ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զինադադար Սիրիայում՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի գլխավորությամբ

REUTERS/MICHAEL DALDER

Սիրիական հակամարտության մեկնարկից ուղիղ 5 տարի անց Սիրիայի աջակցման միջազգային խումբը համաձայնության է եկել մեկ շաբաթից երկրում հրադադար հաստատելու և զինված գործողությունների գոտիներում գտնվող քաղաքներին անհապաղ մարդասիրական օգնություն տրամադրելու շուրջ: Մյունխենում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Իրանի, բազմաթիվ այլ երկրների, ինչպես նաև ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ԱՊԼ-ի ներկայացուցիչները վերահաստատել են իրենց հավատարմությունը քաղաքական տրանսֆորմացիային, երբ տեղում պայմանները բարելավվեն, հայտնում է Reuters գործակալությունը: 

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մամլո ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ այս որոշումները դեռևս թղթի վրա են, և իրենք սպասում են առաջիկա օրերի զարգացումներին: Քերին հավելել է, որ «առանց քաղաքական տրանսֆորմացիայի հնարավոր չէ խաղաղության հասնել»: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ իր հերթին նշել է, որ զինված գործողությունների դադարեցումը չի տարածվում «Իսլամական պետություն», «Ջաբհաթ Ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների և ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ահաբեկչական ճանաչված այլ կազմակերպությունների վրա, հետևաբար, Մոսկվան չի դադարեցնելու ավիահարվածները: Լավրովը նշել է, որ Ժնևում խաղաղության բանակցությունները սկսվելու են որքան հնարավոր է շուտ, և Սիրիայի բոլոր ընդդիմադիր խմբերը պետք է մասնակցեն դրանց:

TASS գործակալությունն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Մյունխենում կայացած հանդիպումը ձգվել է նախատեսվածից երկու անգամ ավելի երկար՝ շուրջ 5 ժամ: Կողմերին հաջողվել է համաձայնության գալ օրակարգային գրեթե բոլոր հիմնական հարցերի շուրջ, բացի ահաբեկչական ցուցակների հստակեցումից:

Մյունխենի հանդիպմանը, սակայն, չեն մասնակցել սիրիական կառավարության և «չափավոր ընդդիմության» ներկայացուցիչները: Ենթադրվում է, որ զինված գործողությունների դադարեցման հարցում հակամարտող կողմերի վրա պետք է ճնշում գործադրեն նրանց աջակցող ուժերը:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ խոսքը գնում է ոչ թե լիակատար հրադադարի, այլ զինված գործողությունների դադարեցման մասին, թեև դա իրագործելը ևս հեշտ չի լինելու: Այս նպատակով ՄԱԿ-ի հովանու ներքո աշխատանքային խումբ է ստեղծվելու, որի համանախագահներն են լինելու Ռուսաստանն ու ԱՄՆ-ը:

Սիրիական հակամարտության նախորդ 5 տարիների փորձը հուշում է, որ նման սեղմ ժամկետներում Սիրիայում զինադադարի հաստատումը, հատկապես այն դեպքում, երբ դա չի տարածվում զգալի տարածքներ վերահսկող խմբավորումների վրա, այնքան էլ իրատեսական չէ:

Առհասարակ, տպավորություն է ստեղծվում, թե սիրիական ճգնաժամը հասել է որոշակի բեկումնային կետի, երբ իրավիճակը պետք է տանի կամ միջազգային ուժերի ներգրավմամբ ավելի լայն պատերազմի, կամ էլ պետք է գտնվի կարգավորման բանալին: Այս տեսանկյունից հետաքրքրական է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հայտարարությունը: Փետրվարի սկզբին Մոսկվա կատարած այցի ժամանակ, խոսելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար Մերձավոր Արևելքում «չկառավարվող տարածքներից» բխող վտանգների մասին, Քիսիսնջերն ասել է, որ դրանք նույնն են, գրում է Al-Monitor-ը:

Կարո՞ղ է արդյոք այս վտանգը դրդել կողմերին մի կողմ դնել տարաձայնությունները և համատեղ պայքարել Մերձավոր Արևելքում ազգային պետությունների համակարգի փլուզման դեմ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: