ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂՀ ճանաչման խնդիրը՝ կրկին հայկական օրակարգում

i1os.com

Մայիսի 5-ին ՀՀ կառավարության նիստում քննարկման կդրվի Արցախի Հանրապետության ճանաչման մասին օրինագիծ, որը ներկայացրել են ընդդիմադիր պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը: «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննար­կում­ների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում՝ արտաքին գործոնները»,  - ասվում է նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության մեջ:

Նշենք, որ սա առաջին անգամը չէ, որ ՀՀ իշխանությունները քննարկում են նման օրինագիծ (Զարուհի Փոստանջյանի կողմից նման օրինագծեր առաջարկվել են նաև 2007, 2013, 2014 թվականներին), սակայն այս անգամ քննարկումները տեղի են ունենում միանգամայն այլ պայմաններում:

Նշենք, որ նախորդ օրինագծերը մերժվել են այն պատճառաբանությամբ, որ ԼՂՀ անկախության ճանաչումը կարող է վնասել բանակցային գործընթացին և պատերազմական գործողությունների վերսկսման պատճառ հանդիսանալ: Այս անգամ ևս, ամենայն հավանականությամբ կառավարությունը հավանություն կտա ոչ թե նախագծին, այլ նախագծի եզրակացությանը, իսկ խորհրդարանի կողմից նախագիծը չի ընդունվի: Այս առնչությամբ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը մայիսի 3-ին հայտարարել է, որ «կառավարության եզրակացության համաձայն՝ ԼՂՀ ճանաչումը պայմանավորվում է իրավիճակի հետագա զարգացումներով: Եթե Ադրբեջանը ծավալի նոր ռազմական ագրեսիա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցը կմտնի օրակարգ»:

 Հայկական կողմը բանակցային գործընթացում ԼՂՀ չճանաչումը ներկայացրել է որպես զիջում, և մշտապես հայտարարել է, որ նման քայլի կգնա Ադրբեջանի կողմից ռազմական կամ այլ արկածախնդրության դեպքում: Իսկ թե ինչու քառօրյա պատերազմը չդարձավ Արցախի անկախության ճանաչման առիթ, պատճառը մեկն է՝ Հայաստանը նախընտրեց իր «զինանոցում» առկա մեկ այլ կարևոր մեխանիզմ, խոսքը գնում է ՀՀ և ԼՂՀ միջև ռազմական փոխօգնության պայմանագրի մշակմանը և կնքմանը: Նման պայմանագիրը, բնականաբար, լիովին այլ հարթություն է տեղափոխում ՀՀ-ԼՂՀ հարաբերությունները՝ ազդելով նաև հակամարտության ֆոնի վրա: Ինչ վերաբերում է ԼՂՀ ճանաչման հնարավորությանը, ապա դա, անշուշտ, դեռևս շարունակում է մնալ որպես առանցքային գործիք, որը կկիրառվի ադրբեջանական կողմի հնարավոր նոր ոչ ադեկվատ ձեռնարկումների դեպքում: Թերևս հենց այս տրամաբանության մասին է խոսել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ քառօրյա պատերազմի ընթացքում ՀՀ-ում ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ. «Ես հրահանգել եմ արտաքին գործերի նախարարությանն՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Եվ այստեղ պետք է նշեմ՝ մեկ անգամ չէ, որ ես հայտարարել եմ, որ եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: 

Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ գոնե այս փուլում ԼՂՀ ճանաչման նախագծի ընդունումը քիչ հավանական է, ինչը պայմանավորված է խնդրի ժամանակային նպատակահարմարությամբ և բանակցային գործընթացի տրամաբանությամբ: Այժմ Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը կնշանակի բանակցային գործընթացի կասեցում և կհաստատի ադրբեջանական կողմից բարձրաձայնվող այն թեզը, թե իբր Երևանը հրաժարվում է խաղաղ կարգավորումից: Ի դեպ, Բաքուն արդեն արձագանքել է Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման նախագծին՝ դա որակելով որպես «սադրանք» և պահանջելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից իրենց վերաբերմունքը հայտնել այդ հարցի նկատմամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: