելի կարիքն ունենք: Սա է իրականությունը», - Էրդողանի խոսքերը մեջբերում է Today’s Zaman-ը: Իսրայելական կողմից ևս հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին հայտարարություններ են հնչում: Մասնավորապես, Դավոսում Իսրայելի վարչապետը հայտարարեց, որ բանակցությունները շարունակվում են, և դրանց հաջող ավարտը լավ կլինի բոլորի համար:

Արդյո՞ք կողմերն իսկապես միմյանց կարիքն ունեն տարածաշրջանում:

Գաղտնիք չէ, որ օրեցօր սրվող ռուս-թուրքական հարաբերությունների ֆոնին Անկարան սկսել է նոր գործընկերներ փնտրել էներգառեսուրսների ձեռքբերման համար: Հենց այդ նպատակով պայմանագրեր են կնքվել կամ ակտիվացվել է արդեն իսկ կնքված գործարքների իրականացումը Կատարի և Իրաքյան Քրդստանի հետ: Այս տեսանկյունից Իսրայելը ևս կարող է պետքական լինել Թուրքիայի համար, քանի որ վերջին շրջանում Միջերկրական ծովի իսրայելական հատվածում գազի պաշարներ են հայտնաբերվել: Հետևաբար, էներգետիկ համագործակցությունն այս պահին կարող է երկկողմանի շահավետ գործարք դառնալ: Պատահական չէ, որ հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը, անդրադառնալով այս հարցին, ասել է, որ Թուրքիան և Իսրայելը հարաբերությունների կարգավորումից հետո կարող են էներգետիկ պայմանագրեր կնքել:

Բացի այդ, Թուրքիան փաստացի հայտնվել է տարածաշրջանային մեկուսացման մեջ, և այդ վիճակից դուրս գալու անհրաժեշտության կա: Նույն սիրիական ճգնաժամի հարցում, թեև Թել Ավիվն ու Անկարան տարբեր նպատակներ են հետապնդում, այնուամենայինվ, իրենց գործողությունները համակարգելու կարիք ունեն:

Ինչ վերաբերվում է Իսրայելին, ապա Իսրայելն այսօր տարածաշրջանում և միջազգային հարթակում իրանական աճող ազդեցությունը զսպելու խնդիր ունի: Սա այն հարցն է, որը ստվերում է թողնում անգամ այդքան ձեռնտու էներգետիկ գործարքները:

Բացի այդ, Թուրքիան և Իսրայելը ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության լավ փորձ ունեն:  Թուրքական և իսրայելական ռազմական ընկերությունների միջև տարատեսակ զինամթերքի վաճառքի և արդիականացման շուրջ բազմաթիվ պայմանագրեր են կնքվել: Թուրքիան իսրայելական բարձր տեխնոլոգիական արտադրանքի ակտիվ սպառող է: Կողմերը սերտորեն համագործակցում են նաև ռազմական տեղեկատվության փոխանակման հարցում: Կայուն կերպով զարգանում են առևտրատնտեսական կապերը, անգամ վատթարացած հարաբերությունների պայմաններում:

Այս փաստերը հուշում են, որ թուրք-իսրայելական բանակցությունները շատ մոտ ապագայում հաջող ավարտ են ունենալու: Եվ սա արդեն ժամանակի և իրավիճակի հրամայականն է լինելու: Հենց նման հրամայականներով թելադրված դեռևս 1949 թվականին Թուրքիան դարձավ Իսրայել պետությունը ճանաչած առաջին մուսուլմանական երկիրը: Դե իսկ Իսրայելն էլ մշտապես ձգտել է զարգացնել հարաբերությունները մուսուլմանական երկրների հետ Իսրայելի դեմ արաբական միությունը կոտրելու համար: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 8,23 կմ/ժ
    19 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: