ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է

Հայաստանը, որպես ԼՂՀ անվտանգության երաշխավոր և ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացի կողմ, մշտապես հանդես է եկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ, քաղաքական կարգավորման օգտին: Լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը չի բխում ո՛չ Հայաստանի Հանրապետության, ո՛չ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերից:

ՀՀ-ն պաշտոնապես չի ճանաչում ԼՂՀ անկախությունը՝ բանակցային գործընթացը չխաթարելու համար, սակայն վերջինիս հետ ակտիվորեն զարգացնում է համագործակցությունը բոլոր ոլորտներում, նպաստում է ԼՂՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը: Արցախի կայուն ու խաղաղ զարգացումը Հայաստանի և հայության առաջնահերթ նպատակներից է:

Բանակցային գործընթացի շրջանակներում Հայաստանն առավելապես հանդես է գալիս ԼՂՀ շահերը ներկայացնողի դերում և ջանքեր է գործադրում վերջինիս ուղղակի ներգրավումը վերականգնելու համար: Ինչպես բազմիցս նշել է ՀՀ նախագահն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Արցախի ապագայի որոշողը լինելու է Արցախի ժողովուրդը: Ուստի, Հայաստանի համար, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում առավել նախընտրելի ելքն Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով  կարգավիճակի հարցի լուծումն է և հետագա կայուն զարգացման համար պայմանների ապահովումը:

Եթե դիտարկենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ՀՀ դիրքորոշումը, կնկատենք, որ Հայաստանը մշտապես համաձայնություն է տվել միջնորդների առաջարկած այն փաթեթներին, որոնք արժանացել են Արցախի համաձայնությանը: Հայկական կողմն առավել զուսպ դիրքորոշում է որդեգրել բանակցային գործընթացում՝ որոշելու հնարավորությունը մշտապես թողնելով ԼՂՀ-ին: Հիշեցնենք, որ կարգավորման փաթեթային և փուլային տարբերակները մերժվել են ԼՂՀ-ի, «Ընդհանուր պետություն» տարբերակն՝ Ադրբեջանի կողմից, Փարիզ-Քի-Ուեսթ բանակցությունների արդյունքներից նույնպես հրաժարվել է Ադրբեջանը: Իսկ 2010թ. Կազանում, երբ արդեն իսկ համաձայնություն էր ձեռք բերվել «Մադրիդյան սկզբունքների» ստորագրման շուրջ, գործընթացը տապալվեց Ադրբեջանի ներկայացրած առաջարկների պատճառով:

Բացի այդ, Հայաստանը ԼՂՀ անվտանգության երաշխավորն է և անհրաժեշտության դեպքում պետք է ցանկացած աջակցություն ցուցաբերի Արցախին՝ անվտանգության վերաբերող սպառնալիքների հաղթահարման համար: Այդ համատեքստում է պետք դիտարկել նաև Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ Անվտանգության խորհրդի ժամանակ ՀՀ նախագահի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ աշխատանք սկսելու վերաբերյալ: Այս փաստաթուղթը կապահովի անհրաժեշտ հիմքեր ռազմական աջակցություն ցուցաբերելու և անհրաժեշտության դեպքում՝ լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու համար: Բացի այդ, այս պայմանագրով նոր մակարդակի կբարձրացվեն ՀՀ-ԼՂՀ հարաբերությունները՝ ևս մեկ քայլ կատարելով դեպի ԼՂՀ անկախության ճանաչում:

Այսպիսով, ռազմական գործողությունների վերսկսումը որևէ կերպ ցանկալի ելք չէ Հայաստանի համար, բայց ինչպես հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մենք «պատրաստ ենք հակառակորդի կողմից սանձազերծված ցանկացած գործողության տալ համարժեք պատասխան, դեռ ավելին»: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: