ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղազախստանցի հայ ուսանողուհին գիտական թանկարժեք հոդվածները «դարձրել է» անվճար

Ղազախստանաբնակ հայ ուսանողուհի Ալեքսանդրա Էլբակյանը ստեղծել է Sci-Hub կայքը, որտեղից կարելի է գրեթե ցանկացած գիտական աշխատություն ներբեռնել, ընդ որում անվճար` այլ կայքերում դրա համար առնվազն 30 դոլար  է հարկավոր: Կայքն այնքան պահանջված է դարձել, որ խոշորագույն գիտական Elsevier հրատարակչությունը հայց է ներկայացրել կայքի դեմ:

Որոշ գիտական աշխատանքներ այնքան թանկ են, որ մատչելի չեն նույնիսկ Հարվարդի համալսարանի համար, հայտնում է  Panarmenian-ը՝ հղում կատարելով Meduza-ին: Վերջերս 15 հազար գիտնական կոչ էր արել բոյկոտել Elsevier հրատարակչությունը, քանի որ այն աստղաբաշխական գումարներով է վաճառում գիտական աշխատանքները:

Հրատարակչության շահույթը հասնում է մեկ միլիարդի, այն դեպքում, եր գիտնականները հրատարակման համար ոչինչ չեն ստանում: Հաճախ նրանց համար նույնիսկ հասանելի չեն սեփական աշխատությունները, քանի որ իրենց համալսարանը կարող է բաժանորդագրում չունենալ: Որպեսզի Cognition հանդեսը աշխատությունը տեղադրի բոլորի համար հասանելի բաժնում, գիտնականը պետք է ավելի քան 2000 դոլար վճարի: Ընդ որում, հեղինակավոր ամսագրերում հոդվածներ չունենալու դեպքում գիտական աշխարհում անհնար է կարիերա անել:

Որպես հետևանք, գիտնականները (նույնիսկ ամենահեղինակավոր և բարձր վարկանիշ ունեցող արևմտյան բուհերից) ստիպված են հնարքների գնալ անահրաժեշտ աշխատությունները ստանալու համար: Օրինակ, նրանք ստեղծել են հատուկ ֆորումներ, որտեղ խնդրում են գործընկերներին ուղարկել այս կամ այն աշխատությունը: Նույն նպատակների համար Twitter-ում կա «մասնագիտական» հեշթեգ` #icanhazpdf:

Ալեքսանդրա Էլբակյանը, որը սովորել է Ղազախստանի ազգային տեխնիկական համալսարանում, նույնպես այդ խնդրի հետ բախվեց` չկարողանալով գնել թանկարժեք հոդվածները: Եվ նա որոշեց պայքարել դրա դեմ: 2011-ին Էլբակյանը ստեղծեց Sci-Hub կայքը: Կայքի սկզբունքը հետևյալն է. հարցում ստանալով, կայքը ստուգում է, արդյոք անհրաժեշտ աշխատությունն առկա է նույնպես ցանցահենային LibGen կայքում: եթե ոչ, ապա ալգորիթմը շրջանցում է փեյվոլը հրատարակչության կամ անհրաժեշտ ամսագրի կայքում: «Բանալիները» տրամադրում են այն գիտնականները, որոնց համալսարանները միացած են տվյալների այս կամ այն բազային: Ամեն անգամ առաջին անգամ հարցված հոդվածը ավելացվում է LibGen բազային: Հաջորդ հարցման ժամանակ արդեն Sci-Hub-ը հոդվածը պետք է այնտեղից վերցնի:

2015-ի նոյեմբերին Նյու Յորքի դատարանը որոշեց առգրավել sci-hub.org դոմենը: LibGen-ի դոմենը ևս առգրավվեց: Elsevier հրատարակչությունը վստահեցնում էր դատարանին, որ Sci-Hub միջոցով օրական մինչև 1000 աշխատանք է ներբեռնվում: Էլբակյանը պատմել է, որ եթե հաշվելու լինենք բոլոր հրատարակչություններն ու ամսագրերը, ապա ընդհանուր առմամբ խոսքը հարյուր հազարավոր հոդվածների մասին է: Ընդ որում յուրաքանչյուր ներբեռնված հոդվածի հետ կայքերն ավելի անկախ են դառնում` կայքին միայն մեկ անգամ է պետք փաստաթուղթ ստանալ:

Elsevier-ը վնասը գնահատում է 750-150 000 դոլար յուրաքանչյուր ներբեռնված աշխատության համար` այսինքն խոսքը կարող է գնալ միլիարդավոր վնասների մասին: Հավանաբար, ԱՄՆ դատարան ոչ ոք չի ներկայանա` Sci-Hub և LibGen-ի սերվերները գտնվում են Ռուսաստանում և Նիդերլանդներում, իսկ կայքերն արդեն աշխատում են այլ դոմեններով: Էլբակյանը հանդես է գալիս տեղեկատվության ազատ տարածման օգտին: ԱՄՆ դատարանին հասցեագրված նամակում նա քննադատել է Elsevier-ին գիտնականներից գումարներ շորթելու համար:

«Իմաստային առումով ցանցահենությունը տեղեկատվության պատճենումն է, որի դեպքում տեղեկատվությունն ավելանում է, իսկ գողության դեպքում առարկան մի սուբյեկտի մոտից անհետանում է, մյուսի մոտ` հայտնվում: Դրանք սկզբունքորեն տարբեր բաներ են: Բուդդային է վերագրվում բավականին հայտնի արտահայտությունը. «Հազարավոր մոմեր կարելի է վառել մեկ մոմից և նրա կյանքը չի կրճատվի: Երջանկությունը չի պակասում, երբ այն կիսում ես»: Կարելի է հավելել, որ տեղեկատվությունը չի պակասում, երբ այն պատճենում են: Հակառակը` ավելանում է»,-գրել է կայքի հիմնադիրը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: